ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ինչ սպասել Եվլախի հանդիպումից․ վերլուծում են փորձագետները

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախում հրադադարի մասին Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված հայտարարությանը զուգահեռ ձեռք է բերվել նաև հանդիպման համաձայնություն։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 21–ին ադրբեջանական Եվլախ բնակավայրում։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվելու է «ԼՂ զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման և վերաինտեգրման» հարցերը։

Արցախից ո՞վ կմեկնի Եվլախ բանակցելու ադրբեջանական կողմի հետ, լինելու է ներկայացուցի՞չ, թե՞ բանակցող խումբ․ սրանք հարցեր են, որոնք այս պահին պատասխաններ դեռ չունեն։ Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ստեղծված պայմաններում արդեն կարևոր չէ բանակցողի անձը․

 «Բնականաբար, Ղարաբաղի կողմը արդեն պարտված կողմ է, չի կարող դիմադրել ադրբեջանական զորքին, իսկ Հայաստանից օգնություն չկա և այդտեղի բնակիչները ուղղակի կա՛մ ընդունում են Ադրբեջանի պահանջները, կա՛մ հեռանալու են։ Իհարկե, Ադրբեջանին պետք չէ, որ պայմանագրից առաջ կանայք, երեխաները հեռանան, որովհետև դա իր իմիջին է նաև հարվածում, դրա համար ինքը կպահի նրանց, իսկ հետո սուսուփուս կհեռացնի»։

Ի՞նչ է քննարկվելու Եվլախում՝ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ դա ակնհայտ է Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած հայտարարությունից․

 «Փաստացի մենք ականատես ենք լինում Արցախի հիմնախնդրի լուծման ադրբեջանական օրակարգի իրացմանը պարզապես ուժի ուղիղ գործադրման սպառնալիքի տակ։ Պարզապես այնտեղ ինչ–որ միջանկյալ կետը երևի թե Եվլախում բանակցություններն են։ Այսինքն՝ եթե չասենք լիարժեք կապիտուլյացիա միանգամից, գոնե փուլ առ փուլ Արցախի կողմից եղած ինքնիշխանության այդ մանր պատառիկների աստիճանական զիջում»։  

Դեռ ամառվանից հաճախացել էին կոչերը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն սկսել։ Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, պնդում է, որ դեռ 10 օր առաջ Արցախին եղել է ավելի լավ առաջարկ, քան կլինի Եվլախում։ Ասում է՝ օրեր շարունակ ակնարկել է այն ընդունելու անհրաժեշտության մասին, բայց այսօր արդեն կարող է խոսել ավելի բաց․

«Ադրբեջանի կողմից առաջարկ է եղել ծանր տեխնիկան Արցախում կամ այն, ինչ մնացել էր 2020–ի պատերազմից հետո, շատ բան էլ չունեինք, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ զինտեխնիկան, ծանր տեխնիկան հանձնվի ռուսներին։ 10 օր առաջ դեռևս նաև կոմպրոմիսային առաջարկ էր արվել՝ Արցախում ձևավորել Ազգային գվարդիայի նման մի բան ոստիկանական ուժերից և փրկարար ծառայությունից։ Հիմա սա էլ չենք ստանալու»։

Հայաստանում այժմ վտանգավոր են գնահատում զինադադարի հայտարարության երկրորդ կետում արված ձևակերպումները։ Հակառակ Երևանի պաշտոնական պնդումներին, որ Արցախում ՀՀ ԶՈՒ չկան, ըստ տարածված հայտարարության՝ մեջբերում․ «կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին»։

Արմեն Պետրոսյանի փորձագիտական գնահատականներով նման ձևակերպման համար 3 հավանական պատճառ կա․

 «Առաջինը՝ որպես ճնշման լծակ օգտագործելու Հայաստանի դեմ, երկրորդը՝ հնարավոր առճակատման պարագայում Հայաստանին ևս անհրաժեշտության դեպքում դրա մեջ ներքաշելու նպատակով և երրորդը՝ գուցե նաև հոգեբանական, բայց այս խնդրի լուծումը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական հաղթանակ ներկայացնելու համար, քարոզչական նպատակով»։

Վերլուծաբաններից շատերը այս պահին համոզված են՝ Ադրբեջանի հավակնությունները այսքանով չեն ավարտվելու։ Հաջորդ փուլը սկսվելու է «խաղաղության օրակարգ» կոչվածը կյանքի կոչելու ժամանակ կամ ավելի շուտ։

Դրա ազդակների մասին խոսում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․

 «Արցախը զոհաբերելով Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու գաղափարը գոյություն ունի վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում, բայց նույնիսկ այդ տեղի չի ունենում։ Չեք կարող անընդհատ ինչ–որ զիջումների միջոցով ինչ–որ բան փրկեք։ Չկան նույնիսկ երաշխիքներ, որ նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է պահպանվելու։ Տեսանք երեկ էրդողանի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ադրբեջանը կարծես մի քիչ մեղմացրել էր իր դիրքորոշումը կոմունիկացիոն այս ուղու վերաբերյալ, և տեսնում էինք, որ վերջին շրջանում կային հայտարարություններ, որ Հայաստանն է տուժելու, եթե չընդունի այդ տարբերակը, բայց Թուրքիան, կարծես թե հստակ նպատակ ունի և կարծես թե Ռուսաստանը՝ ևս։ Պարզ չէ, թե ինչպես պետք է իշխանությունները դիմակայեն այսպիսի ճնշմանը»։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցում վերլուծաբանները հաճախ խոսում են նաև «ռուսական հետքի» մասին։ Եթե նախկինում դա արվում էր ենթադրությունների մակարդակում, ապա վերջին օրերի իրադարձությունները, ըստ Տիգրան Գրիգորյանի՝ գրեթե ապացույցներ են․

«Այն պասիվությունը, որը ցուցաբերվում է խաղաղապահ առաքելության կողմից, բոլոր հայտարարությունները տարբեր մակարդակով Մոսկվայից հնչող, բոլոր մեկնաբանությունները Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողների կողմից, Հայաստանի նկատմամբ տարբեր սպառնալիքները, այս ամենը խոսում է այն մասին, որ այո, Ռուսաստանը այս գործողությամբ կարծես թե փորձում է իշխանափոխության հասնել Հայաստանում։ Այսինքն՝ կարծում է, որ եթե Արցախում տեղի ունենա այս ողբերգությունը, հայաստանյան հասարակությունը առաջին հերթին բոլոր սլաքներն ուղղելու է իշխանությունների նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն ունեն իրենց պատասխանատվության հսկայական բաժինը, բայց ռուսները պետք է հասկանան, որ եթե մենք կորցնում ենք Արցախը, արդեն Ռուսաստանի դիրքերն են այստեղ վտանգված լինում։ Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել առնվազն հայկական Արցախի գոյությունը, ապա մեծ հաշվով Հայաստանի ինչին է պետք նմանատիպ դաշնակից»։

Նույն շղթայական զարգացումներն է կանխատեսում նաև քաղաքագետ Արմեն Բադալյանը, քանի որ ՌԴ ներկայությունը Արցախում խաղաղապահների տեսքով և Հայաստանում՝ սահմանապահների տեսքով համարում է մեկ համակարգի տարբեր դետալներ։

Արդարության համար վերլուծաբանները ընդգծում են, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Արևմուտքի, գործնական ոչինչ չարեց ապահովելու Արցախի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները՝ արցախյան հիմնախնդիրը իրենց իսկ հռչակած 3 սկզբունքների հիման վրա լուծելու համար։  

 

 

Back to top button