ԿարևորՔաղաքական

Ինչի՞ շուրջ են բանակցում քաղաք-ուրվական դարձած Ստեփանակերտում

Երկու հանդիպում՝ Եվլախում, մեկ հանդիպում՝ Իվանյանում և այժմ արդեն 4-րդը՝ Ստեփանակերտում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները սկսվել են սեպտեմբերի 21–ից՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մինչ այժմ հայտնի էր, որ Արցախի ներկայացուցիչները Բաքվի հետ բանակցում էին բնակչության հումանիտար խնդիրները լուծելու կամ քաղաքացիների անվտանգ տարհանումը ապահովելու համար։ 4–րդ հանդիպման մասին Բաքուն հայտնեց, երբ դրանից մոտավորապես 16 ժամ առաջ Արցախից վերջին ավտոբուսը 15 ուղևորով հասավ Գորիս։

Առանց բնակիչների, ուրվականների վերածված բնակավայրերի պայմաններում ինչի՞ շուրջ են բանակցելու Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները՝ դժվար է պատկերացնել։ Մանրամասներ դեռ հայտնի չեն, Արցախի իշխանությունները չեն մեկնաբանել այս լուրը։ Բայց մինչ այդ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ, որոնք հիմնականում փրկարարներն են, կմնա Ստեփանակերտում այնքան, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Հանդիպման հիմնական թեման կոմունալ ու տնտեսական հարցերն են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Եթե նախկինում կողմերը հանդիպում էին Եվլախում և Իվանյանում, 4–րդ հանդիպման վայրը ընտրվել է Ստեփանակերտը։ Նախորդ բոլոր հանդիպումներում Ադրբեջանից մասնակցում էր բանագնաց, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, բայց այս անգամ Ստեփանակերտում բանակցություններին արդեն Ադրբեջանը ներկայացնում է այսպես կոչված Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի կառավարական հանձնաժողովի ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտում սխալ են համարում այն տրամադրությունները, որ Արցախի հարցում ամեն ինչ լուծված է և վերջացած։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը համոզված է՝ առաջին քայլերը պետք է սկսենք հենց մեզանից՝ խնդիրները, նպատակներն ու ծրագիրերը ճիշտ ձևակերպելու և սահմանելու համար․

«Իրավիճակը շատ բարդ, խճճված է և շարունակում է բարդ և խճճված լինել, քանի որ Ադրբեջանի նպատակը երբեք Ստեփանակերտը չի եղել, այլ՝ Երևանը։ Եթե մենք ուզում ենք փոխել, փորձենք խոսել, թե ինչ պետք է փոխել, ինչ առաջարկներ կարող են լինել։ Նախ՝ փորձագիտական դաշտը պետք է դուրս գա պոպուլիզմից։  Անընդհատ ու անընդհատ քարոզչական թեզերով կերակրելը մարդկանց, ենթադրենք, որ ամիսներ առաջ մարդիկ հայտարարում էին, որ Ադրբեջանը փակուղու առաջ է, Ալիևը ցուգցվանգի մեջ է, այլևս միջազգային հանրությունը նրան պատին է դեմ տվել և նա այլևս չգիտի՝ ինչ անի, Հայաստանը հզորանում է, Արցախը և այլն, և այլն։ Այս բոլոր հայտարարությունները ստեղծում են կեղծ իրականություն։ Առաջին հերթին շատ կարևոր է, որպեսզի փորձագիտական դաշտը իրականությունը մատուցի։ Պարտադիր չէ միտինգ անել եթերից, պարտադիր չէ լոզունգներ հնչեցնել եթերից, բայց շատ կարևոր է փորձագիտություն բերել դաշտ»։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում է՝ դիվանագիտական դաշտում դեռ անելիքներ կան։ Նա հանդես է եկել առաջարկով․

«Գիտեմ, շատերին թվում է, թե իմ առաջարկածը փրփուրներից կախվել է։ Թեկուզ և փրփուրներից կախվել է, բայց մի բան պետք է անել։ Հավատացեք, դիվանագիտական դաշտում մենք անելիք ունենք և՛ կոնկրետ ղարաբաղյան բանակցությունների հարցում, և՛ գլոբալ հակամարտությունների կոնտեքստում։ Հնարավոր է՝ բանակցություններում արդեն այս պայմաններում նոր օրակարգ առաջարկել։ Ես կարող եմ մեկ, երկու, երեք, չորս, հինգ կետերով ներկայացնել, թե ինչ պետք է անել։ Հիմա այնքան զգայուն են այդ խնդիրները, որ ես չեմ կարող այդ 4–5 կետերը բացել։ Բայց կան այդ ուղիները։ Չենք կարող մենք Արցախ կորցնենք։ Ադրբեջանը որևէ հավակնություն այդ տարածքի նկատմամբ չի կարող ունենալ։ Մենք այդ դուռը պետք է բաց թողնենք և այդ դուռը բաց թողնելու հնարավորություն այսօր կա»։

Օսկանյանի պնդումներով՝ Ադրբեջանի կողմից կալանավորված արցախցի գործիչների հարցով նույնպես հակափաստարկներ կան։ Տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները նրանց հետ հանդիպել են քաղաքական և իրավունքների խնդիր լուծելու համար և երբեք միջազգային միջնորդները չեն խոսել և չեն օգտագործել «ահաբեկչություն» ձևակերպումը, որը այժմ շրջանառության մեջ է դրել Ադրբեջանը։

Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք Արցախից հեռացել են նախկին նախագահները, թե՞ ոչ։ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասին տեղեկությունները հակասական են։ Կար տեսակետ, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցություններում կարող է քննարկվել նաև նրանց՝ Արցախից անվտանգ հեռանալու հարցը։ Ամեն դեպքում ենթադրվում է, որ Արցախի 3 նախագահների և ընդհանրապես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված նորություններն ամենայն հավանականությամբ հայտնի կդառնան առաջիկա օրերին։

Back to top button