ԿարևորՔաղաքական

Նոր առևանգումներր Հակարիի կամրջից ու հերթական հանդիպումը Եվլախում

Ադրբեջանը Հակարիի անցակետում ձերբակալել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Մանուկյանը մեղադրվում է ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման ու պահպանման, զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար։

Հայկական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի ձերբակալության վերաբերյալ։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, առայժմ չեն հաստատել լուրը: Այսօր Reuters գործակալությունը, վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետական» իր  աղբյուրները, գրել էր, որ Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մոտ երկու հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով։ Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական անցակետից ձերբակալվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, իսկ ինքնակամ Ստեփանակերտից Շուշի մեկնած Դավիթ Բաբայանի մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Արցախյան նոր ձերբակալությունների մասին ոչ պաշտոնական լուրերին զուգահեռ Եվլախում մեկնարկել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների արդեն 3-րդ հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ներկա  են նախորդ հանդիպումների մասնակից, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը, արցախյան կողմը ներկայացնում են ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբուրներին խոսում էր մեկ այլ բանակցությունների մասին։ Ըստ ռադիոկայանի՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Նրանց թվում, ըստ ռադիոկայանի, Արցախի երեք նախկին նախագահներն են, նաև նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Վերջինը սեպտեմբերի 28-ին առավոտյան սոցցանցի իր էջում հայտնեց, որ որոշել է Ստեփանակերտից Շուշի գնալ, քանի որ վստահ է, որ ընդգրկված է ադրբեջանական «սև ցուցակում» և գիտի, որ Ադրբեջանը պահանջում է իր հանձնվելը։ Գրառումից ավելի քան 30 ժամ անց էլ հայտնի չէ՝ Դավիթ Բաբայանն արդեն Բաքվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Պաշտոնական Բաքուն և ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ լռում են։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան

Ավելի վաղ Հակարիի կամրջի անցակետից ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին։ Պաշտոնական Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչությանը ֆինանսավորելու, զինված կազմավորումների ստեղծման մեջ մասնակցության ու Ադրբեջանի Հանրապետության սահմանը ապօրինի հատելու մեջ։ Նա 4 ամսով կալանավորվել է։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ապօրինի է՝ Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ու ընդգծել՝ ապօրինի է նաև նախկին պետնախարարին առաջադրվող մեղադրանքը։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ այդ թվում ներգրավի նաև միջազգայն գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատեն գերությունից։ Ինչպիսի ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչպիսի քրեադատավարական պրոցեսներ էլ սկսեն Ռուբեն Վարդանյանի դեմ, պարզ է, որ դա ուժի ու ճնշման ներքո է և չի կարող հիմք հանդիսանալ ինչ–որ արդարադատություն իրականացնելու համար։

Խաչատրյանը Ադրբեջանի գործողությունները որակել է որպես հաշվեհարդար ու վստահեցրել, որ ամեն ինչ անելու են Ռուբեն Վարդանյանին ու Հայաստանի քաղաքացիներին օր առաջ հայրենիք վերադարձելու համար։ Նույն պահանջով իշխանություններին են դիմել նաև հայ ու արտասահմանցի հասարակական գործիչներ։

«Ինտերի» կիսապաշտպան, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան

«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին»,– սոցցանցային իր էջում գրել է «Ինտերի» կիսապաշտպան, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ շեշտելով, որ քանի դեռ որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:

«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության համահիմնադիրը, որը կոչ է անում խաղաղության քարոզման և ամբողջ աշխարհի մարդկանց հնարավորություն է տալիս ստանալ կրթություն և առողջական ապահովագրություն»,– գրել է Մխիթարյանը։

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը իր աջակցությունն ու երախտագիտությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, ընդգծել, որ պետք է ամեն ինչ անել նրա շուտ ազատ արձակման համար։ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին նշել է, որ խորապես ցնցված է ձերբակալության փաստից։

«Երբ 2015 թվականին՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, ես ու հայրս հանդիպեցինք Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին ու նրանց պատմեցինք Հայաստանում հիմնադրամ ստեղծելու մեր մտադրության մասին, Ռուբենն իր և իր թիմի ողջ ներուժը ներդրեց՝ օգնելով մեզ ամենասեղմ ժամկետներում հիմնել «Ազնավուր» հիմնադրամը։ Եվ մենք բնավ միակը չենք, ում Ռուբենն օգնել է, ու նրա շնորհիվ մենք միացել ենք Հայաստանում հաստատված սփյուռքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների՝ փորձելով ավելի լավ ապագա կառուցել մեր երկրի համար»,-գրել է Նիկոլա Ազնավուրը։

Արցախի նախկին պետնախարարին իրենց աջակցությունն են հայտնել նաև մարդասիրության համաշխարհային առաջնորդներ ու Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրները։ Ի աջակցություն Ռուբեն Վարդանյանը վաղը՝ սեպտեմբերի 30-ին երթ կանցկացվի Երևանում․ «Ավրորա» մարդասիրական կազմակերպության նախաձեռնությունը «Ռուբեն, քեզ հետ ենք» խորագիր է կրում․ կազմակերպիչներն ընդգծում են՝ սա լավ առիթ է բարձրաձայնելու և պահանջելու առևանգված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

Back to top button