ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Փաշինյանը նշել է «Խաղաղության համաձայնագրի» ստորագրման ցանկալի ժամկետը

Եթե արտգործնախարար Արարատ Միրզոյանը բանակցությունների հարցով ակտիվ քննարկումներ ունի, բայց նշանակված հանդիպումներ՝ դեռ ոչ, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման օրը և վայրը հայտնի են։ Խաղաղության օրակարգին և ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հերթական հանդիպումը լինելու է հնգակողմ։ Այդ հնարավորության մասին խոսվում էր դեռևս այս տարվա հունիսի մեկից հետո։ Ուշագրավ է, որ հերթական հանդիպումը նախապատրաստվում է սահմանային իրավիճակի սրացման և հնարավոր էսկալացիայի ռիսկի բարձր գնահատման ֆոնին։

Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Եվրոպայի խորհրդի ղեկավարները երկրորդ անգամ կարող են նստել նույն բանակցային սեղանի շուրջ հոկտեմբերի 5–ին իսպանական Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այսպիսի կազմով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 1–ին։

Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա արձանագրում է ափսոսանքով․

«Որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և մենք ամեն ինչ անում ենք դրա համար»։

Փաշինյանի ընկալումներով՝ ինքը հենց դրա համար է աշխատում, որ վերջնարդյունքի հասցնի խաղաղության օրակարգը։

Խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկների 5–րդ շրջափուլի փոխանակումից հետո առանցքային՝ ամենակենսական և ամենաէական հարցերի շուրջ դիրքորոշումները չեն մոտեցել, «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Բայց, օրինակ, տարբերություն կա քարտեզներին առնչվող քննարկումներում․

«Կա խոսակցություն, որը կարող եմ ասել՝ նախկինում չկար։ Ավելի փոխըմբռնման մթնոլորտում։ Դրական ազդակներ տեսնում ենք, միևնույն ժամանակ ուզում եմ կրկին վերապահում հայտնել, որովհետև նույնիսկ կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում»։ 

Դեռ 2022–ին Պրահայում կողմերը պայմանավորվել էին փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը, բայց այսօր Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, ինչպես նաև դեռ Հայաստանում են պետության սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինվորականները։ Էսկալացիայի վտանգի առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել կառավարության նախորդ նիստից հետո, ասում է վարչապետը, իսկ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելում է․

«Ամեն անգամ ոչ միայն զորք կուտակելով, այլ նաև հարձակումներ իրագործելով մեր դիրքերի վրա, մեր սահմանների վրա, մեր տարածք ներխուժելով փորձ է արվում մեզ ինչ–որ բաներ պարտադրել, և դրա մասին հարևան երկրի ղեկավարը ուղղակի բարձ խոսում է՝ ասելով մեսիջ, փաստացի ընդունելով, որ նման անօրինական գործողություններ է իրականացնում։ Բայց ես պետք է ասեմ, որ քանի դեռ ՀՀ ժողովուրդը կանգնած է իշխանության թիկունքին, մենք պինդ ենք բանակցային գործընթացների մեջ և շարունակելու ենք»։

Հայաստանը միջազգային գործընկերների հետ անդադար կապի մեջ է, աշխատելու է այնքան, որ Ադրբեջանին կարողանան վերադարձնել կառուցողական դաշտ, նշում են Հայաստանի պաշտոնյաները։

Փաշինյանը հստակեցնում է, թե ինչն է այս պահին հետ գցում խաղաղության օրակարգի գործընթացը․ «Ակնհայտ է, որ ԼՂ–ում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը նեգատիվ ազդեցություն է թողնում խաղաղ գործընթացի վրա։ Մենք, կարծում եմ, ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել։ Այն ժամանակը և էներգիան, որը մենք շարունակում ենք, ցավոք, անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը ավելի մեծ ժամանակ և էներգիա տալու»։

«Նոր էներգիայով» նախօրեին հանդես է եկել Թուրքիայի նախագահը։ Էրդողանն իր միջնորդական ծառայությունն է առաջարկել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քառակողմ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար։ Հայաստանի վարչապետը չի ցանկանում միջնորդական առաջարկներից առանձնացնել այս մեկը․

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, հիմա ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը, խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Կարծում եմ, որ ամբողջության մեջ պետք է նայենք հարցը»։

Հայկական կողմը հորդորում է կողմերին՝ Ստեփանակերտին և Բաքվին երկխոսություն սկսել, քանի որ Հայաստանը արդեն հայտարարել է՝ նոյեմբերի 9–ի  հայտարարության համաձայն, իրեն պատասխանատու է համարում միայն Լաչինի միջանցքի վերագործարկման համար։ Մնացած հարցերը պետք է կարգավորվեն ուղիղ բանակցություններով ԼՂ և Ադրբեջանի միջև։ Այդ ուղղությամբ միջնորդները ակտիվ աշխատում են, վստահեցնում են պաշտոնյաները։ Մինչդեռ Ադրբեջանը նախօրեին անդրադարձել էր միջազգային մեխանիզմի ներդրման հարցին Ստեփանակերտ–Բաքու երկխոսության համար։ Պաշտոնական Բաքուն բացառում է որևէ երկրի մասնակցություն այդ գործընթացին։ Նման դեպքում անգամ մեկ հանդիպումից հետո կասկածի տակ կդրվեն հաջորդ հանդիպումները, համոզված է արտգործնախարար Միրզոյանը․

«Ցավոք սրտի, Ադրբեջանն ինքն է ցույց տալիս, որ այդ միջազգային ներկայության կարիքը կա, որովհետև առանց դրա, և նույնիսկ նրանց ներկայությամբ, նույնիսկ աշխարհի աչքի առջև այնպիսի ճնշումներ են գործադրում, որ նույնիսկ ճնշում անվանելը մեղմ է։ Սովահարության են հասցնում մարդկանց փորձելով թելադրել իրենց պայմանները։ Նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի պաշտոնական Բաքվի և Ստեփանակերտի միջև, միևնույն է՝ մնալով երկուսով սենյակում, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այդ խոսակցությունը, թելադրել պահանջներ, պայմաններ և չեմ կարծում, որ անկեղծ երկխոսություն կունենան, եթե չլինի միջազգային ներկայությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա Ստեփանակերտի հետ երկխոսություն իրականացնելու համար:

Back to top button