Ընտրական մաթեմատիկա․ Երևանի 14–րդ քաղաքապետին կորոշեն համաձայնությունները


Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Երևանի ապագա ավագանին ձևավորելու իրավունք է ստացել 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային Առաջընթացը», «Մայր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»։ Ամեն ինչ սակայն, միանշանակ չէ և, կարելի է ասել, դեռ նոր է սկսվում։ Որևէ կուսակցության կամ դաշինքի չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը, իսկ սա նշանակում է, որ քաղաքապետ ընտրելու համար սկսվում է քաղաքական քննարկումների ու համաձայնությունների կայացման կամ չկայացման փուլը։
Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից ոչ մեկը չի շտապում հայտարարել կոալիցիա կազմելու մասին, բայց առանց դրա ավագանին չի կարողանա իր կազմից քաղաքապետ ընտրել։ Քաղաքական ուժերից ոչ մեկը ընտրություններով չհավաքեց այնքան ձայն, որ կարողանա միանձնյա քաղաքապետ ընտրել։ Դեռ քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանը խոստովանեց՝ եթե 50+1 ձայն չհավաքեն, ապա «Քաղաքացիական պայմանագրի» համար դժվար կլինի։ Ընտրության արդեն հայտնի արդյունքները այն չէին, ինչ սպասում էին ՔՊ–ում, ինչ խոստովանում է գործող փոխքաղաքապետ, ՔՊ ավագանու թեկնածու Սուրեն Գրիգորյանը․
«Մենք նախապես հայտարարել էին, որ մեր սպասումը դա է, ինչպես նաև այլ ուժերինը։ Բայց ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել, արդյունքները վերջնական կամփոփվեն, մենք էլ մեր քաղաքական դիրքորոշումը կարտահայտենք»։
Այս պահին Երևանի 65 հոգանոց ավագանիում քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 33 ձայն։ Այս պահից արդեն սկսում է գործել քաղաքական մաթեմատիկան։
Թեև ուժերի մեծամասնությունը հայտարարում է, որ կուսակցության ղեկավար կազմով դեռ չեն քննարկել կոալիցիա ձևավորելու հարցը, բայց նախնական հաշվարկներ, ըստ ընտրություններում դիրքավորումների, արդեն արվում են։ Կան կոալիցիայի տարբերակներ, որոնք հենց սկզբից անհավանական են համարվում՝ նախընտրական շրջանում կամ մինչև այդ քաղաքական մոտեցումների տարբերության պատճառով։
Ըստ այդմ՝ առաջին հայացքից երկու հավանական կոալիցիայի տարբերակ է շրջանառվում։
Եթե ՔՊ–ի 24 մանդատին գումարվի «Հանրապետություն» կուսակցության 8 մանդատը, ապա 32 մանդատի դեպքում այս ուժերին անհրաժեշտ կլինի ևս մի քանի ձայն ավագանու մյուս ուժերից՝ նախընտրած արդյունքի հասնելու համար։
Կոալիցիայի երկրորդ տարբերակը երեք ուժերի միջև է․ «Ազգային առաջընթացի» 14, «Մայր Հայաստանի» 12 և «Հանրային ձայնի» 7 մանդատներով ձևավորվում է անհրաժեշտ 33 ձայնը, բայց այս դեպքում կա միասնական թեկնածու ընտրելու և բոլոր 33 մանդատակիրների քվեարկության անհրաժեշտությունը։ Եռյակի կոալիցիայի մասին առաջինը տեսաուղերձով խոսեց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը։ Պատրաստ է քաղաքապետի պաշտոնը զիջել, օրինակ, Թևանյանին պայմանով, որ վերահսկողական ծառայություններն ու լծակները տրամադրվեն «Հանարային ձայն»–ի ներկայացուցիչներին։
Ուղիղ առաջարկին ուղիղ պատասխան Հայկ Մարությանը դեռ չի տվել, բայց «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով նա համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ, բայց նույնպես պայմանով։ Հայկ Մարությանի համար կարևոր է, որ չստորագրվի կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ: Ըստ թերթի՝ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է իր պայմաններն ու իր դիրքորոշումներում շեշտը դրել իր կողմից հավաքված ամենաշատ ձայների վրա։
Թևանյանը առաջինն էր քաղաքապետի թեկնածուներից, որ հանդես եկավ մամուլի ասուլիսով հետագա անելիքների մասին։ Պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ, ով կընդունի երեք պայման՝ գնահատական տալ գործող իշխանությանը, ՔՊ–ի հետ համագործակցելու որևէ հնարավորություն չտեսնել և կիսել ամբողջական իշխանափոխության ծրագիրը։ Եռյակի կոալիցիան հավանական է համարում։ Հայտարարում է, որ քաղաքապետի պաշտոնի չի հավակնում․
«Կոնկրետ Հայկ Մարությանի մասով, եթե վերցնենք այն տոկոսները, որ իրենք հավաքել են ոչ իշխանական դաշտից, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում՝ մենք կարող ենք օգնել, որպեսզի ինքը ձայներ հավաքի, և դա կանենք այն դեպքում, երբ պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի չենք հավակնում այդ մասով, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա, ապա մենք չենք հավակնում որևէ պաշտոն կամ որևէ այլ վերահսկողական լծակ վերցնել և այլն, և այլն։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք համագործակցության այն տրամաբանությամբ, որ մեր տեսակետները կիսվում են ամբողջական իշխանափոխության մասով։ Եթե այս մասով լինեն հստակ հայտարարություններ, մենք արդեն կշարունակենք քննարկումները»։
ԸՕ սահմանում է նոր ավագանու առաջին քայլերը։ Եթե առաջնորդվենք նախնական արդյունքներով, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Հենց առաջին նիստի ժամանակ ավագանին իր կազմից պետք է քաղաքապետ ընտրի։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ուշադրություն է հրավիրում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները, հետեւաբար՝ հնարավոր են բողոքարկումներ և որոշ անճշտություններ։ Սակայն, ասում է, որպես կանոն, դրանք էական ազդեցություն արդյունքների վրա չեն ունենում։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաև ընտրության կարգը և շեմը քաղաքապետի մեկ թեկնածուից ավելի ունենալու դեպքում։ Այս ընտրությունը կարող է կազմակերպվել երկու փուլով, և անգամ այդ դեպքում էլ եթե ձայների հավասարություն լինի, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ փաստացի երրորդ փուլ, քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Մեկ թեկնածուի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է․ ընտրվում է, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Ընտրությունների արդյունքում ստեղծված պատկերը և օրենսդրական կարգավորումները հաշվի առնելով՝ ստացվում է, որ քաղաքապետ ընտրելու համար կա նաև երրորդ տարբերակ․ եթե «Ազգային Առաջընթաց», «Հանրային Ձայն» կուսակցությունները կամ «Մայր Հայաստան» դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն կարող է ընտրվել առաջին փուլով։