ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հիմք՝ հայկական «նյուրնբերգի» համար․ «Հռոմի ստատուտը» Աժ–ում կքննարկվի հաջորդ շաբաթ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և միաձայն քվեարկությամբ որոշել հոկտեմբերի 3–ին մեկնարկող լիագումար նիստերի օրակարգ ներառել «Հռոմի ստատուտի» վավերացման հարցը։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ Այս փաստաթղթի վավերացումն իրավական հարթությունից բացի ունի նաև քաղաքական շերտ։ Ստատուտը վավերացնելու՝ Հայաստանի ցանկությունը որոշակիորեն լարել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա կապված է այս տարվա մարտին Միջազգային քրեական դատարանի՝ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդերի հետ։ Հայաստանի խորհրդարանում, սակայն, հստակ ձևակերպում են՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ցանկությունը ուղղված չէ ՌԴ նախագահի դեմ, այլ լծակ է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները զսպելու և պատասխանատվության կանչելու համար։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել։

Միաձայն քվեարկությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ըստ էության ցուցիչ է, թե ինչպես է դիրքավորվելու խորհրդարանական մեծամասնությունը «Հռոմի ստատուտի» քննարկման և քվեարկության ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ քայլը ուղղված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ 2023–ի մարտին Միջազգային քրեական դատարանը Պուտինին կալանավորելու օրդեր է տվել։ Ընդունված է կարծել, որ «Հռոմի ստատուտը» վավերացնելով՝ Հայաստանը կմիանա այն երկրներին, որտեղ այցելելը Ռուսաստանի նախագահի համար վտանգավոր կդառնա։ Դա է պատճառը, որ Կրեմլը սուր է արձագանքում Երևանի մտադրություններին։

Մինչդեռ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ լուծումներ են գտել և դեռ ապրիլին առաջարկներ են ուղարկել Մոսկվա և սպասում են արձագանքի։ Պատասխանի ուշացումը որևէ կերպ չի բացատրվում հայկական կողմին։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պնդում է, որ հայկական կողմի առաջարկած լուծումներով անգամ ստատուտի վավերացումից հետո Ռուսաստանի նախագահն առանց վտանգների կարող է գալ Հայաստան, այնպես որ փաստաթղթի շուրջ բարձրացված աղմուկը անհիմն է համարում․

 «Ժամանակային առումով, կարծում եմ, վավերացման գործընթացը շատ անհաջող համընկել է հենց այդ օրդերի հետ, և կրկին վերահաստատենք, որ դրա հետ առհասարակ որևէ առնչություն չունի վավերացման և իրավազորության ճանաչման գործընթացը։ Գործող նախագահները, գործող պետության գործող ղեկավարները օժտված են իմունիտետով։ Նախ դա ասեմ։ Երկրորդը՝ լուծումները, որ հիմնվում են Կանոնադրության 98–րդ հոդվածի 2–րդ մասի հիման վրա, առաջարկվել է մեր ռուս գործընկերներին։ Ենթադրվում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը նաև հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել անհանգստությունների համար։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ կան։ Մեր ասածը դա է, և այդ լուծումները հնարավոր է իրականացնել թե՛ կանոնադրության տրամաբանության մեջ և թե՛ այն հանգամանքով, որ բազմիցս ենք ասել միայն ու միայն վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին և նրանց կողմից կատարվելիք հանցագործությունների կանխարգելմանը»։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պնդում է, որ «Հռոմի ստատուտը» պետական շահի մասին է, այն միջազգային զսպող մեխանիզմ է ցեղասպանության, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ագրեսիայի դեպքում։ Ըստ պատգամավորի՝ փաստաթղթի վավերացման դիտարկումը հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում պարզապես մանիպուլյատիվ է։ Կանկրետ Հայաստանի դեպքում՝ ում դեմ կարող է գործել փաստաթուղթը՝ հստակ անուններ չի նշում։

«Մենք բավականին երկար աշխատանք ենք տարել, որպեսզի հնարավորություն ունենանք հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները ըստ էության պահպանել այն մակարդակում, որպեսզի այս փաստաթղթի վավերացումից հետո որևէ վտանգ այդ հարաբերություններին չսպառնի։ Այս փաստաթղթի վավերացումը ուղղված է դեպի այն միջազգային հանցագործների, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիան, որը Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների 21–րդ դարում և այդ անձինք պետք է պատասխանատվություն կրեն։ Որտե՞ղ են այդ անձինք, որտեղ են գտնվում և ինչ կարգի պատասխանատվություն ունեն, թող որոշի միջազգային քրեական դատարանը»։

«Հռոմի ստատուտի» վավերացման հարցին Հայաստանը անդրադարձավ 2022–ի սեպտեմբերին, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, երբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքում իրագործվեցին մի շարք կոպտագույն ռազմական հանցագործություններ։ Սև լճի տարածքում գնդակահարությունը, կին զինծառայողների մարմինների անարգումը կատարվածի ամբողջական պատկերը չէ։

Հռոմի կանոնադրությանը առնչվող երկու մասով է կառավարությունը նախաձեռնում գործընթացը։ Վավերացնում է փաստաթուղթը, հնարավորություն տալով ամբողջությամբ անդամակցելու դատարանին, և առաջարկում է հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը՝ սկսած 2021 թվականի մայիսի 10–ից։ Այս քայլը հստակ նպատակ ունի, ասում է Եղիշե Կիրակոսյանը․

 «Ինչո՞ւ է ընտրված մայիսի 10–ը, որովհետև 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, դրանից հետո ավելի խորանալով, մենք ունեցանք շատ ցավալի միջադեպեր, գերեվարումներ, նաև իրավունքների այլ տիպի խախտումներ, էսկալացիաներ՝ 2021–ի նոյեմբեր, 2022–ի սեպտեմբեր և այդպես շարունակ։ Նպատակը հետադարձ ճանաչելու հենց դա է»։

Փաստաթուղը ԱԺ–ում վավերացնելուց հետո 60–օրյա ժամկետում միջազգային կառույցները ծանուցվելու են այդ մասին։ Դրանից հետո միայն կանոնադրությունը կմտնի ուժի մեջ։ Իսկ թե ե՞րբ կկիրառվի այն Հայաստանի կողմից՝ պարզաբանում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը․

 «Դատարանն իրավազորություն ունի այն դեպքերի նկատմամբ, որոնք տեղի են ունեցել անդամ պետության տարածքում։ Դրա համար մենք ճանաչում ենք դատարանի իրավազորությունը՝ մեկ։ Երկրորդ՝ դատարանը իրավազորություն ունի այն իրավիճակներում, երբ պետությունը ճանաչում է դատարանի իրավազորությունը կոնկրետ տարածքի կոնկրետ իրավիճակի նկատմամբ։ Եվ երրորդը, երբ ՄԱԿ–ի ԱԽ–ն է որոշում իրավիճակը փոխանցել միջազգային քրեական դատարանի քննությանը։ Բայց ամենակարևորը քանի որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների երկու տեսակ՝ բռնի տեղահանությունը և ըստ էության, հետապնդումները՝ հանցագործություններ, որ դեռևս Նյուրնբերգյան դատավարության և Ցեղասպանության կոնցեպտի հետ անմիջականորեն փոխկապակցված են, այս երկու դեպքերում պետությունը կարող է պահանջել իրավազորություն նաև ելնելով այն հանգամանքից, որ շարունակական հանցագործության հետ մենք գործ ունենք։ Եվ տուժողը, փաստորեն այդ գործողությունների հետևանքով է հայտնվել ՀՀ–ում»։

ԵՄ բոլոր երկրները և ԵԽ անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը սստորագրել են այս փաստաթուղթը՝ իրենց պարտավորությունը համարելով համամարդկային իրավունքների պաշտպանությունը։ Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 131 երկիր, վավերացրել է 122–ը։ Հարավային Կովկասի երկրներից միայն Ադրբեջանն է, որ անգամ դեռ չի էլ ստորագրել «Հռոմի ստատուտը»։

Back to top button