

13 կուսակցություն և մեկ դաշինք օգոստոսի 23–ից Երևանում նախընտրական քարոզարշավ էին անցկացնում։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը՝ լռության օր, իսկ արդեն սեպտեմբերի 17–ին երևանցիները ավագանի կընտրեն։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը վարչական ռեուրսի կիրառումից են դժգոհել, քաղտեխնոլոգն էլ՝ դժգոհել է տեխնոլոգիական միջոցների աղքատությունից։
«Ասե՛ք, կանենք», «Սիրտդ տո՛ւր Երևանիդ», «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք» , «Երևանը քո դեմքով», «Միացիր, որ փոխենք» և այլ կարգախոսներով, տարբեր շեշտադրումներով ու տարբեր վայրերից սկսված Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր։ Բակային հանդիպումներ, հանրահավաքներ, երթեր․․․ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը օգոստոսի 23–ից սկսեցին քարոզաշավը։ Նրանք երևանցիներին ու երևանի գրանցում ունեցող օտարերկացիներին ամեն կերպ համոզում էին ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հենց իրենց անունով քվեաթերթիկը դնել ընտրական ծրարի մեջ։ Մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը այս քարոզարշավի ամենաշատ քննարկվող հարցերից մեկն էր: Ընտրությանը մասնակցող երկու ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Ազգային առաջընթացի» քաղաքապետի թկենածուները ողջ քարոզարշավի ընթացքում իրենց օրոք ձեռք բերված ավտոբուսների վրա շեշտը դրեցին՝ հոլովակներում ներկայացնելով դրանք։ Գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմն ընտրել էր՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանինը՝ «Առանց ասելու էլ արեցինք»։ Տիգրան Ավինյանը պնդում էր, որ տրանսպորտային բարեփոխումներն իր քաղաքական թիմի ձեռքբերումն են․
«Այն, ինչը որ իրականացրել է կառավարությունը, այն, ինչը որ իրականացրել է Երևանի ավագանին, այն, ինչը որ, կներեք անհամեստության համար, բայց նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև, վերագրել միայն մեկ հոգու, երբ որ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ…. կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, այսօր կառավարությունն է այդ վարկը մարում»։
«Տրանսպորտային» բանավեճն այսքանով չավարտվեց․ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի թիմակիցների տարածած հոլովակից անհետացել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նրա փոխարեն տեսանյութում մոնտաժի միջոցով ջրի բաժակ է հայտնվել։ Տրանսպորտային բարեփոխումների մասին կարճ հոլովակում 2021 թվականին ավտոբուսների գնման պայմանագրի կնքման դրվագն էր դա, երբ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր։ Նրա թիմն անմիջապես նկատեց՝ նախկին քաղաքապետին պարզապես կտրել — հանել են՝ հայտարարեցին։ Մարությանը ՔՊ-ականներին մեղադրեց իրենից գողացած նախընտրական հոլովակը տարածելու մեջ: Ֆեյսբուքում Հայկ Մարությանը գրեց․
«Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…»։
Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ակտիվ էին ոչ միայն բակային հանդիպումներում, այլև սոցիալական ցանցերում։ Նրանք իհարկե ապավինում են երևանցիների քվեին, բայց և վստահ են իրենց ուժերին։
«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ամփոփիչ ուղերձով հանդես եկավ․
«Սա սովորական ընտրություն չէ, այն ճակատագրական է լինելու Արցախի ու Հայաստանի համար։ Բոլորիս առաջ դրված է իրական խաղաղության և իրական պատերազմի ընտրության հարցը։ Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան»։
«Արդար Հայաստան»–ում արձանագրում են՝ նախընտրական գործընթացը մրցակցային հնարավոր չէ համարել։ Քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը քաղաքապետարանի դիմաց կանգնած հայտարարում է՝ այս ընթացքում տարբեր ահազանգեր են ստացել․
«Հրապարակվեց հայտնի տեսնայութ, որտեղ մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցները խոստովանում են, որ իրենց հորդորել են տարբեր կերպով մասնակցել ընտրական գործընթացին»։
«Ապրելու երկիր» կուսակցությունում վստահ են, որ Երևանում առկա խնդիրների լուծումները իրենց ծրագրում կան։ Նախընտրական շրջանում այստեղ էլ վարչական ռեսուրսի կիրառում նկատել։ Բայց սա նրանց համար անկանկալ չէ։ Մանե Թանդիլյան․
«Տրամադրվեք փոփոխությունների, որովհետև ես հենց այդպես էլ տրամադրված եմ»։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում «GALLUP International Association»–ը երեք հետազոտական փուլ է անցկացրել, երկուսն արդեն ներկայացրել է, հերթականն այսօր ներկայացվեց։ Հարցումներով փորձել են պարզել նաև, թե որ քաղաքական ուժի հանդիպումներին են մասնակցել, ում են տալու իրենց ձայնը։ GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյան․
«Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների 22.5 %-ը իր ձայնը կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, 14.3 %-ը կընտրի Հայկ Մարությանին, իսկ 7.8 %-ը «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է։ «Հանրային ձայն»՝ 6․7%, «Ապրելու երկիր» 5․7%․ « Հանրապետություն»՝ 5․2 %․ «Լուսավոր Հայաստան»՝ 3․8 %, «Հաղթանակ»՝ 3․6%, «Արդար Հայաստան» 2․3%, « Ուժը հայրենյաց»՝ 1․9%, «Միացյալ Հայաստան»՝ 1․3%, «Հայաստանի Եվրոպական կուսակցություն», 1․1 %, ԺՀ՝ 1․1 տոկոս, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 14 տոկոս։ Դժվարացել է պատասխանել 9․9 տոկոս, 11․6 տոկոսը՝ հրաժարվել է հարցին պատասխանել»։
Սա քաղաքական գործընթաց է, ոչ թե քաղաքային՝ արձանագրում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ընդգծում է՝ «Մայր հայրենիք»–ն ու ՔՊ–ն իրենց ռեսուրսը ամբողջությամբ չօտագործեցին։ Քաղտեխնոլոգը ամփոփում է՝ առաջատար երեք ուժերի՝ ՔՊ–ի, «Մայր Հայրենիքի» ու «Ապրելու երկրի» քարոզարշավները հիշեցնում էին 1990–ականներին անցկացվող քարոզարշավները, այն է՝ բակային հանդիպում, ծրագրային թռուցիկներ ու հեռուստատեսային գովազդ․
«Տեխնոլոգիապես նման աղքատիկ ընտրություն եղավ այն ժամանակ։ Այն ժամանակ, դա հասկանալի, բացատրելի էր։ Մարդիկ այլ ձևեր չգիտեին։ Այժմ սոցիալական ցանցերն են զարգացած, բավարարվել այս երեք տեսակի տեխնոլոգիայով․․․ Հայաստանում նախկինում գիտեինք ընտրությունները ինչպես էին անցկացվում, անգամ այդ ժամանակ էր տեխնոլոգիապես ավելի հարուստ»։
Բացի մի քանի ուժից, պլակատային քարոզարշավ նույնպես չանցկացվեց՝ ասում է մասնագետը։ Թռուցիկների կիրառության 20 տեսակից միայն մեկն օգտագործվեց։ Սոցիալական ցանցերում բացի կոպիտ գովազդից այլ հոլովակներ, թեկնածուների՝ Երևանի մասին ունեցած պատկերացումները ներկայացնող վիդեոներ չեղան՝ ասում է Արմեն Բադալյանը։
Հարցվածների 55 տոկոսը նշել է, որ սեպտեմբերի 17–ին միանշանակ մասնակցելու է քվերակությանը, 13.8 տոկոսը՝ ավելի շուտ կմասնակցի, 8.4 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 20.7 տոկոսը՝ հայտարարել է, որ քվեարկությանը չի մասնակցելու։