ԿարևորՀասարակություն

Անորոշություն, սպասողական վիճակ․ արցախցիները չգիտեն՝ ինչ են անելու

Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ զորքերը հետ քաշելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրեր վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը: Իսկ ընդհանուր առմամբ՝ Արցախի տարբեր շրջաններից  մեր ստացած տեղեկությունների առանցքում անորոշություն է, սպասողական վիճակը։

Կրակոցներ չկան, իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է․ Արցախում օպերատիվ իրավիճակն ըստ էության չի փոխվել երեկ օրվա երկրորդ կեսից։ Ստեփանակերտցի Աննա Մանգասարյանը պատմում է՝ ֆիզիկապես լավ են, հոգեպես՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, տրամադրությունները սպասողական են․

«Շենքի բնակիչներով, տարհանվածներով, միասին փորձում ենք տանը ինչ կա, հավաքել, միասին պատրաստել ու միասին սնվել։ Հատուկ որևէ օգնություն, դեռ չկա։ Մարդիկ իրենց ուժերով, համատեղ պայքարում են՝ հասկանան՝ մինչև երբ ու մինչև ոնց կարող ենք։ Դեռ անորոշ է ամեն ինչ»։

«Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է, որ տարհանվածներից ամեն մեկը մի տեղում է։ Իրենց շենքի նկուղներում նույնպես շատ են տարհանված արցախցիները․

«Պատուհանից, որ նայում եմ՝ իրենց մեքենաների մեջ են, բակերում։ Տարբեր տեղերում են։ Ես երեք օր է՝ մեր բակից դուրս չեմ եկել, բայց շատ մարդ կա բակում։ Մենք ենք մոտենում, փորձում ենք օգնել, հասկանանք՝ ինչ է լինելու»։

Խնապատում միայն տղամարդիկ են մնացել։ Համայնքի ղեկավարը փոխանցում է՝ անորոշությունները շատ են․անգամ չգիտի՝ որտեղ են տեղավորվել խնապատցի կանայք ու երեխաները։ Բայց գիտի հստակ, թե տղամարդիկ որտեղ են․

«Գյուղում ենք, որտեղ ենք։ Ծանր է վիճակը, լարված։ Կանայք ու երեխաները դրսում են։ Այս պահին սպասում ենք, ոչ մի որոշում չկա»։

Որոշում, ըստ էության, Մարտունիում կա․ «Ռադիոլուրին» տեղի բնակիչները հայտնում են՝ առավոտյան ժողով են արել ու տարհանման մասին հայտարարել։ Հստակ ժամկետ չեն նշել։ Մարտունու շրջվարչկազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ զբաղված են, խառը՝ չի կարող պատասխանել։

Արցախի՝ ադրբեջացիներով շրջապատված գյուղերում, եթե կարողացել են կամ հասցրել՝ կանանց ու երեխաներին տարհանել են։ Սարուշենում նույնպես միայն տղամարդիկ են, այստեղ էլ անորոշությունը մեծ է։ Համայնքի ղեկավար Կարո Գասպարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․

«Կանայք ու երեխաները Ստեփանակերտում են։ Դեռ ոչ մի բան հայտնի չէ»։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերը հետ քաշելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը:

Back to top button