Արցախյան օրագիր․ ճանապարհը մեզ պետք է Մայր Հայրենիքի հետ կապի, ոչ թե սնունդ ստանալու համար


Արցախում ստեղծված ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Իսկ հացի խնդիրն արդեն օրհասական է դարձել։ Սակայն «Ռադիոլուրի» արցախցի զրուցակիցներն ասում են, որ պատրաստ են նման զրկանքներ կրելով պայքարել, միայն թե ապրեն իրենց հայրենիքում, միայն թե օր առաջ վերականգվի կյանքի ճանապարհը։
Արդեն երկու օր է՝ Արցախում հացի խնդիրն էլ ավելի է սրվել։ Մարդիկ կտրոնները ձեռքներին հաճախ մնում են առանց հացի։ Արև Հակոբյանի ընտանիքը մինչև պատերազմն ապրել է Շուշիում, հետո տեղափոխվել են Ստեփանակերտ։ Երկու անչափահաս երեխաների մայր է։ Ասում է՝ լույսը բացվում է, տնից դուրս է գալիս ուտելիք գտնելու հույսով։ Այսօր սակայն ձեռնունայն է վերադարձել․
«Ստեփանակերտում ենք մնում, վիճակը հիմա շատ ծանր է, դժվար է։ Հացի խնդիրն արդեն կրիտիկական է, հացը անգամ տալոնով չենք կարողանում գտնեք։ Երկու երեխա ունեմ, մեկը դպրոց է գնում, մյուսը՝ մանկապարտեզ։ Մանկապատեզում նույնիսկ հաց չկա, որտեղից որ հայթայթում ենք, մեր երեխաների հետ դնում ենք, տանում են։ Հույս ունեի մի բան գոնե գտնեմ՝ վարունգ, լոլիկ, պղպեղ․․․ ոչ մի բան չկար»։
Արցախում ապրողների առօրյան այսօր շատ միանման է։ Նրանք բոլորն էլ աշխատանքից առաջ, աշխատանքից հետո նույնն են անում՝ պտտվում են քաղաքի խանութներով՝ հույս ունենալով, որ մի բան կգտնեն։ Եթե գյուղում բարեկամներ ունես, ապա վիճակը մի քիչ մխիթական կարող է լինել։
Ալյոնա Գրիգորյանը ասում է՝ ինքը մեղմ ասած այս պահին դժգոհելու տեղ չունի՝ ծնողները գյուղում են ապրում՝ դժվարությամբ, բայց կարողանում են սնունդ հասցնել։ Իսկ Ալյոնան ինչպես ասում են՝ երկու հոգու չափաբաժնով պետք է սնվի, քանի որ երրորդ երեխայի ծնվելուն է սպասում։ Ասում է՝ հենց բլոկադայի ժամանակ են որոշել, որ պետք է երեխա ունենան։
«Լավ պայմաններում բոլորն էլ կարող են երեխա ունենալ։ Բայց եթե ուզում ենք Արցախը ապրի, Արցախում պետք է ծնունդներ լինեն»։
Արդեն որոշել են՝ աղջկա անունը Խիմի են դնելու։ Ալյոնան բացատրում է, թե ինչու այդ անունը․
«Հունական անուն է, բայց Կիլիկյան թագավորության ժամանակ արքաները իրենց դստերը Խիմի էին անվանում, որը նշանակում է աղոթքից առաջ լռություն և խաղաղություն բերող»։
Արցախցիների համար ընդունելի չէ Ակնայի ճանապարհով հումանիտար օգնության տրամադրումը, քանի որ հասկանում են Ադրբեջանի բուն մտադրությունը։ Եթե Ռուսաստանը ցանկանում է օգնել, ապա թող Լաչինի միջանցքով այն ուղարկի, ասում են զրուցակիցներս։
Ալյոնա Գրիգորյան․ «Մենք ամեն ինչ անում ենք, որ թուրքական որևէ ապրանք չմտնի այստեղ, որովհետև մենք խոզ չենք, որ միայն կերակրելու մասին մտածենք։ Այստեղ միայն սնվելը չի, մենք պայքարում ենք, որ բացվի մեր Մայր Հայրենիքի հետ կյանքի ճանապարհը»։
Մելինե Պետրոսյանը ապրում է Մարտակերտում, ուսուցչուհի է։ Նա խոստովանում է, որ իր աշակերտների հետ հաճախ է զրուցում ասելով, որ պետք է մնալ ու հայրենի հողը պաշտպանել, բայց երբեմն ինքն է հուսահատվում․
«Գիշերները վախենումեմ արթնանալուց, քանի որ էդ խավարի մեջ էնքան տագնապալի մտքեր են պաշարում, որ էլ չգիտես։ Բայց եթե նույնիսկ Արցախն ամբողջությամբ հանձնեն, որպես արժանապատիվ հայ, իմ երեխաների աչքերի մեջ նայեմ ու ասեմ՝ ամեն ինչ արել եմ իմ ուժերի սահմաներում»։