ԿարևորՔաղաքական

Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը

Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ է անում մշտապես և ամբողջությամբ դադարեցնել իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունները, սակայն մեզ անհրաժեշտ է բռնության ամբողջական դադարեցում, Ադրբեջանը կրում է խաղաղ բնակչությանը, հատկապես Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաներին, հուսալիորեն և լիարժեք պաշտպանելու պատասխանատվությունը։ Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանումն ու բռնի արտաքսումն անընդունելի է»,- ասել է նա:

Արտգործնախարարը վերահաստատել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է կասկածի տակ դրվեն։

«Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններ են կրել Լեռնային Ղարաբաղի երեխաները, կանայք և տղամարդիկ ամիսներ շարունակ այն բանից հետո, երբ Բաքվի իշխանությունները փակեցին Լաչինի միջանցքը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է ապահով ապրելու»,- ասել է նախարարը։

«Լաչինի միջանցքը բաց պահելը շատ կարևոր է մարդասիրական նկատառումներով, բայց նաև այն պատճառով, որ այն մշակութային և սոցիալական կամուրջ է ապահովում Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի համար: Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։ Այս հակամարտությունը, որ սկիզբ է առել ավելի քան 30 տարի առաջ, չափազանց շատ զոհեր է տվել: Այն, ինչ մեզ պետք է, այն, ինչ պետք է տարածաշրջանի ժողովրդին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն է։ Իսկ դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Անալենա Բաերբոքը։

Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր չպետք է օգտագործի այս իրավիճակը՝ ապակայունացնելու Հայաստանի ժողովրդավարությունը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առանց վախի ապրելու իրավունք ունի, հավելել է Գերմանիայի ներկայացուցիչը։

Back to top button