ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Լոռին ընդունել է Արցախից տեղահանված ընտանիքներին

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Լոռու մարզի խոշորացված համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Խմբերը համակարգում են առկա ռեսուրսներն ու ուղղորդում՝ գնահատելով արցախցիների կարիքները: Ներկայում մարդկանց հիմնականում տեղավորել են հյուրանոցներում ու հյուրատներում: Լոռու մարզպետի աշխատակազմից վստահեցնում են, որ բռնի տեղահանվածներին հնարավոր կլինի ապահովել կացարանով ու անհրաժեշտ աջակցությամբ: 

Լոռու մարզում ստեղծված աշխատանքային խմբերն ակտիվ աշխատում են Արցախից բռնիտեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու և կացարանով ապահովելու ուղղությամբ: Լոռու մարզպետի աշխատակազմից Աննա Գասպարյանն ասում է՝ Լոռի մարդկանց հոսքն սկսվել է սեպտեմբերի 27-ից:  Սեպտեմբերի 28-ի, ժամը10:00-ի դրությամբ 369 մարդ Լոռի է հասել: Առկա ռեսուրսները գույքագրել են: Մարզում նախատեսվում է շուրջ 2000 կեցավայր պատրաստել: Աշխատանքներ են տարվում հիմնականում հյուրատնային տնտեսությունների հետ:

Աննա Գասպարյան․ «Որպեսզի մարդիկ անմիջապես և՛ սնունդ ստանան, և՛գույքով ապահովված լինեն ու այլ խնդիրներ չունենան: Վանաձորի պետհամալսարանի կացարանում մինչև 50  հոգի տեղավորելու հնարավորություն կա, ամեն ինչով ապահովված է: Հետագայում նաև մանկատունը կդիտարկվի, որպեսզի էդ տարածքներում կարողանանք տեղավորել:  Պետական աջակցություն լինելու է: Հյուրանոցային տնտեսություններին վճարվելու է մարդկանց կեցության և սննդի համար»:

Ելնելով կարիքներից՝ կդիտարկվեն նաև նոր տարածքներ: Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Որպես բարի կամքի դրսևրում աջակցության առաջարկ են ստացել նաև մի շարք ՀԿ-ներից,  որոնք պատրաստ են հիմնականում սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել սովի ու շրջափակման մեջ ամիսներ անցկացրած, ապա բռնի տեղահանման ենթարկված մեր հայրենակիցներին: «Արփի» հոգեբանական կենտրոնի ղեկավար Սոֆիկ Մինասյանը ցավում է, որ մեր շատ ու շատ հայրենակիցներ ստիպված են անցնել զրկանքների միջով, ճաշակել տեղահանման ու անորոշության դառնությունը: 2020-ի պատերազմի մասնակիցների ու զոհված արցախցիների կանանց հետ աշխատանքի մեծ փորձ ունեն: Այժմ էլ որոշել են նրանց ևս ներգրավվել, որ սեփական օրինակով քաջալերեն ու ուժ տան դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին: Այսօրվանից կազմակերպության հոգեբաններն արդեն աշխատելու են արցախցի  2 երեխաների հետ

Սոֆիկ Մինասյան, «Արփի» հոգեբանական կենտրոնի ղեկավար․ «Առաջին հերթին հոգեբանական աջակցություն իհարկե։ Մենք պատրաստ ենք նաև դա անել՝ այցելելով տներ ու կացարաններ։ Որոշել ենք մոբիլիզանել նաև մեր կռված տղաներին, զոհվածների ընտանիքներին։ Միասին այցելենք և ուժ տանք մեր արցախցիներին»:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող «Լուսաստղ» ԲՀԿ –ն էլ է ցանկություն հայտնել ներգրավվելու արցախցի տեղահանված ընտանիքների աջակցության, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման աշխատանքներին: Կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց՝ այժմ կարիքներն են գնահատում: Հաշմանդամություն ունեցող երեխաներին պատրաստ են ներառել կազմակերպության «Ադա» ցերեկային աջակցության կենտրոնում, ուր նրանց հետ կաշխատեն նեղ մասնագետները:

Անի Գաբրիելյան, «Լուսաստղ» ԲՀԿ նախագահ․ «Հոգեբանի ծառայությունն առաջնային, ըստ կարիքի՝ լոգոպեդի, ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արտթերապիայի, հատուկ մանկավարժի ծառայություն: Ընդհանուր հոգեբանական աջակցություն կլինի, հիգիենայի պարագաների և սննդի աջակցություն»:

Արցախից Հայաստան բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով մարզկենտրոն Վանաձորում ևս ստեղծվել է արագարձագանքման խումբ։ Խմբի համակարգող Գեղանի Հակոբյանի փոխանցմամբ՝ 100-ից ավելի մարդկանց արդեն տեղավորել են Վանաձորի հյուրատներում ու ժամանակավոր կացարաններում:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Լոռու մարզին նախնական պարենային և ոչ պարենային կարիքների համար տրամադրել 30 մլն.դրամ: Կառավարության փոխանցմամբ՝ Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված արցախահայերի կեսից ավելին՝ 70.000-ից ավելի մարդ, որոնք կեցության նախնական վայրեր չունենալու պարագայում կապահովվեն կառավարության առաջարկած կեցավայրերով:

Կարդացեք նաև

Back to top button