ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի բանաձևին սպասելիս. ի՞նչ մոտեցում կորդեգրի ԵՄ-ն

Եվրախորհրդարանում նախօրեին տեղի ունեցան Արցախին նվիրված քննարկումներ։ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը  հիմնականում  քննադատել են Իլհամ Ալիևի ռեժիմի գործողությունները, միաժամանակ դատապարտել Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը «հուսալի գործընկեր» է անվանել Ալիևին, քանի որ Եվրամիությունը գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Քննարկումների արդյունքն ու, այսպես ասենք, արդյունավետությունը կամփոփվի վաղը ընդունվելիք բանաձևում։ Ինչպիսի՞ փաստաթուղթ կընդունվի՝ ըստ փորձագետների, Կարեն ղազարյանն է ամփոփել։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը չի ակնկալում, որ ԵԽ-ն այնպիսի բանաձև կընդունի, որն ամբողջությամբ կարտացոլի օբյեկտիվ իրականությունը։ Ամփոփելով Եվրախորհրդարանում նախօրեին տեղի ունեցած լսումները՝  քաղաքագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․

«Չեմ կարծում, որ կընդունվի այնպիսի բանաձև, որն ամբողջությամբ կարտացոլի այն իրականությունը կամ այն, ինչը եղել է Արցախում և կա։ Որևիցե կերպ այդպիսի սպասելիք չունեմ»։ 

Եվրախորհրդարանի պատգամավորները բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին։ ԵՄ ղեկավարությանը սա նախօրեին հիշեցրին հենց իրենք՝ պատվիրակները։ Ոմանք անգամ կոչ արեցին պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ:

Մենք զոհաբերեցինք հայերին հանուն «ռեալ պոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել՝ մասնավորապես հայտարարեց եվրախորհրդարանական Ֆաբիո Կաստալդոն։ Ելույթ ունեցած եվրոխորհրդարանականների մեծ մասն արձանագրեց, որ այն, ինչ Բաքուն արել է, էթնիկ զտում է: Առաջարկներ հնչեցին Հայաստանին օգնելու և Եվրամիության առաքելությունը Հայաստանում ընդարձակելու մասին, նաև առաջարկներ եղան Ալիևից պահանջելու, որ ԵՄ առաքելություն աշխատի նաև Ադրբեջանում:

ԵԽ պատգամավորներից ոմանք Եվրամիության գործողությունների փոփոխություն են ակնկալում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կարծիքով՝ ԵՄ-ն ձախողել է միջնորդ լինելու իր  քաղաքականությունը, եւ այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, պետք է գործի առանց հապաղելու։ Եվրախորհրդարանի պատգամավորը ցավով նշել է, որ ԵՄ-ում տարակարծությունն իրականություն է եւ վախ է հայտնել, որ միակարծություն չի լինի Ադրբեջանին պատժելու հարցում։ Նա արձագանքել է նաև հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ն մեղսակից չի դարձել Արցախում էթնիկ զտումներին։  

«Էթնիկ զտումների ականատես լինելն անպայման չի ​​նշանակում մեղսակից լինել դրան, բայց դա նշան է, որ Եվրամիության միջնորդական ջանքերը ձախողվել են: Եվրամիության վերաբերմունքն այլևս չի կարող նույնը մնալ այս օրերին կատարվածի համատեքստում։ Միջնորդ լինելը չի ​​ենթադրում ուժի կիրառման դիմաց պասիվ մնալ։ Ես դառնությամբ եմ նշում, որ ԵՄ-ն վերաբերմունք որդեգրելու հարցում վաղուց տարակարծիք է։ Պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ է անդամ պետությունների միակարծությունը։ Վախենամ՝ այն ձեռք չի բերվի»։

ԵԽ պատգամավորը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու հարցում էլ, Նախիջեւանի նախադեպը հաշվի առնելով, ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է նախաձեռնող լինի եւ չսպասի այնքան, որ արդեն ուշ լինի։

Վաղը ընդունվելիք բանաձևն, իհարկե, այս կամ այն կերպ, պետք է արտացոլի ԵԽ պատգամավորների՝ Արցախին նվիրված քննարկումներում արտահայտված մոտեցումներն ու առաջ քաշած թեզերը։ Ակնկալիքները ձևակերպելուց առաջ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հիշեցնում է քաղաքական գործընթացների բնույթն ու էությունը ճիշտ ձևակերպելու կարևորությունը։

«Մենք երկար ժամանակ շեղվել ենք այն կարևոր բանաձևից, որ իրավունքները ձեռք են բերվում և ոչ թե տրվում են միջազգային կառույցների կամ պետությունների կողմից։ Քանի դեռ մենք շարունակում ենք իրավունքները ցանկանալ, ամրապնդել՝ հիմքում դնելով տալու գաղափարը, որ մեզ պետք է տան, նվիրեն, մենք որևիցե տեղ որևիցե հաջողություն չենք ունենալու»։ 

Հետևաբար, սպասված բանաձևը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք կուզեինք։ Քաղաքագետը չի կարծում նաև, որ ԵՄ գործողություններում փոփոխություններ կլինեն, ինչպես ակնկալում են ԵԽ պատգամավորներից ոմանք։ Սակայն մյուս կողմից, Պետրոսյանի խոսքով, կարևոր է, որ ինչ-որ բանաձևեր այնուամենայնիվ ընդունվեն։  

«Իմ ասածն այն է, որ ոչ թե մենք դրա վրա ուշադրություն չդարձնենք՝ ասելով, որ, միևնույնն է, դա փոփոխության չի բերելու և ոչինչ չանենք։ Հակառակը՝ մենք ողջ թափով դա պետք է անենք,  և երբ ժամանակը գա ու մենք վիճարկենք և փորձենք ստանալ այն, ինչը մերն է, և մենք ունենք դրա իրավունքը, այդ բանաձևերը՝ թղթերը, չափազանց կարևոր նշանակություն են ունենալու մեզ համար, որովհետև մենք գերտերություն չենք, որ նույնիսկ դրան ուշադրություն չդարձնի»։

Իսկ դրա գործարկմամբ խնդիրներ լուծելու հնարավորությունն, ըստ քաղաքագետի, կախված է բացառապես պետության կամ իշխանությունների՝ իրենց առջև դրած նպատակներից։           

Back to top button