ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի առաքելությունը մի ողջ ժողովրդի ողբերգություն արձանագրել է «սոփեստաբար», «եզոպոսյան լեզվով». քաղաքագետ

Մեծ ուշացումով ՄԱԿ-ի առաքելությունն ի վերջո հասավ Արցախ։ Դիտորդները խիստ զարմացել են այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը «հանկարծակի» լքել իր տունը, ինչը նաև նրանց «տառապանք է պատճառել»։ Հենց այսպիսի ձևակերպումներ է պարունակում նրանց տարածած հաղորդագրությունը։ «Ամբողջ Արցախում հայ բնակչության թիվն այս պահի դրությամբ կարող է մինչև հազար մարդ կազմել»,-արձանագրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Առաքելության տարածած հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ եղել են միայն Ստեփանակերտում, Աղդամում ու Լաչինի միջանցքում։  Գյուղական բնակավայրեր դիտորդների հասանելիությունը սահմանափակված է եղել։  

Անցած մի քանի ամիսներին ու նաև վերջին օրերին ամենատարբեր երկրներ ու կառույցներ հայտարարություններ տարածեցին, կոչեր հնչեցրին ու դատապարտեցին Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ։ Անօգուտ։ Մեծ ուշացումով ու ընդամենը մեկ օրով Արցախ գնացած ՄԱԿ-ի առաքելությունը Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ չի արձանագրել, համենայնդեպս՝ այն հատվածներում, որտեղ եղել է կամ, ավելի ճիշտ՝ որտեղ նրանց տարել են։ Փոխարենը ՄԱԿ դիտորդները տեսել են, որ Ադրբեջանն աշխատում է քաղաքում բժշկական ու կոմունալ ծառայությունները վերականգնելու ուղղությամբ։ Նրանց հայտնել են, որ «Ղարաբաղում այս պահին 50-1000 էթնիկ հայ է մնացել»։

Դիտորդները, ինչպես իրենք են ձևակերպել, «ապշել են տեղի բնակիչների՝ իրենց տները լքելու հանկարծակիությունից»։ Նրանք ընդգծել են «վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը», հավելելով, որ դրա համար «երկար ժամանակ ու ջանքեր պետք է գործադրել»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի ձևակերպմամբ՝ ՄԱԿ-ի առաքելությունն, իհարկե, արձանագրել է մի ամբողջ ժողովրդի ողբերգություն, բայց արձանագրել են «սոփեստաբար», «եզոպոսյան լեզվով».

 «Ուզում եմ ասել հետևյալը՝ այդ միջազգային կառույցները և այլն, և այլն, դրանք գնահատում են, արժևորում են բացառապես այն ժողովուրդներին, որոնք ապրելու ձգտում ունեն։ Ամեն դեպքում, արձանագրել են, որ մի ամբողջ ժողովուրդ իր տարածքը լքել է։ Սա գոնե փաստ է և հետագայում ինչ-որ ճանապարհով կարելի է այս փաստը օգտագործել և ասել, որ հնարավոր չէ, որ մի ամբողջ ժողովուրդ իր տարածքը ինքնակամ լքի։

Գոնե նրանց արձանագրումը մենք ունենք, որ մի ամբողջ ժողովուրդ այլևս իր հայրենիքում չէ։ Ինքը հայրենիքը լքել է սպանվելու, պատերազմի վտանգի տակ»։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է Արցախում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի իրականացրած զանազան հանցագործությունները։ Այդ մասին Մարուքյանը գրել է X սոցիալական հարթակում։

 «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»։

Արդյո՞ք պաշտոնական Երևանը շարունակելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում բարձրացնել Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը, թե՞ այն հայկական կողմի օրակարգից դուրս է եկել։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն այս հարցին միանշանակ պատասխան չունեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է, որ տասն ամիս շարունակ միջազգային գործընկերներին ասվել է, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում, կոչ է արել ՄԱԿ-ի գործակալություններին գնալ Լեռնային Ղարաբաղ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել, արձանագրել իրավիճակը, բայց այդ հորդորները և կոչերը տեղ չեն հասել տարբեր հանգամանքների բերումով։ Հիմա ՄԱԿ-ի առաքելության արձանագրումները, Խանդանյանի գնահատմամբ, տարակուսանք ու ափսոսանք է առաջացնում․

Խանդանյան. «Էթնիկ զտումը ավերածությունների մասին չէ միայն։ Այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով, 10 ամիս շարունակվող բլոկադայի և ճգնաժամի հետևանքով»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է Հայաստանի հայտարարություններին առ այն, որ Արցախում էթնիկ զտումներ են իրականացվում: Նա լրագրողներին ասել է, որ քանի դեռ ապացույցներ չկան, չեն կարող խոսել ԼՂ-ում էթնիկ զտnւմների մասին։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, մինչդեռ, համոզված է, որ Միացյալ Նահանգնեն ունի բոլոր այդ ապացույցները.

 «Ունի, պարզապես չի տալու՝ գլխավոր պատճառով, որովհետև Արցախի ղեկավարությունը մի ամբողջ պետություն Ռուսաստանի հրամանով հանձնել է։ Էդ պետությունները հետախոզություն ունեն։ Պարզապես Ադրբեջանին հասկացրել են, որ փաստեր, երբ պետք լինի, կհանեն, այդքանով չափավորվի»։

Քաղաքագետը նշում է նաև, որ Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ճանաչելը որևէ կերպ իրավունք չէր տալիս Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնելու։ Նա համոզված է, որ այդօրինակ բացատրությունները կեղծ հիմնավորումներ են՝ թե ռուսական կողմից, թե՛ Արևմուտքից հնչող։    

Back to top button