Երևանը խրախուսում է Ստեփանակերտին՝ ներգրավվելու երկխոսության մեջ, Արցախում ակնկալում են ՀՀ-ի ակտիվ ներգրավվածությունը


ԼՂ-ում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար 1 բեռնատարը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են դիվանագիտական բոլոր ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Վարչապետը նշել է, որ բանակցությունները շարունակվում են և ընդգծել, որ դրանցում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Ստեփանակերտում այդ շփումները ոչ թե բանակցություններ, այլ քննարկումներ են որակում՝ այս փուլում զերծ մնալով հավելյալ մանրամասներ հաղորդելուց։
Եթե մեկ-երկու օրվա ընթացքում Արցախում հումանիտար խնդիրներին լուծում չտրվի, ապա իրականում կսկսվի այն աղետը, որի մասին արդեն երկար ժամանակ ահանզանգ է հնչեցվում՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ասում է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա խոսքով, բանակցություններ՝ որպես այդպիսին, Արցախում այս պահին չեն ընթանում։ Ասում է՝ հումանիտար աղետն այն կետին է հասել, որ առավել առաջնահերթը միջանկյալ միջոցներ ձեռնարկելն է։
«Դա չի կարելի բանակցություններ կոչել։ Դա աշխատանք է ռուս խաղաղապահների հետ, որը նորընտիր նախագահը համակարգված և տեղը տեղին կատարում է, որպեսզի առավելագույնս արագ ու արդյունավետ այս հարցը կարգավորվի։ Բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Դրանք բանակցություններ չեն, ուղղակի, միջանկյալ կարգավորումներ՝ ժողովրդին այս վիճակից դուրս բերել կարողանալու համար»։
ՀՀ-ի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով Կոռնիձորի մոտ շարունակում է ԼՂ-ի մուտքի հնարավորությանը սպասել՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դիվանագիտական բոլոր ջանքերը ձեռնարկվում են։
«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»։
Խոսելով միջազգային վստահելի մեխանիզմի ստեղծման մասին՝ վարչապետը չի հստակեցնում, թե որ պետության կամ միջազգային կառույցների միջոցով է հնարավոր ձևավորել այդպիսի մեխանիզմ։
Այս տարվա փետրվարի 18-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել «պրակտիկ շփումներ Ղարաբաղի հայ համայնքի հետ»։ Այդ հայտարարությունից հետո Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում տեղի ունեցավ։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց՝ կամ ինտեգրում, կամ խնդիրները չեն լուծվելու։ Ստեփանակերտից էլ հստակեցվեց՝ Արցախի շրջափակման հարցով նման քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները։ Արցախում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են համարում միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնումը։
«Եթե միջազգային ձևավորված մեխանիզմներով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար հարթակ ստեղծվի, Ստեփանակերտը միայն ուրախ կլինի դրա համար»։
ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ասում է, որ Արցախի համար լավագույն տարբերակը կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում միջազգային հարթակի ձևավորումը, որում Ստեփանակերտը լիիրավ բանակցային կողմ կլիներ։ Սակայն, կա հիմնավորված թերահավատություն, թե Բաքուն ընդհանրապես պատրաստ է միջազգային որևէ ձևաչափով բանակցության։
«Որևէ միջազգային կառույցի հովանու ներքո իրավահավասարության սկզբունքով որևէ սեղանի պատրաստ չեն նստել»։
Դրանում մեկ անգամ չէ, որ համոզվել են Ստեփանակերտում։ Ակնհայտ է, որ Բաքուն մի կողմից սադրանքների է գնում, իսկ մյուս կողմից փորձում միջազգային հանրությանը ներկայացնել, թե պատրաստ է երկխոսել Ստեփանակերտի հետ։ Իսկ Ստեփանակերտը հիշեցնում է միջազգային փաստաթղթերը, որոնք Ադրբեջանն ուղղակի անտեսում է.
«Հաագայի դատարանի վճիռ կա, փաստացի՝ գետնի վրա այստեղ գործող ռուս խաղաղապահներ կան, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կա, բայց Ադրբեջանը որևէ կերպ գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերը չի պահպանում, բայց խոսում է իր կողմից, այսպես ասած, խաղաղարար առաքելության մասին»։
Մետաքսե Հակոբյանը նկատում է, որ բավականին երկար ժամանակ է խոսվում երկխոսության համար միջազգային վստահելի մեխանիզմ ձևավորելու մասին, բայց միայն տեսական ձևակերպումներ են քննարկվում։
«Ձևաչափը մեկն է, որը կարելի է դիտարկել որպես միջազգային մեխանիզմ, որի մասին մենք արդեն բավականին ժամանակ խոսում ենք, ու պետք է դա միանշանակ կյանքի կոչել։ Իհարկե դա հնարավոր է լինելու հենց Արցախի իշխանությունների ջանքերով։ Դա այն եռակողմ հայտարարությունն է, որի տակ ստորագրել են երեք երկրների ղեկավարները, այն է՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Անհրաժեշտ է հենց այս ձևաչափով յուրաքանչյուր երկիր ստեղծի իր աշխատանքային խումբը և «3+1» ձևաչափով /պլյուս մեկը, դա կլինի Արցախի ձևավորած աշխատանքային խումբը/ նստեն, ի վերջո, իրար դիմաց։ Դա կկոչվի «երկխոսություն», «բանակցություն», թե հանդիպում… բայց այդ հարթակում Արցախն ու Ադրբեջանն իրենց առաջարկները կամ պահանջները կդնեն ու կհասկանանք, ի վերջո, թե ինչպես կարելի է այս իրավիճակը շտկել»։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այսօրվա իրավիճակում որևէ այլ վստահելի ձևաչափ պարզապես չի կարող լինել։