ԿարևորՀասարակություն

Քարե այգիներից՝ մինչև դիակիզարաններ․ ինչպես են քաղաքական ուժերը լուծելու ընդլայնվող գերեզմանատների հարցը

Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 4-5 տոկոսը զբաղեցնում են 21 գերեզմանատները, որոնց մակերեսը տարեցտարի ընդլայնվում է՝ մոտենալով բնակելի տարածքներին։ Դրանք պատշաճ չեն կառավարվում, չկան կառուցապատման ու խնամքի պահանջներ։ Ինչպես են քաղաքական ուժերը լուծելու մայրաքաղաքի՝  տարեցտարի ընդլայնվող գերեզմանատների հարցը կամ արդյո՞ք թեման ծրագրային ուշադրության արժանի հարց են համարել։

Երևանի գլխավոր հատակագծով գերեզմանատների համար նախատեսված 557 հեկտար տարածքը գրեթե ամբողջությամբ սպառված է։ Մայրաքաղաքի 21 գերեզմանատները, վերջին տվյալներով, 540 հեկտարից ավելի տարածք են զբաղեցնում: Սա կազմում է մայրաքաղաքի ընդհանուր տարածքի 4-5 տոկոսը:

Դեռ մի քանի տարի առաջ քաղաքապետարանում նշում էին՝ գերեզմանատների տարածքը գրեթե երկու անգամ ավելին է մայրաքաղաքի այգիներից։

Մասնագետների կարծիքով՝ նոր գերեզմանատուն կառուցելու համար մայրաքաղաքում անհրաժեշտ է հայթայթել շուրջ 50 հա ազատ հողատարածք, որը, ըստ քաղաքային իշխանությունների, չկա:

Ինչպես են լուծումը պատկերացնում Երևանի կառավարմանը հավակնող ուժերը։ Նրանցից ոչ բոլորն են ծրագրերում անդրադարձել խնդրին, մի քանիսն էլ մեզ հետ զրույցներում նշում են՝  թեման նուրբ է, պետք է օրենսդրորեն կարգավորել։

«Հանուն սոցիալական արդարություն»  կուսակցության  նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝  գերեզմանները  գնալով մոտենում են քաղաքի  բնակելի հատվածներին,  հետևաբար կուսակցությունը որոշել է։

«Կանոնակարգել ոլորտը  և օգտագործել  այն ամայի տարածքները, որոնք գտնվում են Երևանից դուրս»։

«Եվրոպական կուսակցությունը», որը երևանցիներին եվրավերանորոգում է խոստանում, գերեզմանատներին առնչվող այլ առաջարկ ունի։  Քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանն ասում է՝  եղած գերեզմանատները  պետք է զգուշորեն վերածվեն  զբոսայգիների, իսկ նորերի համար պետք է նոր լուծումներ գտնել։

«Պետք է ոռոգման համակարգ  ստեղծել, որպեսզի  գերեզմանները քարե անտառից վերածվեն այգիների»։

Գերեզմանատների հարցը  խիստ մասնագիտական խնդիր է համարում  «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը։

«Այդ հարցը խիստ մասնագիտական է։ Ոչ թե գերեզմանատների անկանոն ավելացում ենք պատկերացնում, այլ լիցենզավորված գործունեության իրականացում։  Չպետք է լինի դղյակի նման գերեզմանատուն, բոլորը Աստծո առաջ հավասար են։ Սովետաշենի գերեզմանատանը նայում ես ու տեսնում ես ճանապարհի մեջտեղում  մի «լավ տղու» էնպիսի գերեզման են տվել, որ էլ չասած։ Չի կարելի այդպես վարվել։ Դա պետք է լինի հեռացած մարդկանց հետ շփման այգի»։

Համաձայն օրենքի՝ գերեզմանատները բնակելի տարածքներից պետք է առնվազն 300 մետր հեռու լինեն, մինչդեռ այս պայմանը խախտված է գրեթե բոլոր գերեզմանատներում։ Դրանցում ազատ հողակտորների պակասը դարձել է   կոռուպցիոն երեւույթների ձևավորման պատճառ: Արատավոր պրակտիկա կա Հայաստանում, մարդը նույնիսկ արժանավոր չի մահանում․ գնահատականը «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանն է։

«Կաշառք պետք է տաս, ինչ-որ մի բան, որ արվի։ Դա խոսում է նրա մասին, որ մենք չունենք պետական ինստիտուտներ»։  

Խնդիրն արժեհամակարգային դաշտում է տեսնում «Մայր Հայաստան» դաշինքը։ Անդրանիկ Թևանյանն ասում է՝ մարդիկ պարզապես պետք է հասկանան, որ կյանքն ու մահը պետք է կառավարելի լինեն։

«Գերեզմանային բիզնեսը արժեհամակարգային ընդհանուր խնդիր է, ու մենք  հակասական ընկալում ունենք, նույնիսկ ժողովրդական խոսք կա՝ գնա մեռի, արի սիրեմ։  Մենք գերեզմանոցների կառավարման համակարգում հսկայական կոռուպցիա ենք  տեսնում ու կարծում ենք, որ կոռուպցիոն ռիսկերը պետք է վերացնել՝ համապատասխան կամքով և օրենսդրությամբ։ Իսկ դա իրականացնելու համար  Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա ինքնուրույնություն՝ թե՛ բյուջեի, թե՛ որոշումներ կայացնելու առումով։ Մենք առաջարկում ենք, որ երևանցին ուղիղ ընտրի քաղաքապետ , որի համար օրենսդրական փոփոխություն է պետք։ Այդ կետում նորից գալիս ենք իշխանափոխության գաղափարին, քանի որ այս իշխանություններին ձեռնտու է կամակատար քաղաքապետ ունենալը»։

Երևանում դիակիզարան կառուցելու գաղափարը քննարկվեց, բայց որևէ հանգուցալուծում չստացավ, թեպետ կար նախագիծ, արվել էր նախահաշվարկ: «Հանրապետություն»  կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը մտավախություն ունի, որ մի քանի տարի անց Երևանը կարող է լուրջ խնդրի առաջ կանգնել՝ հանգուցյալին հուղարկավորելու տեղ չունենալով։

«Իհարկե,  ունեմ այդպիսի մտավախություն։ Կարծում եմ՝ մենք պետք է որոշում կայացնենք բոլորով ու աստիճանաբար անցնենք նրան, որ մարդը մեռնելուց հետո ապրողների տեղը չզբաղեցնի։ Պետք է դրա մասին որոշում կայացնենք։ Այսինքն՝ դիակիզում իրականացնենք։ Մենք պետք է խոսենք մեր հոգևորականների հետ։ Մեր հավատքի ու կրոնի սպասավորները  չպետք է հակասության մեջ մտնեն իրական կյանքի հետ»։

Հայ առաքելական եկեղեցին դեմ է դիակիզարանի գաղափարին՝ հիմնավորմամբ, որ երևույթը  հակասում է Հայ եկեղեցու ավանդույթին ու աստվածաշնչյան արժեհամակարգին։

Back to top button