
«Հայրենիքը մեկ ճամպրուկում չի տեղավորվում, իսկ տանս բանալիները չեմ նետի, կպահեմ ի նշան իմ չդադարող պայքարի»։ Արցախցի մեր հայրենակիցների վերջին գրառումները իրենց տներից հեռանալուց առաջ։
30 տարվա ամենացավոտ լուրը, կամ պատմական հրամանագիր՝ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Լրահոսում հայտնված հրամանագիրը կարդացի մի քանի անգամ, հետո նայեցի պաշտոնական հաղորդագրություններն ու հասկացա, որ իրական է։ Դժվար, անչափ դժվար է իրականությունն ընդունելը։ Արցախի նախագահի հրամանագիրն ամբողջացրեց վերջին օրերի պատկերը։
Արցախցիները հարկադրաբար լքում են իրենց տները, հայրենիքը, կորցնում մանկության թելը, այն վայրերը, որտեղ առաջին անգամ համբուրվել են, սիրել, արարել ու ընտանիք ստեղծել։ Այս օրերին նրանք ամենատարբեր գրառումներ են անում սոցցանցերում, պատմում իրենց տանն անցկացրած վերջին վայրկյանների մասին․
«Ուզեցի տունս վառեմ, սիրտս չտվեց, ամաններս լվացի, դասավորեցի, ոնց որ հյուր պիտի գար… Կարալյոկս լավ էր բռնել էս տարի։ Թուրքը կուտի։
Մի նամակ եմ գրել, գրել եմ` էս տանը մաքուր, արդար քրտինքով ապրող մարդիկ են ապրել, էս տունը մաքուր կպահեք։ Մեկ էլ խնդրել եմ, որ ծաղիկներս ջրեն»։
Երկրորդ անգամ եմ թողել տուն, առաջինը` Սումգայիթում։ Երրորդ անգամ տուն թողնել չեմ ուզում։ Ոչ երիտասարդությանս ժամանակն ապրեցի, ոչ հիմա ապրեցի… Տուն սարքելով ծերացա»։
Նանար Պողոսյանը ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ դուրս չեկավ Արցախից։ Ավելին, ամեն օր պատմեց՝ Արցախում ինչ է կատարվում։ Եվ ահա՝ հրաժեշտ տանը։ Տեսանյութում խշխշոց է լսվում, դա սովորական խշխշոց չի՝ գրքերի պատռվելու ձայներն են, դարձյալ ոչ սովորական․

« Միջազգային մարդասիրական իրավունքի գիրքնա, ես թքիմ էտ իրավունքի վրա, որ լոխ խախտված է»։
Ինձ ասում եմ՝ ինչ ունեմ–չունեմ մի ճամպրուկում տեղավորեմ, բայց մի ճամպրուկում հայրենիք չես տեղավորի: Հետո արդեն վերջին անգամ Ճարտարի իր տան բարձունքից արցախցի կինը հրաժեշտ է տալիս։
Ես ծնունդով Արցախից չեմ, և ես մի անգամ գրել եմ այդ մասին, որ ես չեմ ծնվել Արցախում, բայց Արցախն է ծնվել իմ մեջ… Այս տողերն էլ Նարինե Քոչարյանն է գրել ու պատմել՝ հիմա քայլելով Ստեփանակերտի փողոցներով, երգում եմ Արցախ-Արցախ, լույս ես ինձ համար, Նարեկս ասում է՝ մի երգի, ես հիմա վայելում եմ Արցախիս ներկայությունը, մի խանգարի քո երգով ու լացով։
Մարիամ Սարգսյանը Շուշիի վերջին նորահարսն էր։ Նրա հարսանիքը եղավ արդեն ռմբակոծված Շուշիում։ Հայրական տունը Մարտունիում է, մայրը բանալիով փակել է դուռը ու մի քանի լիմոն կտրել հոր աճեցրած ծառից։ Հետո այցելել է Ավոյին ու Նժդեհին․
«Տանն ենք, գուցե վերջին անգամ…
Նույնիսկ այս սպասումն եմ ուզում ձգվի, որ հրաժեշտի պահը ուշանա։
Սաթէն ինձ լաց լինելիս չի տեսել, նայում է ինձ և չգիտի ինչպես արձագանքի… ժպտում է. ես չգիտեմ ինչպես եմ նրան պատմելու այս ամենը, ինչպես եմ պատմելու կարոտիս ու ցավիս մասին, մեր բակի թթենու խշշոցի և ամենուր լացելով իրերը հավաքող ժողովրդիս մասին….»
Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի.․. կներես պապ, ձեր թափած արյան համար եմ մինչև վերջ մնացել Արցախում, կառուցել ու կառուցել՝ տներ, արժանապատվություն, պատիվ ու անուն։ Հիմա ոչ հող ունեմ, ոչ տուն, ոչ հայր, ոչ հայրենիք: Չգիտեմ՝ ուր եմ գնում, և որտեղ կմթնի օրս, բայց հայրենազրկման ճանապարհին հասկացա, թե ոնց է լինում իսկական որբը:Կյանքիս ամենասարսափելի լուսաբացը օտար ամայի ճամփեքի վրա…
«Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր վերջին լուսանկարը կունենամ իմ տան պատուհանից, իսկ մյուս տանս չեմ էլ կարողանա հրաժեշտ տալ, որովհետև թուրքն է այդպես ուզում»:
Համացանցում նման գրառումները շատ են սիրտ մաշող ու կեղեքող։Եվ ահա մի լուսանկար։ Ստեփանակերտի առավոտը։Աշխարհի ամենամաքուր քաղաքը։ Չեմ զարմանում,երբ տեսնում եմ՝ կոկիկ հագնված երկու կին մաքրում են փողոցները։ Անմիջապես հիշում եմ արցախցի ընկերներիս պատմությունները։ Ասում էին՝ հաշվում էինք, 40 զարկից հետո գրադը լռում էր, այդ պահին դուրս էինք գալիս ապաստարաններից ու մաքրում մեր քաղաքը։
Օգտատերերից մեկը գրել էր․ «Մարդ ինչքան սիրի իր հողը, իր տունը, իր քաղաքը, հարգի ինքն իրեն ու իր գործը, որ տարհանվելուց ժամեր առաջ մաքրի իր քաղաքի փողոցները»։
Հետո արդեն պակասեցին մաքուր քաղաքի նկարներն ու մեկնաբանությունները։ Արցախցիներից մեկը գրեց․ «Ստեփանակերտի մեր տան բանալին է։ Իմ հայրական տան, որտեղ երկար տարիներ պատից կախված էր հորս նկարը, նկար որ հիմա բռնագաղթի ճանապարհին է։ Այս բանալին էլ ոչ կնետեմ, ոչ էլ հողում կթաղեմ, այլ կավելացնեմ իմ բանալիների տրցակին` ի նշան իմ չդադարող պայքարի»։
Եվ վերջում՝ գուցե այս օրերի ամենալավ լուրը՝ Ստեփանակերտի հիվանդանոցում երեխա է լույս աշխարհ եկել։ Ի՞նչ կպատմի այս նորածինը տարիներ անց իր ժառանգներին․․․ Չգիտեմ․․․




