ԿարևորՍպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափել է Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Այսպիսով, Արսեն Հարությունյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այս, Հայաստանից ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։

Այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած մեր մյուս ըմբիշներից բրոնզե մեդալին մոտ է նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայ ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Back to top button