Քաոս, որից փորձում են դուրս գալ՝ իրար օգնելով


Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիներին հոդորում է անձնական մեքենաներով դուրս չգալ Ստեփանակերտից։ Պատճառը խցանումներն են։ Ծանրաբեռնված ճանապարհին նախօեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորներին դուրս բերելու հարցն այս պահին ավելի առաջնային է։ Բայց բնակիչների մի մասը միևնույնն է, փորձում է հնարավորինս արագ հեռանալ՝ թշնամուն դեմ առ դեմ չհանդիպելու համար։
Ստեփանակերտից Բերձոր գնացող ճանապարհին չորս շարքով մեքենաներ են՝ մարդատարներից մինչև տրակտորներ։ Ժամեր շարունակ չեն կարողանում առաջ շարժվել, ճանապարհն ամբողջ երկայնքով խցանված է։ Մարդիկ մեկ բառով իրավիճակը քաոսային են բնութագրում։
«Իրար հրելով մեքենաները փորձում են դուրս գալ։ Քաոսային վիճակ է։ Ճանապարհը չորս շարքով կանգնած են, որևէ մեկը մյուսին չի ուզում զիջի»։
Արցախցիները հեռանում են հայրենիքից։ Ասում են՝ չեն հասկանում ինտեգրվելու առաջարկն ու չեն պատկերացնում, թե ոնց են ապրելու թշնամու հետ։
«Նույնիսկ անիմաստ է մնալու մասին խոսել։ Գոնե մեր երեխաներին փրկենք։ Մեղքի զգացումը տանջում է՝ այս ինն ամիսներին ու մնացած բոլոր տարիներին մենք իզուր ենք կրել այդ զրկանքները»։
Տիկին Անահիտը պատմում է՝ Ստեփանակերտում տները գրեթե դատարկ են, տներում մարդիկ չեն քնում, հիմնականում գիշերում են մեքենաների մեջ։ Արցախում սնունդ ընդհանրապես չկա։ Փորձում են ունեցած վերջին մթերքը կիսել տեղացիների կամ տեղահանվածների հետ
«Օգնում են իրար, վատ մարդիկ չեն։ Երեկ սնունդ էի տանում եկեղեցի, քահանան ասաց, որ երեք անգամ ուտելիք են բերել եկեղեցում պատսրպարվածներին։ Նրանց համար դեռ եմքենա չկա։ պետք է ավտոբուսներով տանեն»։
Մարտունու բնակիչները նախօրեին իրենց ուժերով ապամոնտաժել են ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։ Տեղեկութունը նախ սոցիալական ցանցերում տարածվեց, ապա մեզ հետ զրույցում հաստատեցին նաև մարտունեցիները։ Այստեղ սպասում են իրենց տարհանմանը։ Մարտունու շրջվարչկազմից Վադիմ Դանիելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ քաղաքի մի մասի ու մի քանի գյուղի բնակիչներ արդեն տարհանել են
«Տարհանվում ենք, հստակ թիվ այս պահին չեմ կարող ասել։ Տեղափոխում ենք Ստեփանակերտ։ Խաղաղապահների ուղեկցություն չկա, մենք ու մենք ենք»:
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` տեղեկատվական շտաբը կոչ է անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ դուրս չգալ Արցախից։
Վստահեցնում են՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը գործում է «Արմենիա» հյուրանոցում՝ Վերածննդի հրապարակին մոտ, ցանկացողներն արդեն կարող են մոտենալ ու գրանցվել։ Միաժամանակ նշում են, որ ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։