Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկվել է ԽԿԿ պատվիրակության հետ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 000 բնակիչներ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի։ Նախարարը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների զանգվածային խախտումները սկսել են դեռևս այն պահից, երբ Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինն ամիս տևող շրջափակումը՝ փակելով Լաչինի միջանցքը և թույլ չտալով հումանիտար բեռների մուտքը, մարդկանց ազատ տեղաշարժը։ Նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն ու միջազգային գործընկերները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և այլ ոճրագործությունները։

Խոսելով իրավապահ մարմիններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման մասին՝ նախարարը հայտնել է, որ ՆԳ նախարարությունն իր մանդատի շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացրել և շարունակում է իրականացնել ծավալուն բարեփոխումներ։ Նա կարևորել է Կոմիտեի պատվիրակության այցը նախարարություն և ձերբակալվածների պահման մի շարք վայրեր՝ արձանագրելով, որ դա հնարավորություն է ընձեռում Նախարարությանը վերագնահատելու իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունավետությունը ու ապահովելու կոնվենցիոն պարտավորությունների կատարումը։

Թերեսե Մարիա Րիտտերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ցավակցություններ է հայտնել վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհերի կապակցությամբ և վստահեցրել Նախարարին, որ ԽԿԿ-ն իր մանդատի շրջանակներում ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Խոսելով ազատությունից զրկվածների պահման վայրեր այցերի մասին՝ Րիտտերը ներկայացրել է պատվիրակության նախնական նկատառումները։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը և արձանագրել, որ ՀՀ-ն զգալի դրական առաջընթաց է գրանցել նախորդ՝ 2019 թվականի այցից հետո։

Որպես հիմնարար փոփոխություններ կրած հարցեր՝ պատվիրակությունն առանձնացրել է ոլորտային իրավական հիմքերի որակական փոփոխությունը, ձերբակալվածների համար պարտադիր բժշկական զննության անցկացումը, ոստիկանության բաժինների մուտքերի/ելքերի տեսանկարահանումը, հարցաքննությունների պարտադիր տեսաձայնագրառումը, պարեկային ծառայողների համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայության պարտադիր պահանջը։ Պատվիրակությունը հատկապես մեծ առաջընթաց է համարում նախկինում տարածված «ոչ պաշտոնական զրույցի» շրջանակներում անձանց բաժանմունքներ հրավիրելու համակարգային պրակտիկայի բացառումը։ Իր ելույթում Թերեսե Մարիա Րիտտերը անդրադարձել է նաև ԽԿԿ-ի համար դեռևս խնդրահարույց կետերին։ Նախարարը վստահեցրել է, որ ԽԿԿ այցելությունների արդյունքում կազմված զեկույցը ևս հանդիսանալու է կարևոր ուղեցույց` արձանագրված դեռևս չլուծված խնդիրները հաղթահարելու և ձերբակալված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում էր, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկել է նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։

Back to top button