
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը աշխատում են Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչները փաստեր են հավաքում, զրուցում են բռնի տեղահանվածների հետ, համակարգում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը։ Արցախից ՀՀ տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին կառավարությունը կացարաններ է առաջարկում, բայց նրանց մի մասն ասում է, որ արդեն կացարանների նախորոշված հասցեներ ունի։ Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Արցախահայերի բռնի տեղահանումը շարունկավում է։ Թվերը փոխվում են ժամ առ ժամ․ եթե սեպտեմբերի 28-ի առավոտյան 66 500 մարդ էր տեղափոխվել ՀՀ, ապա ժամը 14–ի տվյալներն արդեն այլ էին՝ 70 500։ Նրանցից 58 866 այդ ժամին արդեն հաշվառված էին։
Պետության առաջարկներից օգտվել է սահամանը հատողների մոտ 20 տոկոսը։ Վարչապետ Փաշինյանն արձանագրում է․
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ–ում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»։
Ստեփանակերտ–Գորիս մայրուղին գերբեռնված է, քանի որ Կոռնիձորի անցակետ հասնելու համար զբաղեցված են ավտոճանապարհի բոլոր գոտիները։ Մինչև սեպտեմբերի 27-ի երեկոյան ուշ ժամերը դեպի Կոռնիձորի անցակետ մեկ մեքենան –անապարհին եղել է միջին հաշվով 30-35 ժամ․
«30 ժամում ենք հասել, երեկ 7․30 դուրս ենք եկել, ճանապարհը ահավոր խցանցված է։ Այսօր երկրորդ օրն է՝ ճանապարհին ենք»։
Բռնի տեղահանվածների հոսքն ավելացել է հատկապես վերջին երկու օրերին։ Եթե առաջին երկու օրվա հանրագումարով 9000 մարդ էր հատել սահմանը, ապա միայն սեպտեմբերի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 էր, իսկ արդեն սեպտեմբերի 27–ին՝ 26 հազար 600։ Փոխվարչապետը հստակեցնում է՝ ինտենսիվությունը, որով մարդիկ հատում են սահմանը, մնում է նույնը։ Գորիսում և Վայքում գործող տեղավորման հարցերով կետերը 24-ժամյա աշխատանք են տանում: Ըստ փոխվարչապետի՝ օպերատիվ տվյալներով այս օրերին տարբեր մարզերում օթևան գտնելու հարցում աջակցություն է ցուցաբերվել 11 հազար մարդու: Հիմնականում առաջարկվում են կեցության վայրեր հանգստյան տներում, հյուրատներում, շենք–շինություններում, որոնք հարմարեցված են նման իրավիճակների համար։
ՏԿԵՆ Գնել Սանոսյանը մանրամասնում է․ «Պարտադիր չի, որ Շիրակ տեղահանված մեր հայրենակիցները բոլորը մնան Գյումրիում, երբ որ մենք Աշոցքում և Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Կխնդրեմ իրենք համաձայնեն, մենք այդպիսի բաշխվածությամբ տեղակայենք, հետագա մեր որոշումներում տարբեր ծրագրեր կառավարությունը կիրականացնի»։
Դեռևս Ստեփանակերտում գտնվող, բայց մեքենա չունեցողներին Հայաստան կտեղափոխեն Երևանից ուղարկված ավտոբուսներով․
«Եթե ավտոբուսներն ուղղվեն դեպի Ստեփանակերտ, դրանք ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել ճանապարհներին։ Երթևեկության թեթևացման պարագայում հնարավոր կլինի անցումն ավելի քիչ ժամանակում կազմակերպել։ Բացի դրանից, միայն մեկ անգամով հնարավոր չի լինի Ստեփանակերտում բոլոր մնացածներին տեղափոխել։ Հավանաբար կարիք կլինի երկու անգամ տեղափոխման գործընթաց կազմակերպել»։
Գորիսի ու Վայքի հաշվառման կետերում չհաշվառված անձանց տվայլները լրացնում են այն համայնքում, որտեղ այժմ նրանք գտնվում են։ 64 համայնքում տեղակայման կենտրոններ են գործում, դրանք աշխատում են 24 ժամ։
Կառավարությունը 360 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ հրատապ ձեռք բերելու համար:
2024 թվականի բյուջեի նախագծով բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար նախատեսված է 10 մլրդ դրամ։




