ԿարևորՀասարակություն

Բռնի տեղահանվածների հոսքը նվազում է․ աջակցության ծրագրերը մշակվում են

Կեցության վայրեր մեկնել հաշվառվելուց հետո․ Հայաստանի կառավարությունը  Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում է տվյալները թողնել կոորդինացիոն բոլոր կենտրոններում ու հաշվառման կետերում։ Վերջին տվյալներով՝ արդեն Հայաստան է ժամանել շուրջ 93 հազար արցախցի։ Այսօր նախորդ օրերի համեմատ մարդկանց հոսքը նվազել է։  Կառավարությունն  այս ընթացքում արցախցիների կարճաժամկետ ու երկարաժամկետ աջակցության  ծրագրեր է մշակում։ Առաջիկա օրերին կսկսվի օգնության առաջին փաթեթների տրամադրումը։

Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքում իրականացվում է կարիքի նախնական գնահատում, հաշվառումն էական գործընթաց է՝ հետագա սոցիալական աջակցության ծրագրերը թիրախային դարձնելու տեսանկյունից:Մինչ դրանք կհաստատվեն, այս պահին հստակ է, որ կառավարությունը միանվագ 100 հազարական դրամ գումար կտրամադրի բռնի տեղահանված յուրաքանչյուր արցախցու։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցնում է․ «Այս միանվագ աջակցությունը կստանան բոլորը։ Անկախ տարիքից՝ բոլորը կստանան։  Շատերի անհատական տվյալները կան, ովքեր չկան, կհաշվառենք ու կտրամադրենք գումարը»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ բանկային քարտեր ունեցողները աջակցությունը կստանան միանգամից։ Բայց կան նաև մարդիկ, որոնք չունեն բանկային քարտեր, նրանք պետք է հաշվառվեն, նույնականացվեն միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներում։

«Շատ կարևոր է, որ բոլորը մաս դառնան այդ հաշվառման գործընթացի։ Համայնքներում, մարզպետարանները հասցեները հրապարակել են, միասնական սոցիալական ծառայություններում պետք է հաշվառվեն։ Այստեղ կարող են նույնականացվել նաև մեր  այն հայրենակիցները, որոնք չունեն անձնագիր կամ որևէ փաստաթուղթ»։

Նրանց տվյալները պետռեգիստրից կհանվեն, ինքնանույնացման գործընթաց կկատարվի, մարդկանց  տեղեկանքներ  կտրամադրվեն ու Հայփոստի բաժանմունքներից կստանան աջակցությունը։ Գումարները կտրվեն՝  ըստ թիրախային խմբերի, դրանք առաջիկայում կհրապարակվեն։ Երեխաների տվյալները լրացնելու համար էլ առանձին հարթակ են գործարկելու՝ ասում է  Մկրտչյանը։ Վերջին տվյալներով՝ արդեն Հայաստան է  ժամանել շուրջ  93 հազար բռնի տեղահանված։ Նրանցից  շուրջ  63 հազարն է հաշվառվել։ Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ։ Արագածոտնում կեցություն է  հաստատել 976, Արարատում  6031 Արմավիրում՝  2124, Գեղարքունիքում  2147, Լոռիում՝ 1187,Կոտայքում՝ 5323, Շիրակում՝  897, Սյունիքում՝  2050, Վայոց ձորում՝ 1555, Տավուշում՝ 1183 Արցախից բռնի տեղահանված։ 

Հայաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝  հաշվառվածների շրջանում ամենամեծ թվով տեղահանվածները Ստեփանակերտից են, ապա Մարտակերտից, Ասկերանից ու  Մարտունուց։ Տվյալները նույնպես ժամ առ ժամ փոխվում են։ Ղազարյանը հստակեցնում է, որ հաշվառումն իրականացվում է 2 փուլով, առաջինը՝ անձնական տվյալների հավաքագրումն ու նույնականացումն է:

«Սա շատ էական գործընթաց է՝ հետագայում բոլոր տիպի աջակցությունները, իրականացող ծրագրերը թիրախային դարձնելու համար: Առաջին իսկ օրվանից Կոռնիձորի հումանիտար կայանում իրականացվել է հաշվառվում: Սակայն հետագայում, երբ մարդկանց հոսքը մեծացել է, Կոռնիձորի կայանի նպատակայնությունը փոխվել է, և հաշվառման գործընթացն այնտեղ դադարեցվել է: Առաջին օրվանից հաշվառում իրականացվում է Գորիսում, չի դադարեցվել: Վայքում ևս բացվել է համապատասխան հումանիտար կայանը»։

irazekum.am կայքում ևս հրապարակված է բոլոր մարզերում հումանիտար կենտրոնների ցանկը: ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կարող են հաշվառվել նաև բոլոր հումանիտար կայաններում: Սոցիալական հետագա ծրագրերը բխելու են  անձանց նույնականացման և կարիքների գնահատման տվյալներից:

Back to top button