ԿարևորՀասարակություն

Պետության առաջարկած կացարաններից ամենաշատն օգտվել են Արարատի ու Կոտայքի մարզերում

Հոկտեմբերի 2-ի տվյալներով Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է  տեղափոխվել 100 520 անձ, նրանցից 89 167–ն արդեն  հաշվառվել է։ Բռնի տեղահանվածների շուրջ 54 տոկոսն օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից։ Արցախցիները հիմնականում տեղավորվել  են  հյուրանոցներում, հյուրատներում, հարմարեցված այլ շենք-շինություններում։ Կառավարությունն ասում է՝ սրանք կարճաժամկետ լուծումներ են, կան նաև միջնաժամկետ առաջարկներ։ Աջակցության ծրագրերից մեկով գործադիրը նախատեսում է յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվարկով ամսական 40 հազար դրամ տրամադրել։ Եվս տասը հազարական դրամ էլ կտրամադրվի՝ կոմունալ ծախսերը հոգալու համար։ Բացառություն են կազմում Հայաստանում անշարժ գույք ունեցող արցախցիները։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բնակության վայր չունեցողներին, նախատեսված է  առաջիկա վեց ամիսների համար։ 

Արցախից բռնի տեղահանված Կարինե Հայրապետյանի բազմանդամ ընտանիքն օգտվել է պետության առաջարկած կացարանից։ Վայքում գրանցվելուց հետո 25 հոգու առաջարկվել է Արտաշատի թիվ վեց մանկապարտեզի շենքը։ Համաձայնել են՝ դրսում չմնալու համար։

«Մի քիչ պայմանները էն չեն, փոքր են մահճակալները։ Գիշերը ժամը չորսին եկանք, մեզ տեղավորեցին այստեղ։ Սննդի մի մասը մենք ենք առնում, մի մասը տալիս են անհատները։ Մեզ հետ վեց տղամարդ կա, մեքենաների մեջ են քնում, քանի որ մահճակալները մանկական են»։

Այս պահին պետությունը հոգում է Արցախից բռնի տեղահանվածների առաջնային ու հրատապ լուծում պահանջող հարցերը։ Նրանց բոլորին կացարաններ առաջարկվում են։ Վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան է  տեղափոխվել  100 520 անձ։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ նրանց երեք քառորդն է հաշվառվել։

«Ժամը երեքի դրությամբ՝ հաշվառվածների ընդհանուր թիվը 89 167 է։ Նրանցից իգական սեռի են 46 139–ը, արական  սեռի են  43028–ը։ 65–ից բարձր տարիքի են  10 700–ից ավելի հաշվառված անձ,  մինչև 18 տարեկան՝ շուրջ 27 հազար»։

Հաշվառվածների թվում 230 հղի ու 2 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ կա։ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն այս պահին դեռ հստակ տվյալներ չունի, թե բռնի տեղահանված անձանցից քանիսը փաստաթուղթ չունի։ Եթե փաստաթղթային խնդիրներ կան, Ղազարյանը հորդորում է դիմել անձնագրային ծառայություններ։ Այստեղ մեր տեղահանված հայրենակիցները ժամանակավոր փաստաթուղթ կստանան՝ աջակցության ծրագրերից դուրս չմնալու համար։  Երևանում Արցախից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ ռեժիմով, ոչ օնլայն գրանցմամբ՝ տեղեկացնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։

Բռնի տեղահանվածները հիմնականում տեղավորվել  են  հյուրանոցներում, հյուրատներում, հարմարեցված այլ շենք–շինություններում։ Պետության առաջարկած կացարաններից ամենաշատն օգտվել են Արարատի մարզում՝ շուրջ 12 հազար մարդ, մոտ 11 հազար արցախցի տեղավորվել է  Կոտայքում, երրորդը Արմավիրն է։ Իրացված կեցավայրերի ամենափոքր թիվը Վայոց Ձորում է։  Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է․

«Փորձում ենք հնարավոր  այնպիսի վայրեր գտնել, որտեղ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար պայմաններ կան։ Այդ գործընթացին զուգահեռ մարզպետարանները այլ կարիքներ նույնպես հոգում՝ սննդի, հիգիենայի պարագաների, եթե կարիք կա՝ հոգում են նաև նրանց առողջապահական խնդիրները»։

Արցախցիների տեղավորման առաջին փուլն, ըստ էության,  ավարտված է, բայց կացարաններում մարդիկ  երկար ապրել չեն կարող։ Կառավարությունը քննարկում է միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր՝ ասում է նախարարը։

«Հատկապես բնակարանաշինական ծրագրերը։ Այս առումով փորձում ենք որոշակի հստակեցնել, թե որ վայրերում ինչ ենթակառուցվածքներ կան, ինչ պայմաններ կան, որպեսզի դա էլ հնարավոր լինի հեշտ անել։ Գործող բնակավայրերին կից գուցե լինեն շենքեր–շինություններ, անգամ չեմ զլանա ասել թաղամասեր կամ փողոցներ։ Քննարկում ենք բոլոր տարբերակները։ Մեր խնդիրը այն է, որ առաջնային տեղակայված վայրերում կարողանանք կարիքները հոգալ, իսկ հետո բոլորին կյանքի համար հարմար պայմաններով կարողանանք ապահովել»։

Արցախից բռնի տեղահանվածների մի  մասն այժմ էլ վարձով բնակարաններ է փնտրում։ Զրուցակցիս բազմանդամ ընտանիքն այս փուլում բնակարանի փնտրտուքի ճանապարհին բազմաթիվ խնդիրների է  հանդիպել՝ վարձավճարի բարձրացումից մինչև անտրամաբանական առաջարկներ

«Հեսա քանի օր է, ընկած չոլերը կացարան ենք ման գալիս, վարձով տուն։ Չենք գտնում, եթե գտնում ենք, դեպոզիտ են ուզում։ 200 հազար դրամ կանխավճար, 200 հազար դրամ դեպոզիտ, որ եթե դուրս գալիս պատերի վրա խազեր լինեն, դրանից հանեն, ամսվա վերջում էլ՝ 200 հազար դրամ տան վարձ։ Ստացվում է մեկ ամսում 600 հազար դրամ։ Բռնի տեղահանվածը ոնց տա էդքան ու նաև ապրի։ Բնակարանների տերերը չորս հոգուց ավելի չեն վերցնում։ Մի անգամ ջղայնացել ու ասել ենք՝ ինչ անենք, ծերերին տանենք ծերանոց, երեխաներին էլ մանկատուն, որ կարողանանք ապրել։ Ասացին՝ հա լավ հնարավորություն է, էդպես էլ արեք»։

Եթե ի վերջո հաջողվի վարձով բնակարան գտնել, պետությունը կհոգա և բնակվարձի գումարը, և կոմունալ ծախսերը։ Սա առաջնային համարվող աջակցության ծրագրերից մեկն է։   Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվարկով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Բացառություն են Հայաստանում բնակարաններ ունեցող արցախցիները։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բնակության վայր չունեցողներին, նախատեսված է առաջիկա վեց ամիսների  համար՝  հստակեցնում է  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

«Չորս հոգանոց ընտանիքը՝ երկու ծնող, երկու երեխա, կունենան 160 հազար դրամ։ Մեր գնահատականներով սա բավարար է, որ կարողանան իրենց  կարիքները հոգալ։ Այս որոշումը ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի, կառավարությունը յուրաքանչյուր մարդու հաշվով կտրվի 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու նպատակով։ Առաջիկայում ձմեռ է, այս չափն այնպես է հաշվարկվել, որ ավելացող ծախսերը նույնպես հոգան»։

Աջակցության  ծրագրերի իրականացման ընթացակարգերը վերջնական տեսքի կբերվեն առաջիկայում։

Back to top button