

Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել Լեռնային Ղարաբաղ մոտակա օրերի ընթացքում՝ ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Այս պահին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթ է տեղի ունենում՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի նախորդ ամիսների խցանման հետևանքով։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան են գտնում Հայաստանում»,- հայտարարել է Ստանոն։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում գտնվողներին, ինչպես նաև այնտեղից հեռացածներին շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ապահովելու անհրաժեշտությունը։
«Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը», — ասել է խոսնակը։
Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել՝ նշել է ԵՄ ներկայացուցիչը։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը: Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածաշրջան առաջիկա օրերի ընթացքում»,- ասել է Ստանոն:
«Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ պորտալի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել զարգացումներին»,- եզրափակել է նա։