Հասարակություն

Այս տարի կվերանորոգվեն երեւանյան 10 զբոսայգիներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 Զբոսայգիները բարեկարգելու քաղաքապետարանի լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս տարվա ծրագրով նախատեսվում է  10-ը զբոսայգի, պուրակ, հանգստյան գոտի բարեկարգել ու վերանորոգել: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի միջոցներով կբարեկարգվի նաև Ստեփանակերտի ազատամարտիկների այգին: 

«Սատուրն» ընկերության միջոցներով Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ արդեն մեկնարկել են Երևանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգին բարեկարգելու աշխատանքները։ Փոքրիկ այցելուների համար այգին դռները կբացի մեկուկես տարի հետո:  «Հիմնական շեշետադրումները դրվելու են ծառուղիների, կանաչապատ սիզամարգերի թարմացման վրա, կմտնեն բարեկարգման նոր հետաքրքիր էլեմենտներ՝ ի դեմս ջրավազանների, ճարտարապետական փոքր ձևերը կթարմացվեն, կարդիականացվեն գոյություն ունեցող մանկական ատրակցիոնները»,- ասում է «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը։

Ոչ միայն կբարեկարգվի զբոսայգին,այլև կվերանորոգվեն այգում  առկա օբյեկտները: Կիսավեր վիճակում գտնվող  միահարկ շախմատի  նախկին դպրոցի շենքը կվերածվի երկհարկանի գեղեցիկ շինության եւ կրկին կծառայի շախմատասերներին։ Այգում գործող ամֆիթատրոնն էլ, «Երևաննախագծի» տնօրենի տեղեկացմամբ,  կձեւավորվի թատերական դեկորացիաներով, իսկ հարևանությամբ գտնվող վարչական շենքը կվերանորոգվի:

Այգիների բարեկարգման այս տարվա ծրագրի մեջ է  նաև Կոմիտասի անվան պանթեոնի և հարակից այգու  բարեկարգումը:   Աշխատանքներն այստեղ արդեն ևս սկսվել են: Նախատեսվում է Պանթեոն մտնող գլխավոր մուտքի մոտ գտնվող շատրվանների հարակից տարածքում հետագայում եկեղեցի կառուցել։ Իսկ նախկին դելֆինարիումի տարածքում կկառուցվի նոր ճանապարհ, որը Իսակով պողոցը կկապի  Արշակունյացին: Այգիների բարեկարգման շարքը շարունակական է` կբարեկարվեն Հաղթանակի զբոսայգին,   Ամերիկյան համալսարանի կից պուրակը,  Ավանում երիտասարդ համալսարանականների համար կառուցվող թաղամասում նոր այգի կկառուծվի, որը հետագայում կունենա փակ լողավազան և մեծ սահադաշտ: Սրանք այգիների բարեկարգման մասին։

Կշարունակվեն նաեւ նորոգվել ճանապարհները։ «Երևաննախագիծ» ընկերությունը  գլխավոր պողոտայի երկու հատվածների` Սարյանից մինչև Մաշտոց փողոցներն ընկած հատվածների վերակառուցման և հարակից տարածքների բարեկարգման ծրագիրն արդեն մշակել է։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել քաղաքային բյուջեի միջոցներով, սակայն քննարկումներ են ընթանում, որպեսզի մասնավոր ֆինանսավորում եւս լինի։ Մշակվել են նաեւ Նալբանդյան ու Հանրապետության փողոցների վերակառուցման և բարեկարգման նախագծերը: Կլայնացվի նաեւ ֆինանսների նախարարությանը հարող մայթը, որը ծառաշատ լինելու պատճառով դժվարացրել է քաղաքացիների անվտանգ անցումը: 

Back to top button