ԿարևորՔաղաքական

Բաքվի դեմ պատժամիջոցների հարցը ավելի ինտենսիվ է քննարկվում ԵՄ երկրներում

Միջազգային հանրությունն ու միջազգային ուժային կենտրոնները կրակի դադարեցման կոչերից հետո փորձում են անցնել գործնական քայլերի որոնման փուլ։ Մասնավորապես շեշտվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ ՌԴ նախագահն էլ վստահեցնում է, որ ակտիվ կապի մեջ է բոլոր կողմերի հետ՝ թույլ չտալու լարվածության շարունակություն։

Արցախում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։

Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ նա հստակեցրել է, որ ակտիվ կապ է պահպանվում թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի հետ։

«Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ, անում են ամեն բան պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում ավելի քան 2000 քաղաքացիական անձ կա, որոնցից կեսից ավելին երեխաներ են։ Սերտ կապի մեջ ենք և Բաքվի, և Ստեփանակերտի և Երևանի հետ։ Հուսով եմ՝ կկարողանանք հասնել դեէսկալացիայի, և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Մոսկվան համաձայնեցնում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները:

Նա նաև շեշտել էր, որ նման հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահի հետ չի նախատեսվում, սակայն հարկ եղած դեպքում այն նույնպես կկայանա։ Պեսկովը նաև նշել էր, որ ՀՀ-ն եղել և մնում է ՌԴ-ի դաշնակիցն ու գործընկերը, Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է։ Ուշագրավ է հատկապես Պեսկովի այն ձևակերպումը, որ Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են։

Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունը և հույս ունի, որ Ադրբեջանը կդադարեցնի կրակը։ Նա չի մեկնաբանել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը։

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Սեպտեմբերի 18- 24 ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում է Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան նա քննարկել է ՄԱԿ անդամ երկրների իր գործընկերների հետ։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին նա ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին և ցույց տվել, որ Ադրբեջանի գործողություններն ու պաշտոնական հայտարարությունները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ նման պայմաններում շատ կարևոր է միջազգային գործընկերների, այդ թվում ԵՄ քայլերի հրատապությունը:

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է նաև Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,– ասել է նա և ներկայացրել Ադրբեջանի գործողությունների մանրամասները, նշել, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։ Հայաստանի ԱԳՆ ցույց է տվել, որ Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ վկայում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳՆ–ն, սակայն, թվիթերյան իր էջում գրել է․«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, սակայն կողմերի միջև տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն երկխոսության միջոցով, քաղաքական ճանապարհով»։

Ավելի ուշ Իրանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է հավատարմությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը, այն համարելով լավագույն լուծումը կովկասյան տարածաշրջանի խնդիրների խաղաղ ճանապարհով լուծելու համար։

ՌԴ ՊՆ–ն քննադատել է երրորդ երկրների ներկայությունը տարածաշրջանում՝ ի պատասխան Իրանի շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գծերից մեկն է։

Իսկ Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ հանդիպումները շարունակվում են։ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին նա նույնպես ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակն ու կարևորել միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և անդամ պետությունների համարժեք արձագանքն ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին էլ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Նշել, որ անպատժելիության զգացումն ու միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունը Բաքուն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման: Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:

Նյու Յորքում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն ինչպես և նախապես հաղորդվում էր Միրզոյան–Բայրամով հանդիպում ԱՄՆ-ում նախատեսված չէ։

Քննարկումներն ու հայտարարություններն այսքանով չեն ավարտվում, պարբերաբար նոր տեղեկություններ են տարածվում։ Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք կարծում են, որ ԵՄ պասիվությունը «կանաչ լույս» է իրենց գործողությունների համար։

Նա ցավով նշել է, որ Եվրամիության դիվանագիտությունն ի վիճակի չեղավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն էլ արագ և վճռորոշ գործելու անհրաժեշության մասին է խոսում․

«Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ»։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ևս քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման թեման։ Եվրապատգամավորներին նամակ է ներկայացվել ստորագրման համար։ Նամակով փորձ է արվում հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ նման իրավիճակում։ Նամակում՝ ի թիվս մի շարք առաջարկների, հատկապես շեշտվում է Բաքվի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը։

Back to top button