
Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությունն այսօր ավարտվել է, կողմերին ողջամիտ ժամկետ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ոստիկանությանը հղում տալով՝ հայտնում է «Փաստինֆոն»։
«Նախաքննության ավարտական փուլում մեկը մյուսին հետևեցին գործով մեղադրյալների մեղադրանքի ծավալում փոփոխություններն ու նոր մեղադրանքի առաջադրումը: Այսպես, մեղադրյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի մեղադրանքից հանվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը և դրա փոխարեն առաջադրվել նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն մեղադրյալներ Սևակ Մնացականյանին և Տիգրան Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրյալ Հայկ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն և 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրյալ Վարդան Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Մեղադրյալներ Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրանքի փոխարեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Միսակ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փոխարեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն: Վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, Ալեք Պողոսյանին առաջադրված մեղադրանքի փոխարեն նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Եվս 3 մեղադրյալի՝ Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքին «գումարվել է» նաև մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նշենք, որ նախաքննության ավարտական փուլում ոչ միայն նոր մեղադրանքներ առաջադրվեցին, այլև գործում ներգրավվեց նոր մեղադրյալ՝ Շանթ Հարությունյանի որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նա ստորագրությամբ հանձնվեց ծնողին:




