5 մեղադրյալ ու 22 հատոր քրեական գործ․ 15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործը դատարանում է


10 ամիս տևած նախաքննությունից հետո Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում վաղը՝ հոկտեմբերի 4-ին, դատարանը կլսի տարեսկզբին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործը։ Մոտ մեկ ամիս առաջ նախաքննական մարմինն ավարտեց վարույթը․ կա 5 մեղադրյալ ու 22 հատորանի քրեական գործ։ Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն ու նրանց փաստաբան Նորայր Նորիկյանն ահազանգում են՝ քրգործին ծանոթանալու ու առարկություններ ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել։ Ըստ պաշտպանական կողմի՝ 22 հատորը կարդալու ու դիտարկումներ անելու համար ընդամենը 3 օր է տրվել։
«Ասեմ, որ յուրաքանչյուր հատորը պարունակում է շուրջ 300 էջ, այսինքն՝ մեզ տրամադրվել է շուրջ 7000 էջանոց քրեական գործ և, ըստ էության, պահանջ է ներկայացվել, պարտադրվել է, որ այդ 7000 էջին ծանոթանանք 3 օրվա ընթացքում և ներկայացնենք համապատասխան միջնորդություններ։ Մենք հաջորդ օրը հանդիպել ենք քննիչի հետ, պահանջել տրամադրել ողջամիտ ժամկետ գործի նյութերի հետ ծանոթանալու համար, բայց միջնորդությունը մերժվել է քննիչի կողմից»,-ասում է Նորայր Նորիկյանը։
Զոհված զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, հազիվ հասցրել է մի քանի հարյուր էջ կարդալ, բայց այդքանն էլ բավարար է եղել, որ թոռան մահվան հանգամանքները պարզել փորձող քրեական գործի հետ մի շարք անհամաձայնություններ ունենա։
«Ես զարմացած եմ, որ արդեն 10-րդ ամիսն է, թե հետաքննության, թե նախաքննության, թե մյուս բոլոր գործողությունների փուլում մենք ոչ մի արդյունքի չհասանք»։


Տուժող կողմում վստահ են՝ քննություն իրականացնող մարմինն ամեն ինչ արել է գործը օր առաջ դատարան ուղարկելու համար, պնդում են՝ այդպես էլ հունվարի 19-ին՝ հրդեհից ժամեր անց, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական վարկածից բացի այլ վարկած քննության չառնվեց, մինչդեռ զոհերի ծնողները վստահ են՝ հրդեհը չէր կարող միայն վառարանը բենզինով թեժացնելու հետևանք լինել։
«Հնարավոր ամեն ինչ արվեց պետական բոլոր ինստիտուտների կողմից, որ սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտվի, մեղավոր անձանց շրջանակը չբացահայտվի, պաշտոնական վարկածը բյուրեղացվեց ու հրամցրվեց հասարակությանը»,– կարծում է Նորիկյանը։
Զոհերի ծնողներն իրենց ներկայացուցչի հետ դեռ ամիսներ առաջ էին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրել պարզելու համար՝ արդյոք հրդեհի վայրում շմոլ գազը մահացու թունավոր է եղել, կամ արդյոք կարող էին ողջ մնացած զինծառայողները չթունավորվել։ Փորձագիտությամբ պետք է պարզվեր նաև՝ զինվորները տուժել են շմոլ գազի թունավորումից հետո առաջացած այրվածքային շոկի՞ց, թե՞ հակառակը։
«Ինչպես ածխածնի մոնօքսիդով թունավորվելու, այնպես էլ այրվածքներ ստանալու ժամանակ, սկզբնական շրջանում ածխածնի մոնօքսիդի քանակը դեռ չի հասել իր առավելագույն խտությանը, ինչպես նաև այրվածքներից դեռևս չի զարգացել ծանր աստիճանի այրվածքային շոկ, ուստի այդ շրջանում հնարավոր էր, որ զինծառայողը կարողանար կատարել նպատակասլաց ինքնուրույն գործողություններ՝ քայլել, շարժվել, բղավել, օգնություն կանչել և այլն»։
Նորիկյանը մանրամասնում է՝ ստացված եզրակացությունները ոչ թե պատասխաններ են տվել, այլ ավելացրել անպատասխան հարցերը։ Ըստ փաստաբանի՝ հակասություն կա նաև հրդեհատեխնիկական ու պայթունատեխնիկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության մեջ։
«Ձեռք բերված տվյալների պայմաններում, հաշվի առնելով հրդեհի ինտենսիվությունը, սույն փորձաքննության շրջանակներում ձեռք բերել այնպիսի տվյալներ, որոնք հիմք կհանդիսանային հրդեհի առաջացման և տարածման վերաբերյալ այլ մեխանիզմի հիմնավորման կամ ներկայացված մեխանիզմի առավել մանրամասն վերլուծություն կատարելու համար, հնարավոր չէ։ Փորձագետները սևով սպիտակի վրա գրել են, որ հրդեհի ծավալն ու բարդության աստիճանը հնարավորություն չի տալիս բացահայտել՝ կողմնակի այլ ազդեցություն եղե՞լ է, թե՞ չի եղել։ Այլ կերպ ասած՝ փորձագետները չեն հերքել, որ այդ տարածքում հրդեհից բացի եղել է նաև այլ գործողություն»,– ասում է զոհերի ծնողների իրավահաջորդը։
Գործով մեղադրյալներն այս պահին 5-ն են այդ թվում՝ պաշտոնական վարկածով վառարանը բենզինով ենթադրաբար թեժացնել փորձած կապիտան Եղիշե Հակոբյանը և զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը Գոռ Աղեկյանը։ 15 զոհված զինծառայողների ծնողները, սակայն, վստահ են՝ իրական մեղավորներներից շատերն այս ցանկում չկան։ Դատական ատյաններից արդար քննություն են ակնկալում, հակառակ դեպքում, ասում են, պատրաստ են գործը տանել Եվրադատարան։