ԿարևորՎերլուծական

Ալիևը սպասում է նպաստավոր ժամանակների, արցախյան կոտորածների հիշողությունները դեռ թարմ են․ ինչո՞ւ չեղարկվեց Գրանադայի հանդիպումը

Հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված էր հնգակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵԽ ղեկավարների մասնակցությամբ, սակայն հանդիպումից առաջ Ալիևը հայտնել է այն չեղարկելու մասին։

Փորձագետները դա պայմանավորում են հանգամանքով, որ այժմ ժամանակները նպաստավոր չեն Բաքվի համար և հնարավոր է՝ Արցախում կատարվածից հետո Ալիևից զիջումներ պահանջվեր, ինչը կանխելու համար էլ նա որոշել է հրաժարվել հանդիպումից։

Մինչ փորձագետները փորձում էին հասկանալ, թե ինչ քննարկումներ են ծավալվելու Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպմանը, և թե արդյո՞ք որևէ փաստաթուղթ ստորագրվելու է թե՝ոչ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, որ Ալիևը  հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Որպես հիմնավորում նշվում է «Ֆրանսիայի ոչ կառուցողական պահվածքը»։

Այս հայտարարությանը զուգահեռ նաև տարածվում է մեկ այլ տեղեկություն՝ Էրդողանը ևս չի պատրաստվում մեկնել Իսպանական Գրանադա, պատճառը՝ մրսածությունն է։ Իրականում շեշտվում է մեկ այլ պատճառ՝ Փարիզը և Բեռլինը չեն համաձայնել, որ Փաշինյանի ու Ալիևի միջև նախանշված հնգակողմ  հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիան։

Նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը լրագրողներին հորդորել էր չշտապել հանդիպման հարցում՝ «Հիմա հանդիպման մասին խոսելը վաղաժամ է, մինչև վաղը գիշեր՝ հստակություն կլինի»,- ասել էր նա, բացատրելով, որ ԵՄ-ն փորձում է «2+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի մասնակցությամբ՝ «չնայած տեղում տիրող բավականին լուրջ իրավիճակին, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացի հասնելու» համար:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկնաբանելով Գրանադայի հանդիպումից Ալիևի հրաժարումը նշեց, որ Ադրբեջանի նախագահը կգերադասի գնալ արդեն իրեն հայտնի ու փորձված «հաջողությունների»  ճանապարհով, այն է՝ ռազմական ուղով, քան որևէ փաստաթուղթ ստորագրել։

«Ադրբեջանը բանակցային այս 30 տարվա ընթացքում երբևէ չի եղել իր խոսքի տերը, երբևէ ստորագրած փաստաթղթերի տակ չի ստանձնել այն պատասխանատվությունը, որով ինչ-որ պատասախանատվություն է վերցրել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ամենաթարմ օրինակն է, միշտ խախտել են այդ պայմանավորվածությունները։ Հիմա նույնն է, այսինքն ադրբեջական կողմի համար պետք է այնպիսի փաստաթուղթ լինի, որտեղ հայկական կողմի պահանջները կզրոյացվեն, կլինեն ցուցադրական կետեր, որոնք ըստ էության ոչինչ են։  Եվ այս պարագայում Ադրբեջանի կողմից հրաժարումը իմ խորին համոզմամբ ռազմական ճանապարհով հարցը լուծելն է, հատկապես «Զանգեզուրի միջանցքի հատվածը»։ Մենք կտեսնենք, որոշ ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան կհայտարարեն, որ եթե չտաք ապա կանցկացնենք Իրանով, բայց հետո մեկ ամիս չանցած նորից կպնդեն, որ դա անպայման պետք է լինի առանց Իրանի միջնորդության»։

Գառնիկ Դավթյանը ադրբեջանական պահանջների ցանկում ընդգծում է առնվազն 100 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստանի տարածքներ, անկլավների վերադարձ, ճանապարհների բացում։ Բաքուն ամեն ինչ է ուզում, Հայաստանի վերջը տալու փաստաթուղթ է ուզում։

Իսկ Թուրքիան վաղուց է ձգտում միջնորդ դառնալ տարածաշրջանային հարցերում, հատկապես երբ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի կամ արցախյան խնդրի մասին է, ինչը նշանակում է, որ շատ հավանական է, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից,  քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան դեմ են արտահայտվել բանակցություններում Անկարայի մասնակցությանը։

Քաղքագետ Հրանտ Միքայլեյանն էլ հիշեցնում է, որ բանակցություններից գրեթե միշտ հրաժարվել է Ալիևը, Հայաստանը շատ կառուցողական է այդ հարցում․

«Ադրբեջանը երբեք առանձին խաղացող չի եղել, և Էրդողանի ներկայությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական հարցերում միշտ ազդել է կողմերի միջև հավասարակշռության վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ եվրոպական հանրային կարծիքը կոշտ է տրամադրված Ալիևի դեմ՝ իր ցեղասպան գործողությունների պատճառով։ Եվ պարզ է, որ այս պայմաններում Ալիևը այս բանակցություններում լավ արդյունքի չէր հասնելու, միայն ստիպված է լինելու զիջումներ անել։ Երևի Ալիևը որոշել է սպասել, որ էմոցիոնալ ֆոնը փոխվի, իրավիճակը փոխվի, որպեսզի ինքը մասնակցի այն բանակցություններին, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ են լինելու»։

Գրանադան ուշագրավ է ոչ միայն հոկտեմբերի 5-ի հնգակողմ հանդիպումով, որը արդեն պարզ է՝ չի կայանա, այլև հոկտեմբերի 6-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովով, որում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները առաջիկա ամիսների ընթացքում կորոշեն և կձևավորեն 2024-2029 թվականների ռազմավարական օրակարգը, կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասել է, որ քննարկումներում շոշափվելու են ԵՄ ապագա ընդլայնմանը և դրա հետևանքների, և անդամակցության թեկնածու երկրների հարցեր։

Հաշվի առնելով, որ Ուկրաինան ու Վրաստանը վաղուց են ԵՄ անդամակցության հայտ ներկացարել, նաև ձգտում էին ՆԱՏՕ ընդգրկվել, ինչը որևէ կերպ դեռ չի ստացվում, ադրբեջանագետը վստահեցնում է, որ հնարավոր է նաև Հայաստանի համար որոշակի շահագրգռող հայտարարություններ լինեն, սակայն դրանք զուտ հույսեր արթնացնելու նպատակով կարվեն․

«Քաղաքական կտերի շրջանակներում հոկտեմբերի 6-ի առաջնահերթությունների շրջանակներում քննարկվող փաստաթղթում Հայաստանին շահագրգռող հայտարարություններ, կոչեր  կլինեն, գուցե ինչ-որ պրոցեսներ լինեն իբր զինելու, օգնելու տնտեսական հարցերում, բայց լավ գիտենք, որ թե տնտեսական, թե ռազմական  համագործակցությունները տարիների ընթացքում են ձևավորվում և արյունք տալիս»։

Որոշ հնարավոր գործընթացների ընթացքում Գառնիկ Դավթյանի կարծիքով չպետք է ակնկալել արդյունք մեկ կամ երկու տարում, դա  իրատեսական չէ։ Նա հիշեցնում է Ուկրաինայի, Վրաստանի օրինակները։ Բազմիցս համոզվել ենք, որ եվրոպական կողմի մեծ մասը մոտ 90% ունի միայն հայտարարություններ,  իսկ 10%-ից 5% գործողություն է, 5% դիտում են, թե ինչ է կատարվում, ամփոփում է ադրբեջանագետը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը իմպուսլներ նկատում է ֆրանսիական կողմից, սակայն նշում է, որ միջազգային աջակցության չափը արցախյան կոտորածներից հետո քիչ է․

«Պետք է ճիշտը խոստովանենք, որ այդ աջակցության չափը ցածր է, շատ փոքր թվերի մասին է խոսքը, և որևէ լուրջ աջակցության փաթեթների մասին խոսք չկա։ Այս պահին խոստումները ես շատ լուրջ չէի գնահատի։ Եվ հաշվի առնենք, որ այսօրվա դրությամբ անվտանգային խնդիրներ սկսում են զգալ հենց եվրոպական երկրները և չեմ կարծում, թե իրատեսական է, որ իրենք ներգրավվեն»։

Քաղաքագատը ակնկալում է Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու քայլեր տեսնել, սակայն այս պահին, ըստ նրա՝ այդ մթնոլորտը դեռ չի զգացվում։

Back to top button