ԿարևորՀասարակություն

«Հռոմի ստատուտի» նպատակներն ու քողարկված վտանգները․ սկուտեղով ընծա՞, թե՞ արդարադատության նոր գործիք

60 կողմ, 22 դեմ ձայնով Ազգային ժողովն այսօր վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ 7-օրյա ժամկետում նախագահը  կստորագրի այն,կ 60–օրյա ժամկետում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի։ Այսպիսով` Հայաստանը կմիանա այն 123 երկրներին, որոնք արդեն վավերացրել են Հռոմի կանոնադրությունը և կանդամակցի երրորդ միջազգային դատարանին՝ ՄԻԵԴ-ից և Արդարադատության միջազգային դատարանից հետո։      

ԱԺ նիստերի դահլիճում քննարկումն ընթացել է առանց խորհրդարանական ընդդիմության։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են՝  քննարկումից առաջ լքելով դահլիճը և հայտարարելով, որ հարցն օրակարգում հակասահմանադրական ընթացակարգով է ներառվել , բայց դեմ են քվեարկել, ինչպես նախապես հայտարարել էին։   

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կամ ինչպես ընդունված է ասել Հռոմի ստատուտի վավերացման հարցը Հայաստանում քննարկվում է առնվազն երկու հարթություններում՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով  փաստաթղթի վավերացմամբ պետությունը փորձում է միանալ միջազգային իրավական համակարգին, որը ռազմական հանցագործությունների համար ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ ունի։ Տվյալ դեպքում՝ ցանկությունն է պատժել Ադրբեջանին։ ՄԻԵԴ–ում և Արդարադատության միջազգային դատարանում պատասխանող կողմը պետությունն է, անհատական պատիժ այդ ատյաններում նախատեսված չէ։ Թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտին միանալը, պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․

«ՀՀ տարածքը, կարելի է ասել, որոշակի երաշխիք է ստանում, որ տարածքում իրագործված ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Այսինքն՝ առնվազն այն անձանց նկատմամբ, որոնք մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, կունենանք կանխարգելիչ ազդեցություն։ Դա մեկ։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը հիմնավորում է այս տրամաբանությամբ։ Մենք նախատեսում ենք իրավազորության հետադարձ ճանաչում 2021 թվականի մայիսի 10–ից ի վեր։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածից կատարված հանցագործությունները ևս ընկնելու են դատարանի իրավազորության ներքո»։

Պատգամավորները կարևորում են, որ փաստաթղթից հանրային ճիշտ սպասելիքներ ձևավորվեն։ Ռազմական հանցագործները միանգամից պատասխան չեն տալու իրենց արարքների համար։ Սա երկար ճանապարհ է՝ միտված ապագային՝  նշում է Կիրակոսյանը։

Փաստաթուղթը 20 տարի եղել է Հայաստանի պայմանագրային օրակարգում։ Ստորագրվել է, բայց չի վավերացվել։ Եթե քայլը ժամանակին արվեր, ապա Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանությունը կլիներ այն դեպքը, որը կփոխանցվեր Միջազգային քրեական դատարանի ուսումնասիրությանը՝ համոզված է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք ունենք իրավիճակ, երբ 2020 թվականից ի վեր բախվում ենք բազում միջազգային հանցագործությունների՝ ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, հանցագործություններ, որոնք իրենց բնույթով հակաբարոյական են, մենք խոսում ենք դրանց մասին, ձեր եթերները ողողված են նման հայտարարություններով, յուրաքանչյուր քաղաքացի ասում է և որակում է այս արարքները որպես ցեղասպանություն, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն, ռազմական հանցագործություն։ Համացանցը ողողված է ահասարսուռ տեսարաններով, թե ինչպես են ադրբեջանցիք հարվածում և ոտնձգում քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այս ամենով հանդերձ ինձ մոտ զարմանք է առաջանում, թե ինչպես կարելի է դեմ խոսել կամ ինչ–որ վերապահումներ ունենալ մի գործիքի նկատմամբ, որը ստեղծված է նման արարքները կանխելու և նման արարքների համար համապատասխան անձանց պատասխանատվության կանչելու համար»։

Դժգոհությունները ոչ թե իրավական, այլ  քաղաքական և միջպետական հարթությունում են։ Թեև Հայաստանի իշխանությունները պնդում են, որ փաստաթուղթն ընդունվում է վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները պատժելու և հետագա նմանատիպ հանցագործությունները կանխելու համար, բայց Հռոմի կանոնադրության վավերացումը որպես թշնամական քայլ է դիտարկում Ռուսաստանը։

Երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Հռոմի ստատուտը ուղարկել ԱԺ վավերացման, ՌԴ ԱԳՆ–ն բողոքի նոտա հղեց այդ առիթով։ Խնդրի հիմքում Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար։ Այն ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պնդում է, որ միջազգային պրակտիկայում չի եղել դեպք, երբ Կանոնադրության հիմքով գործող նախագահ ձերբակալվի։ Փաստաթղթում կա նաև բացառություններ թույլ տվող հոդված, որը Հայաստանը Ռուսաստանին առաջարկում էր երկկողմ փաստաթղթով ամրագրել, բայց Մոսկվան դեռևս չի արձագանքել այդ առաջարկությունը։

«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավասու է ինքը որոշել, թե որ միջազգային իրավական փաստաթուղթն է վավերացնում և ես համոզված եմ, չեմ համարում, որ ՄԱԿ հովանու ներքո կնքված որևէ փաստաթղթին միանալը կարող է դիտարկվել որպես ակտ, որը կարող է վատթարացնել երկկողմ հարաբերությունները այս կամ այն պետության հետ»։

Չնայած այս պնդումներին ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ի պատասխան Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ինչ պատժիչ գործողություններ կարող է ձեռնարկել Մոսկվան՝  Ռուսաստանի Դաշնություն հայկական ապրանքների մուտքի արգելափակումից մինչև գազի սակագնի թանկացում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանն ի պատասխան նշում է․

«Այս պահի դրությամբ որևէ հիմնավոր պատճառ պնդելու, որ նման քայլեր կլինեն չկա»։

Հռոմի ստատուտի քննարկումը խորհրդարանում ընթացավ  առանց ընդդիմադիր խմբակցությունների։ Նրանք բոյկոտեցին քննարկումը՝ պնդելով, որ փաստաթուղթն ԱԺ է հասել հակասահմանադրական ընթացակարգով։ Ընդդիմադիրները, սակայն, քվեարկությանը մասնակցեցին 22 դեմ ձայնով։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ փաստաթուղթը միայն Ռուսաստանի հետ կապված խնդիրները չի առաջացնում։ Կա նաև Իրան-Արևմուտք հակադրությունը, որը կարող է պարտավորություններ և հետևանքներ առաջացնել։ Կա նաև մեկ այլ հանգամանք՝ ասում է Արծվիկ Մինասյանը։

«Այս համաձայնագիրն ամբողջությամբ վավերացնելը նշանակում է, որ Հայաստանի ներկա և ապագա սերունդներին զրկում ես Արցախը ազատագրելու հնարավորությունից, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, վաղը մյուս օրը ցանկացած գործողություն, որոնք եղել են կամ կլինեն Արցախի տարածքում, իրավական հիմք են տալիս այդ մարդկանց պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար։ Այդ թվում՝ նաև հիմա։ Մեր բարձրաստիճան զինվորականները, քաղաքացիները, որոնք իրականացրել են պաշտպանությունը, այս մարդիկ սկուտեղի վրա հանձնվում են Միջազգային քրեական դատարանին։ Վերջին հայտարարությունը, որ միջազգային քրեական դատարանը իր ամենամեծ ներկայացուցչությունը բացում է Ուկրաինայում, հստակ ցույց է տալիս, որ բոլոր գործողությունները Արևմուտք-Ռուսաստան հակադրության մեջ։ Ինչո՞ւ են այս մարդիկ Հայաստանը ևս մեկ անգամ ներքաշում այս պատերազմի մեջ»։

Ի դեպ, ԱԺ այսօրվա նիստն առաջինն էր Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշումից և Արցախի գրեթե ողջ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների պակաս նիստի ընթացքում չկար։  

Գևորգ Պապոյան. «Դա իհարկե, այնպիսի բան է, որը Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մնալու է հայոց պատմության էջերում որպես խարան և ձեր դեմքին»։

Հայկ Մամիջանյան. «Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչ չի արել երբեք ոչ մեկը»։

Վերադառնալով օրակարգային հարցին՝ նշենք, որ հետխորհրդային երկրներից Հռոմի ստատուտը ընդունել են Տաջիկստանը՝ 2002-ին և Վրաստանը՝ 2004-ին։

Back to top button