
Խոշորացված փնջերի գյուղական բնակավայրերի դպրոցներում չկա անհրաժեշտ ծանրաբեռնվածություն։ Կրթական բարեփոխումների շրջանակում գործադիրում քննարկել են խնդիրն ու հավանության արժանացրել կրթահամալիրների կառուցման տարբերակը: Դրանք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի համար: Մինչ գործադիրում խնդիր է դրվել հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի, Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում մարդիկ տարակուսանքի մեջ են: Լսել են, որ դպրոցները միավորվելու են: Շատերը արտագաղթի նոր ալիք են կանխատեսում:
Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մոտկորի գյուղերում մտահոգ են: Լուր են ստացել, որ 2025-26 ուսումնական տարում Թումանյան փնջի 7 գյուղերի դպրոցները կմիավորվեն. Աթան, Ահինձոր, Շամուտ բնակավայրերինը՝ Լորուտի դպրոցին, Մարցի դպրոցն էլ` Քարինջին: Նախատեսված է Քարինջում ժամանակակից կրթահամալիր կառուցել:


Միավորվելու են Թումանյան համայնքի գյուղերի այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը հարյուրից պակաս է։ Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի տվյալներով՝ դեռ 1978թ-ին Ահնիձորի դպրոցը քիչ աշակերտ ունենալու պատճառով փակվել է: 1992թ.-ից վերաբացված հիմնական դպրոցն այժմ ունի 4 դասարան: 33 աշակերտ ու 10 մանկավարժ էլ Աթանի դպրոցն ունի: Ամենաշատ թվով աշակերտներ ունեն Քարինջի և Լորուտի դպրոցները՝ համապատասխանաբար 68 և 132 աշակերտ: Աթանի դպրոցի տնօրեն Արամ Մարությանը չցանկացավ մեկնաբանել լուրը: Ասաց՝ վատ է վերաբերվում սպասվող փոփոխությանը: Դպրոց չեղավ, գյուղը ծերանալու է
Արամ Մարության, Աթանի դպրոցի տնօրեն․ «Գյուղը պիտի դպրոց ունենա, գյուղ պահողը դպրոցն է, մի խոսացրեք, չեմ ուզում մեկնաբանել»:
Կառավարության որդեգրած կրթական բարեփոխումների համատեքստում մինչև 2026 թվականը մեր երկրումշուրջ 150 կրթահամալիր կկառուցվի կամ կվերանորոգվի։ Գործադիրում խնդիրը հստակ է դրված՝ Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթությունը պիտի հասանելի լինի, որովհետև գյուղերի դպրոցներում գնալով նվազում են աշակերտները, դպրոցն էլ՝ կանգնում փակման վտանգի առաջ։ Անկախ աշակերտների թվից՝ նոր կրթահամալիրները պետք է ունենան առնվազն 12 դասարան։

Տարակուսած է նաև Մարցի դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: 2014-ին է կառուցվել դպրոցը՝ նախատեսված 169 աշակերտի համար: Հարմարություններով 2-րդն է Լոռու մարզում: Պետությունն այդքան միջոցներ է տրամադրել, ինչո՞ւ են որոշել, որ գյուղի աշակերտները հարևան գյուղում պիտի դպրոց հաճախեն:
Սուսաննա Վարդանյան, Մարցի դպրոցի տնօրեն․ «Գաղափարը լավն է, երբ կրթահամալիր են ստեղծում, երեխաները հնարավորություն են ունենում․դասից բացի՝ կլինի նաև արվեստի դպրոց, սպորտդպրոց, կտրամադրեն տրանսպորտ: Ես ողջունում եմ կրթահամալիրներ ստեղծելու գաղափարը, բայց չեմ կարողանում հասկանալ, ինչու ոչ մեր դպրոցի շենքը: Կրթահամալիր ուզում են կառուցել Թումանյան քաղաքում, Քարինջում և Լորուտում, թե Մարցի դպրոցի երեխաները ո՞րը կհաճախեն, որոշում է ծնողը, իսկ ծնողներից շատերը, իմանալով դրա մասին, ասում են, որ մենք մեր երեխաներին կտանենք Վանաձոր: Կարծում եմ՝ մեծամասամբ գյուղը կդատարկվի»:
Պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքների խոշորացումից հետո գրանցվել է բնակչության թվի որոշակի նվազում։ Տվյալները «Խոշորացված համայնքների սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո» հետազոտությունից են, որ իրականացրել է «Կոմպաս» հետազոտական կենտրոնը: Ազգագրագետ, հետազոտող Արտաշես Բոյաջյանի խոսքով՝ եթե մինչև խոշորացումը՝ 1996-2015թթ․-ին, Թումանյան խոշորացված համայնքի բնակչության թիվը նվազել է տարեկան միջինը 1,1%-ով, խոշորացումից հետո՝ 2015-2021թթ-ին՝ 1,5%-ով։

Արտաշես Բոյաջյան,ազգագրագետ, հետազոտող․ «Ուզում ենք արձանագրել, որ այդ սկզբունքը համայնքների խոշորացման, որը պիտի նպաստեր բնակչության թվի ավելացմանը, չի պահպանվել: Շատ դժվար է ասել՝ խոշորացո՞ւմն է պատճառը բնակչության նվազման, թե՞ ոչ: Համայնքների խոշորացումից հետո գրանցվել է բնակչության թվի շեշտակի անկում»:
Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանն էլ է մտահոգ: Պիտի առաջնահերթություններ հաշվի առնվեն՝ ասում է, պետական միջոցները նպատակային ծախսվեն: Այդքան գումար է ծախսվել պետբյուջեից մեր գյուղի դպրոցը կառուցելու համար, լավ դպրոց ունենք, ինչո՞ւ մեր աշակերտը գնա Քարինջի դպրոց, թող քարինջեցի երեխաները գան Մարց: Մոտ 500 բնակիչ ունի Մարցը: Մեր գյուղից շատ չեն արտագաղթում, հիմնականում՝ սեզոնային աշխատանքի: Նրանք, ովքեր հայրական տներ ունեին, ասում է, եկել, գյուղում են հաստատվել, գյուղն սկսել է շնչել: Դպրոցների միավորումից հետոնորից քաղաք կգնան:
Արեն Ղազարյան, Մարցի վարչական ղեկավար․ «Էսօր մարդիկ հետ են եկել, վերանորոգել իրենց տները, գյուղը ոնց որ զարթնում է, բայց եթե նման հարց եղավ, միավորեցին դպրոցները, մեր գյուղերը կդատարկվեն: Ճանապարհը ասֆալտապատում են, բայց ձմռան ամիսներին վտանգավոր է մեր ճանապարհներով երթևեկելը: Մեր բնակավայրերը պատրաստ չեն դրան, մեր գյուղերը, մեր տեղանքը անձրևային են, ու ձմեռային եղանակներին վտանգավոր ա»:

Թումանյան խոշորացված համայնքի Աթան վարչական շրջանի ղեկավար Տիգրան Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ 65 տնտեսությամբ Աթանից ամեն մեկի գնալն էլ ցավոտ է: 270 բնակչից գյուղում փաստացի ապրում են շուրջ 150-ը: Բարեկեցիկ կյանքի փնտրտուքով մարդիկ լքում են գյուղն ու տեղափոխվում մայրաքաղաք կամ մարզկենտրոն Վանաձոր: Բացի դպրոցից՝ կրթական այլ կառույցներ չկան գյուղում: Դպրոցներն էլ որ միացան, գյուղը կդատարկվի:
Տիգրան Քոչարյան, Աթանի վարչական ղեկավար․ «Քչացել են մարդիկ, հիմա ջահելների մեծ մասը էլ գյուղերում չի մնում, դպրոցը վերջացնում են ու գործ լինի, չլինի՝ գնում են քաղաք:Եթե էդ էլ եղնի, գյուղերը սաղ կդատարկվեն:»:
Մի կողմից զարգացման ծրագրեր, մյուս կողմից գյուղերի դպրոցների միավորում: Իրարամերժ մոտեցումներ են, որ ի նպաստ գյուղի չեն լինելու՝ Ահնիձորից Հայկն է ասում: Վերջերս Թումանյանի գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված միջոցառմանն է լսել դպրոցների միավորման մասին:
Հայկ Մաթևոսյան, Ահնիձորի բնակիչ․ «Կառավարության 26 թվականի ծրագրերում նախատեսված է Մոտկորի գյուղերի դպրոցների միավորումը, որը կարելի է ասել՝ վերջն է, դրանից հետո գյուղերում պարզապես մարդ չի մնա: Տրանսպորտի հարցը իրենք են լուծելու, բայց ես չեմ կարծում, որ դա արդարացի է: Ֆինանսական առումով հասկանում եմ, որ դա ձեռնտու չէր կառավարությանը, բայց գոնե պահում էին, որ գյուղերը չդատարկվեին, հիմա եթե էդ ծրագիրը կյանքի կոչվի գյուղերը ավելի են դատարկվելու»:

Քարինջի դպրոցի տնօրեն Արամ Եղինյանն ասում է՝ հարցը դեռ նախնական քննարկումների փուլում է: Նախարարությունից ու քաղաքաշինական կոմիտեից եկել, ուսումնասիրել են՝ որքանով է իրենց դպրոցի տարածքը համապատասխանում նախատեսվող չափորոշիչներին: 219 աշակերտի համար նախատեսված դպրոցն ունի բոլոր պայմանները կրթական գործընթացի համար՝ ասում է տնօրենը: Չափերով ամենաքիչը 10 անգամ մեծ է Մարցի դպրոցից։
Արամ Եղինյան, Քարինջի դպրոցի տնօրեն․ «Եթե կառույց են ուզում կառուցեն, տարածք պետք է ունենան: Քարինջի դպրոցն ունի 1 հեկտար 8000 մետրից ավել տարածք, որտեղ հնարավոր է էդ բոլոր բաները սարքել: Ունի նաև ապաստարան: Քանի որ տարածքը կա, ուզում են մինի ջերմոց սարքեն, ունի էդ տարածքը, դպրոցները գնում են առողջ ապրելակերպի, փոքր այգի հիմնելու, որ աշակերտները ներգրավվեն: Եկել են նայել են, տեսել են, նախարարությունից, քաղաքաշինությունից»:
Դպրոցների միավորման մասին դեռ 2016-ի խոշորացումից հետո էին խոսում: Թումանյան փնջի նախկին ղեկավար Լևոն Զավարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց այն ժամանակ քննարկվում էր ոչ թե դպրոցների միավորման, այլ գյուղական բնակավայրերում տիպային դպրոցներ բացելու տարբերակը՝ Յունիսեֆի աջակցությամբ:
Լևոն Զավարյան․ «Աթանում էինք Յունիսեֆի հետ, լուրջ առաջարկ արեց: Գնացել, տեղում նայել ենք: Գյուղական դպրոց էր, շատ հետաքրքիր պրոյեկտ էր՝ իր լողավազանով, ամեն ինչով: Եթե կառուցվեր, օրինակ Աթանի համար էինք նախատեսել, Շամուտինը նորմալ էր, Ահնիձորի»:
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության վարչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խոսքը կրթական կլաստերի մասին է: Նախատեսվում է ունենալ կրթահամալիր՝ գյուղերում ենթաճյուղերով:ԿԳՄՍ նախարարությունից էլ«Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ ի թիվս հանրապետության մի շարք այլ բնակավայրերի՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նշված բնակավայրերի համար նույնպես կառուցվելու են նոր դպրոցներ: Դպրոցների միավորման ծրագիր չի իրականացվում:




