ԿարևորՀասարակություն

Ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի 

Ընտրական օրենսդրության մեջ վաղուց է եղել այն նորմը, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, եթե տվյալ համայնքում ունի 1 տարվա հաշվառում, կարող է մասնակցել ընտրություններին՝ անդրադառնալով վերջին օրերին քննարկումների կենտրոնում հայտնված թեմային ասել է ԿԸՀ քարտուղարը։  Սա հանրահռչակված սկզբունք է ՏԻՄ ընտրություններում՝ նշել է Արմեն Սմբատյանը, նկատելով, որ դեռևս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններում ընտրական իրավունք են ունեցել փախստականները:

Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներին ընտրելու իրավունք տվող օրենսդրական նորմն Ընտրական օրենսգրքում ներառվել է 2007թվականին՝ 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո։  Ղազարյանի խոսքով՝  Երևանի ավագանու նախորդ ընտրություններին ՝ 2018 թվականին, 840 հազար 602 ընտրողներից ՀՀ քաղաքացիներ չեն եղել 7741–ը, այս ընտրություններին 824 250 հազար ընտրողներից ՀՀ քաղաքացիություն չունեն 14653–ը։

Արմեն Ղազարյանը հստակեցրել է նաև որևէ հասցեում հաշվառման իրավական կարգավորումները։ Անհրաժեշտ պայմանները երկուսն են՝ սեփականատիրոջ համաձայնությունը, իսկ փաստացի հաշվառման պարագայում՝ ոստիկանության կողմից տրված տեղեկանքը։ Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե այս կամ այն հասցեում քանի անձ կարող է հաշվառված լինել՝ ասել է Ղազարյանը։

«Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և կառավարության թիվ 1231 որոշման համաձայն՝ տվյալ հասցեում հաշվառումն իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման արդյունքում: Անձը դիմում է ներկայացնում՝ ցանկանալով հաշվառվել որևէ հասցեում, դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնությունն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության  աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,- պարզաբանել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:    

Ինչ վերաբերում է շատ քննարկված հարցերից մեկին՝ ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիներին թվին, ոստիկանության ներկայացուցիչը հստակեցրել է՝ այս ընտրություններին նման իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի։  

Back to top button