ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն ցնցված է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից. Շառլ Միշել

Մենք ցնցված ենք Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Միշելն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում հստակ ասել է, որ «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ» և պահանջել է, որ Բաքուն և Երևանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետեւանքները։

«Մի կողմից մենք պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերենք։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել Հայաստանի ցանկությունը՝ ամրապնդել կապերը ԵՄ-ի հետ։ Ես կողմ եմ Հայաստանի և ԵՄ-ի այս մերձեցմանը»,- ասել է Միշելը։

«Երկու տարի առաջ մենք խոստացել ենք Հայաստանին ավելի քան 2 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, և մենք պետք է մեր աջակցությունը տրամադրենք Հայաստանին»,- հայտարարել է Միշելը։

Նա հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ հրաժարվել Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպմանը մասնակցությունից։ «Ես մտադիր չեմ հրապարակայնորեն մեկնաբանել, ես ուղղակիորեն կասեմ նրան, թե ինչ եմ մտածում այդ մասին»,- ասել է Միշելը։

Back to top button