ԿարևորՀասարակություն

Հարավային Կովկասում տեղակայվել է ԱՄՆ ՄԶԳ աղետների արձագանքման խումբը. Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարություն է տարածել, նշել, որ այս շաբաթ այցելել է Հայաստան՝ անձամբ շփվելու այն մարդկանց հետ, ովքեր սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի խմբերի և Հայաստան փախած ավելի քան 50 հազար մարդու անվտանգությամբ: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ ընդունում է նոր ժամանածներին և օգնում նրանց ապաստան գտնել, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքների բավարարման ուղղությամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է աղետների արձագանքման խումբը՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

Անցած շաբաթ տեղի ունեցած անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է խորացրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Ինն ամվա ընթացքում Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարևոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի և առևտրային մատակարարումները, և դրանց սուր պակաս էր ստեղծել:

Լաչինի միջանցքը պետք է մնա ամբողջությամբ և մշտապես բաց, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան դուրս գալ և վերադառնալ, կարողանա մուտք գործել սննդամթերք, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեղում տեսնել և բավարարել կարիքները: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր երկրում մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները և ապահովի, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հաշվի առնելով կարիքների մասշտաբները՝ այս շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեց 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Հարավային Կովկասում շարունակվող ճգնաժամից տուժած բոլոր համայնքներին աջակցելու համար: Սա ի լրումն ավելի քան 23 միլիոն դոլարի, որը ԱՄՆ-ն որպես մարդասիրական օգնություն է տրամադրել 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի: Այս միջոցները կօգտագործվեն բոլոր կարիքների համար՝ սննդից մինչև հոգեբանական և սոցիալական աջակցություն, որպեսզի օգնեն հաղթահարել բռնության և բնակչության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած վնասները»,- նշված է Փաուերի հայտարարության մեջ:

Back to top button