
Խորհրդարանի այս շաբաթվա աշխատանքը լի էր ոչ միայն օրակարգային ծանր հարցերով, այլև՝ քաղաքական ծանր մեղադրանքներով։ ԱԺ ավարտված նիստը առաջինն էր Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշման հրապարակումից և Հայաստանում բռնի տեղահանվածներին ընդունելուց հետո։ Արցախին և բանակցություններին առնչվող նոր բացահայտումներ եղան նաև վերջին օրերին։ Մեկը հրապարակեց օտարեկրյա մամուլը, մյուսը բացահայտեց Հայաստանի վարչապետը Աժ-ում։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է «Politico» ամսագրի բացահայտումն այն մասին, որ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից ուղիղ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է եղել Ստամբուլում և քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման։ Որպես մասնակիցներ նշվում են Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի անունները։
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հրաժարվել է հանդիպումը բնութագրել որպես «գաղտնի», ինչպես այն բնութագրել էր «Politico»-ն, որն առաջինն էր գրել հանդիպման մասին։ Պատելի ներկայացմամբ՝ Ստամբուլում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հրատապ հումանիտար խնդիրները։ Բայց դրանից երկու օր հետո եղած ագրեսիան և դրա հետևանքը այժմ հիմք է տալիս որոշ դեպքերում չվստահել միջազգային միջնորդներին և նրանց ունեցած աշխարհաքաղաքական շահերին։ Արդյո՞ք վերադասավորումները չեն տեղավորվում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ենթատեքստում, ինչը կարող է վտանգել նաև Հայաստանի Սյունիքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման տեսանկյունից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը ավելի քան հստակ է․
«Սյունիքը ՀՀ սուվերեն տարածքն է։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վիճարկման ենթակա չէ և մենք, որպես ՀՀ ԱԺ, կառավարություն, ամեն բան անելու ենք ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը, սահմանների անվտանգությունը ապահովելու համար»։
Նախօրեին Աժ-ում եղավ ևս մեկ բացահայտում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նա պնդել է, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին իր հայտարարությունները Արցախի իշխանության հետ համաձայնեցված են եղել։ Փաշինյանի այս հայտարարությանը չեն վստահում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Պատրիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Տիգրան Աբրահամյան. «Ես չեմ տիրապետում այդպիսի զրույցի։ Միգուցե, եթե դա եղել է միայն Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի զրույցը։ Իսկ այս փուլում այդ զրույցի հանրայնացումը նույնիսկ կոռեկտ չեմ համարում, որովհետև Արայիկ Հարությունյանը, անկախ իմ՝ նրա նկատմամբ ունեցած քաղաքական գնահատականի, այս պահին գերության մեջ է և, բնականաբար, պաշտպանվելու կամ արձագանքելու հնարավորություն չունի։ Այս իրավիճակում չէի ցանկանա սրա հետ կապված մեկնաբանություն ներկայացնել»։

Արթուր Խաչատրյան. «Ինքը խոսեց նշաձողի մի փոքր իջեցման մասին 22 թվականի ապրիլին, Արցախի իշխանությունները միգուցե հոգու խորքում դժգոհ էին, բայց չարտահայտվեցին։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին ինքը ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ չունենալով որևէ իրավունք՝ հա՛մ Հայաստանի օրենսդրությունն էր դա արգելում, հա՛մ Արցախի ժողովուրդը չէր լիազորել։ Էլի Ղարաբաղի իշխանությունները չընդվզեցին, կրկնեց մայիսին, էլի իշխանությունները չընդվզեցին, խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է»։
Խորհրդարանական մեծամասնության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզված է՝ Փաշինյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը․
«Ինչպես վարչապետը նշեց, ՀՀ-ն իր դիվանագիտական, քաղաքական քայլերը անելիս, որոնք կապված էին ԼՂ, ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման հետ, մշտապես խորհրդակցել և համաձայնեցրել է ԼՂ իշխանությունների հետ։ Այդ թվում նաև այդ հայտարարությունը։ Մնացածն արդեն փաստեր են, որոնք տեղի են ունեցել։ Այդ հայտարարությունից հետո արդեն տեղի են ունեցել կոնկրետ դեպքեր։ ԼՂ–ում տեղի է ունեցել քաղաքական հեղաշրջում, հրաժարվել են երկխոսությունից միջազգային հովանու ներքո երրորդ երկրում, հետո տեղի է ունեցել ռազմական էսկալացիա, հետո տեղի է ունեցել կապիտուլյացիա, հետո գնացել են բանակցել են ոչ թե երրորդ երկրում միջազգային հովանու ներքո, այլ՝ ադրբեջանական Եվլախում։ Սա է իրողությունը և այս իրողություններից պետք է հետևություններն անենք բոլորս։ Այո, բնականաբար, ԼՂ իշխանությունները տեղյակ են եղել այն բոլոր գործընթացներից, որոնք տեղի են ունենում։ Շատ լավ են տեղյակ եղել, չափազանց լավ են տեղյակ եղել։ Եվ վարչապետի երեկվա խոսքին, ըստ էության, հավելելու այլևս որևէ բան չկա»։
Արցախում կատարվածի համար Հայաստանի ներքաղաքական դաշտում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնողներից բացի կա նաև երրորդ կողմը, որի կեցվածքը հարցեր է առաջացնում նաև ընդդիմադիր գործիչների մոտ։ Խոսքը ռուս խաղաղապահների մասին է, որոնց աչքի առաջ տեղի ունեցավ ոչ միայն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու հայ բնակչության տեղահանումը, այլև՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարումը կամ ձերբակալությունը, ինչպես այդ գործողությունները ձևակերպում է Ադրբեջանը։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, օրինակ, սպասելիքներ ուներ Ռուսաստանից․
«Ընդհանրապես մեզ համար հասկանալի չէր ռուս խաղաղապահների պահվածքը թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե հիմա։ Բացարձակապես հասկանալի չէ և ընդունելի չէ, բայց չմոռանանք, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ի՞նչ կարող ենք ակնկալել երրորդ երկրներից»։

Այժմ պատգամավորները համոզված են, նոր փուլում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատրաստվող «Խաղաղության պայմանագրին» ընդառաջ Ադրբեջանը փորձելու է վերաձևակերպել իր պահանջները և ընդլայնել ակնկալիքները Հայաստանից։ Համոզված են, որ փաստաթղթում էական խոչընդոտը ամենևին արցախյան խնդիրը չէր, այլ՝ Հայաստանի «կարմիր գծերին» առնչվող հարցերը։ Պատգամավորների կարծիքով՝ դա է պատճառը, որ վերջին պահին Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա, որտեղ ըստ կանխատեսումների, սպասվում էր որոշակի փաստաթղթի ստորագրում, ինչն էլ կփորձեր կանխել Ադրբեջանի հետագա ոտնձգությունները։




