ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ են սովորեցնում պատմության դասերը. 1918 թ.-ի Բաքվի կոտորածը կարող էր և տեղի չունենալ

105 տարի առաջ՝ 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում կոտորածների զոհ է դարձել 30 հազար հայ։ Այդ ոճրագործությանը վերաբերող դասախոսությունների շարք է նախաձեռնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բանախոսները ծավալուն մանրամասններով անդրադարձել են Բաքվի կոտորածների քաղաքական, գաղափարական պատճառներին, իրականացնողներին, հետևանքներին ու դրանց միջազգային արձագանքին։ Զուգահեռներ են անցկացվել 1918-ի կոտորածներին նախընթաց իրադարձությունների և այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների միջև։ Բանախոսները համոզմունք են հայտնել, որ բավականին նմանություններ կան ժամանակաշրջանների միջև, և պատմության կրկնություն թույլ չտալու համար պետք է պարզապես դասեր քաղել անցյալից։  

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը չսահմանափակվեց միայն արևմտահայերի 1915-1923 թթ զանգվածային կոտորածներով ու բռնի տեղահանությամբ։ Այդ քաղաքականությունը իրականացվեց նաև արևելահայերի նկատմամբ՝ 1918-1920 թվականներին։ Այդ կոտորածներից անմասն չմնաց Բաքվի հայությունը։ 1918-ի մարտին Բաքվում պանթուրքիզմի առաջին արշավանքի փորձը տեղի ունեցավ, իսկ սեպտեմբերի 15-18-ը 30 հազար հայ զոհ գնաց երիտթուրքերի պարագլուխների կազմակերպած կոտորածներին։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին վերլուծել է 1918 թ.-ին Բաքվում հայերի կոտորածի վերաբերյալ առկա տեղեկատվությունը, այդ թվում՝ նաև գերմանական արժեքավոր սկզբնաղբյուրների։ Նա նշում է, որ պարզ են դառնում պատճառահետևանքային կապերը, և ակնհայտ է, որ Բաքվի հայերի կոտորածը կարող էր և տեղի չունենալ․ «Իհարկե, կարող էր տեղի չունենալ, եթե մեր քաղաքական ղեկավարությունը որոշակիորեն իրատես լիներ»։

Ըստ Հայրունու՝ այսօրվա իրադրությունը որոշակիորեն հիշեցնում է 18-20 թվականները, երբ հնարավոր էր պատմական հայրենիքի մի մասը պահել որպես հայկական, ինչը ձախողվեց հենց այդ քաղաքական անիրատեսության պատճառով։

Անիրատեսությունից զատ, նաև ոչ համարձակ քայլերն էին պատճառը 1918-20 թթ-ին թե՛ հայերի կոտորածների, թե՛ մնացած կորուստների՝ կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Նա համարձակ գործելու կարիք տեսնում է նաև այսօր․

«Համարձակ և մտածված, պատմական փորձը հաշվի առնելով և քո ժողովրդի, պետության շահը ամեն ինչից վեր դասելով և առաջ տանելով։ Երևի թե՝ դա դասերից մեկն է, որ 18-20 թիվը մեզ առաջարկում է»։

Ցավոք, այդ պատմության դասերը բավականաչափ չենք յուրացրել՝ արձանագրում է պատմաբանը․ «1920 թ.-ին մենք Հայկական հարցի լուծումը տեսնում էինք միայն Անտանտի երկրների՝ Արևմուտքի օգնության մեջ  ու հետո պետք է ասեինք, որ մենք խաբվեցինք, մեզ խաբեցին։ Եվ դա է պատճառը, որ ի վերջո հայ ժողովրդի փրկությունը դարձավ Հայաստանի խորհրդայնացումը՝ ցավոք, փոքր տարածքի վրա»։

Պատմությունը չի ներում, երբ նրա դասերը չես յուրացնում՝ կարծում են պատմաբանները։ Ըստ նրանց՝ այսօրվա իրադրությունները նման են, իսկ սխալի դեպքում՝ հետևանքներն էլ աղետալի կլինեն։ Պատմաբան, պրոֆեսոր Վահան Մելիքյանի դիտարկումը.

«Օբյեկտիվորեն Ռուսաստանը պետք է պաշտպանի արցախահայության շահերը՝ Արցախը պետք է բնակեցված լինի հայերով, թե չէ իր ներկայությունն այլևս չի հիմնավորվի»։

Այդ առումով պատմաբանները որոշակիորեն անհանգստացած են Հայաստանում հանրային շրջանում հակառուսական տրամադրությունների առկայությամբ։

Աշուտ Հայրունի. «Դա ամենևին հիմնավորված չէ։ Ռուսաստանը երկար ժամանակ եղել է մեր դաշնակիցը, է և կմնա, եթե մենք ճկուն քաղաքականություն վարենք։ Նաև պետք է նկատի առնենք՝ Արևմուտքը, բացի հուշագրերից, բացի կոչերից ու խոստումներից, ուրիշ ոչինչ չի կարող տալ։ Ու եթե այս տարածաշրջանում լինելու է քաղաքական ու ռազմական որևէ գերակայություն, ապա դա կամ՝ թուրքականն է, կամ ռուսականը»։ 

Պատմաբանը նկատում է, որ երկարաժամկետ առումով տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է դիտարկել ռուս-թուրքական հակամարտության համատեքստում, ինչն ունի դարերի պատմություն և, անկասկած, շարունակվելու է, իսկ եթե այս պահին այն չկա՝ դրա պատճառը Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն է։

«Պատմությունն արդեն փաստարկել է, որ Արևմուտքը Ռուսաստանին հարվածելու համար որևէ բարոյական արժեքներ չի ճանաչում և պատրաստ կլինի զոհաբերել և մեզ, ինչպես դա տեղի ունեցավ 18-20 թվականներին, և այլ արժեքներ։ Կամ՝ մարդասիրական, բարոյական արժեքների ոտնահարման գնով Արևմուտքը Ռուսաստանին կհարվածի որտեղ որ հնարավոր է, իսկ դա կորստաբեր կլինի մեզ համար։ Մենք մեր ապագան պետք է տեսնենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ»։

Սա մեր պատմության ամենագլխավոր դասն է, որը մենք պետք է յուրացնենք որքան հնարավոր է շուտ՝ եզրափակեց պատմաբան Աշոտ Հայրունին։

Back to top button