ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ալմա Աթայի հռչակագիրը իրավակա՞ն, թե՞ քաղաքական փաստաթուղթ

Վերջին օրերին Ալմա Աթայի հռչակագրին պարբերաբար հղումներ են արվում․ փաստաթուղթը վկայակոչում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, բայց տարբեր են մեկնաբանությունները։ Ալմա Աթայի հռչակագիրը, իշխանության կարծիքով, Հայաստանի անկախության միջազգային վկայագիրն է, ընդդիմությունն այս ձևակերպմանը համաձայն չէ։ «Ռադիոլուր»–ը փաստաթղթի շուրջ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետի և քաղաքագետի հետ։

Ալմա Աթայիի հռչակագիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Պրահայում կայացած  Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել–Մակրոն քառակողմ հանդիպումից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին։ Այդ փաստաթղթերը հիմք ընդունելով՝ կողմերը հայտարարում էին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ըստ Հայաստանի կառավարության տարածած հայտարարության՝ կողմերը հաստատել են, որ այդ փաստաթուղթը հիմք կդառնա նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հիշեցնում է՝ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական փաստաթղթի մասին է։

«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է, և դրա հիման վրա են ընդունվում իրավական գործիքները։ Հռչակագիրը նույնն է, ինչ կոնվենցիաներում նախաբանը․ այն ցույց է տալիս ընդունողների քաղաքական կամքը, որի հիման վրա պետք է մշակվի իրավական փաստաթուղթը, քանի որ հռչակագրի հիման վրա հնարավոր չէ կատարել կոնկրետ գործեր։ Նույնն է նաև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հռչակագրային է, և դրա հիման վրա պետք է մեխանիզմներ մշակվեն։ Չեն մշակել մեխանիզմներ, դրա համար էլ խառնաշփոթ է։ Հռչակագիրը ցույց է տալիս առաջնորդների քաղաքական կամքը»։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տարածքային ամբողջականությունների ճանաչման մասին խոսելիս, դարձյալ հիշատակելով հռչակագիրը, հայտարարեց՝  այն կադաստրի մեր վկայականն է։

«Ալմա Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, և հրաժարումը Ալմա Աթայի հռչակագրից նույնն է, ինչ հրաժարումը կադաստրի վկայականից։ Բայց էդ կադաստրի վկայականը ունի մի քանի էջ։ Էջը, որ բացում ես, գրված է 29800 քկմ, դա հաջորդ էջն է, որը մենք անպայման պետք է լրացնենք։ Ալմա Աթայի հռչակագրում սահմանների անխախտելիության սկզբունքը մենք համարում ենք հակառակ ձևով՝ վատ։ Իսկ դա նշանակում է, որ սահմանը այն կողմ էլ չի կարող խախտվել, այս կողմ էլ»։

Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպմանը հաջորդ օրը հակադարձեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․

«Ասում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, դրանով աշխարհը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ավելի մեծ սուտ ես չեմ լսել։ Հայաստանն իր անկախությունը հռչակեց սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիման վրա՝ սեպտեմբերի 23-ին, բայց աշխարհը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, երբ ԽՍՀՄ ազգությունների խորհուրդը հայտարարեց, որ Խորհրդային Միությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և տարածքային միավոր այլևս գոյություն չունի։ Ալմա Աթայում Հայաստանը որոշեց միանալ ԱՊՀ-ին, ոչ թե Հայաստանը որոշեց անկախություն հռչակել»։

Պատմական փաստերը հուշում են, որ 1991 թ․Ալմա Աթայի հռչակագիրը ԱՊՀ նպատակների և սկզբունքների, դրա հիմքերի մասին է։ Այն վերահաստատվել է Բելովեժյան համաձայնագրով՝ նշելով, որ ԱՊՀ կազմավորման հետ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ։

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժյան անտառում ստորագրել են համաձայնագիր, որով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը վերջապես դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելուց և որպես աշխարհաքաղաքական իրողություն այլևս գոյություն չուներ։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Ավելի ուշ՝  դեկտեմբերի 21-ին, նախկին խորհրդային մյուս 8 հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ստորագրեցին Ալմա-Աթայի արձանագրությունը, որը մեկնաբանվում է կամ որպես ԱՊՀ համալրում այս պետություններով, կամ ԱՊՀ ստեղծման կամ վերստեղծման ամսաթիվ, որով ԱՊՀ անդամների թիվը դարձավ 11։ Վրաստանը միացավ 2 տարի անց՝ 1993 թվականին։ Այդ պահի դրությամբ նախկին խորհրդային 15 հանրապետություններից 12-ը անդամակցեցին ԱՊՀ-ին։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Ալմա Աթային հղում անելը սխալ է համարում ։

«Դա ընդամենը հռչակագիր է, այն ոչ պայմանագիր է, ոչ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ Անգամ ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերին չեն հետևում, որ օրինակ չի կարելի ուժ գործադրել կամ տարածք խլել, իսկ դա ընդամենը հռչակագիր է, և հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է ներկայացել Ադրբեջանը»։

Քաղաքագետը մատնացույց է անում պատմությունը ու հիշեցնում, որ Ադրբեջանը հրաժարվել էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և վերականգնել 1918-20թթ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, որը չի ճանաչվել Ազգերի լիգայի ոչ մի անդամի կողմից։ Այդ երկիրը պատմությունը թողել է առանց ճանաչված սահմանների, որտեղ ուշագրավ է, որ չի եղել ԼՂ։ Ըստ այդմ՝ Ալմա Աթա գնացած Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի եղել և չի ունեցել ոչ ինքնորոշման ակտ, ոչ էլ հանրաքվե։

«Ընդ որում, երբ 1991 թվականի Ալմա Աթայից հետո Ադրբեջանում անցկացվեց հանրաքվե Եվրոպայի ասելով, քանի որ ասում էին դե մի բան ընդունի, ամոթ է, այդ ժամանակվա հանրաքվեին էլ Արցախը չի մասնակցել։ Իսկ Արցախի Հանրապետությունը դեկտեմբերի 10–ին արդեն ինքնորոշվել էր»։

Քաղաքագետը պնդում է՝ Ալմա Աթիի հռչակագիրն այն փաստաթուղթը չէ, որը կարող է հիմք դառնալ տարածքային  վիճահարույց  հարցերով քննարկումների համար։

Back to top button