
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ կաթվածահար անելու երթևեկությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
Ցուցարարների մյուս մասը նույն գործողություններն իրականացնում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում։ Փակ են նաև Նալբանդյան ու Խանջյան փողոցները։
Ընդդիմությունը հանրահավաքում հրապարակել է ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Վազգեն Մանուկյան, Իշխան Սաղաթելյան:
«Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություններ», – ելույթ ունենալով հանրահավաքին՝ նշել է ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։
Վաղը ցուցարարները փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի նիստը:
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ կոչ է արել վաղն առավոտից փակել Երևանի փողոցները, բայց հորդորել է ակցիաների մասնակիցներին ոստիկանության հետ բախման մեջ չմտնել։




