Ի՞նչ սպասել «հեռակա» դիվանագիտությունից․ ԱԺ խմբակցությունները՝ բանակցային գործընթացի մասին


Սեպտեմբերի 12–ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրին առնչվող ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Փաստաթղթերի փոխանակման 5–րդ շրջափուլը սկսվել էր օգոստոսի 25–ին: Այդ օրը Երևանն առաջարկների փաթեթը փոխանցել էր Բաքվին և այժմ ստացել է պատասխանները։ «Գործընթաց կա, քննարկում կա։ Առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել»,– Աժ–ում հարց ու պատասխանի ժամանակ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միաժամանակ նա նշել է, որ կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից։ Արդեն խորհրդարանական ճեպազրույցների ժամին որոշակի պարզաբանումներ տրվել են փաստաթղթի որոշ դրույթների առնչությամբ։
Խաղաղության պայմանագրի կետերի քննարկումներ՝ ուժի սպառնալիքի ներքո․ իրականության մեջ այսպիսի իրավիճակ է հայ–ադրբեջանական բանակցություններում։ Մինչ փաստաթղթի կետերը փոխանակվում են հեռակա՝ «էլեկտրոնային» դիվանագիտության միջոցով, իրական ռեժիմով Ադրբեջանը ռազմական շարժ է իրականացնում սահմանի երկայնքով, հնարավոր էսկալացիայի հավանականությունը հայկական կողմը բարձր է գնահատում։ Իշխանական կուսակցությունում, սակայն, այս իրավիճակը չեն ընկալում որպես խաղաղության օրակարգի փակուղի։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ գիտակցում են, որ փաստաթուղթը հեշտ չի տրվելու, բազմաթիվ կետեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ չեն մոտենում։ Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ թվարկում են դժվար բանակցվող կետերից մի քանիսը․


Արթուր Հովհաննիսյան․ «Ամենագլխավոր կետերը եթե պետք է նշենք, ապա դրանք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչումն է, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացումն է, ՀՀ ինքնիշխանության և սուվերենության պահպանումն է։ Սրա տակ, բնականաբար, կան բացվածքներ, կան դետալներ, որոնց մասին այս պահին հրապարակային խոսելու կարիք չկա»։
Արուսյակ Ջուլհակյան․ «Երկու երկրները բանավոր պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը մենք կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, այս պահի դրությամբ դեռևս ՀՀ–ին չի բավարարում, որ բավարար երաշխիքներ կունենանք, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ սադրիչ գործողություններ չեն լինի»։
Դժվար բանակցվող կետերից մեկը բացահայտել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ նշելով, որ Բաքուն առաջարկում է Երևանին «խաղաղության համաձայնագրում» ազգային փոքրամասնությունների մասին դրույթ՝ փոխադարձ պարտավորություններով, որ պետություններն իրենց տարածքներում հարգելու են ազգային փոքրամասնությունների իրավունքները տվյալ երկրի Սահմանադրության և միջազգային պարտավորությունների հիման վրա։ Այս կետի քողարկված վտանգները բացահայտում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը․
Սեյրան Օհանյան․ «Այս առաջարկությամբ իրենք փորձելու են նաև հավասարություն դնել ազգային փոքրամասնությունների և Արցախում բնակվող մեր հայ բնակիչների՝ իրենց իսկ պատմական տարածքում ապրելու հետ։ Այսինքն՝ փորձելու են Արցախի բնակիչներին անվանել ազգային փոքրամասնություն, այնինչ, Արցախն իր իսկ տարածքում Խորհրդային Միության փլուզումից հետո, Խորհրդային Միության օրենքներով ինքնորոշվել է»։
Արթուր Խաչատրյան․ «Կարծում եմ՝ որևէ մեկս չի ենթադրում, որ Ալիևը մտահոգված է Հայաստանում եզդի, քուրդ, ռուս, ասորի, հերա, հույն փոքրամասնության ճակատագրով։ Ինքը ուղղակի թղթի վրա ֆիքսում է, պարտադրում է, որպեսզի Հայաստանը բացի դռները, որպեսզի ադրբեջանցիները և նրանց հետնորդները վերադառնան Հայաստան։ Քանի որ նրանց բնական աճի տեմպը ավելի բարձր է, քան Հայաստանինը, չզարմանաք, որ մի քանի տարի հետո ադրբեջանցիները հայերից շատ լինեն։ Այսօր հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խուսափել որևէ թուղթ ստորագրելուց, որովհետև այդ թուղթը կլինի ոչ թե «կադաստրի վկայական», այլ՝ «մահվան վկայական»»։


Նախօրեին ԱԺ–ում պատասխանելով պատգամավորներին, վարչապետ Փաշինյանը արեց մի ձևակերպում, ըստ որի՝ արցախյան հարցը լուծելու համար հայանպաստ փաստարկներ չկան։ Սա, մեղմ ասած, առաջացրել է խորհրդարանի ընդդիմության տարակուսանքը, այս ձևակերպմանը հակադարձում են գրեթե բոլորը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը ձևակերպում է․
«Փաստարկները հայկական, այնուամենայնիվ, կան։ Այդ ո՞ր իրավունքով է, որ Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամբողջ աշխարհը ճանաչում է, բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիրներ կան։ Ուրեմն մենք վատ ենք ներկայացնում։ Ադրբեջանը էլ ի՞նչ պետք է անի, որպեսզի դուք կարողանաք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ չեն կարող նրանք խաղաղ համագոյակցել։ Չի կարող Ադրբեջանի կազմում արցախցին խաղաղ ապրել, որովհետև ադրբեջանցին այս պահի դրությամբ արցախցիներին թողնում է սոված, անլույս, առանց գազ, գումարած դրան շարունակ հարձակումների է ենթարկում խաղաղ բնակչությանը, ովքեր իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Էլ չասեմ այն ահռելի հանցագործությունները ռազմական։ Անխուսափելի է, որպեսզի ինքնորոշման իրավունքը դառնա ճանաչման առարկա»։
Խորհրդարանական ընդդիմությունից թվարկում են աշխարհի հակամարտությունները, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարգավորվել և դեռ կարգավորված չեն․ Կիպրոսի հակամարտությունը, Ջամուն և Քաշմիրը, արաբ–իսրայելական խնդիրը։ Այս բոլորը օրինակներ են պայքարը շարունակելու համար, ասում են ընդդիմադիրներն ու պնդում՝ խաղաղությունը պարտադրում են բանակով։ Այս դեպքում ընդդիմադիրները ահազանգում են, որ բանակի և ոստիկանության միջև կա անհավասարություն, թեկուզ մարդկային ռեսուրսի առումով՝ ամրակազմ ոստիկանները ավելի շատ Երևանում են, իսկ սահմանները պահում են ժամկետային զինծառայողներն ու 15–20 տարի առաջ ծառայած և 25–օրյա վարժանքներին մասնակցող քաղաքացիները։