Արմավիրում հակակարկտային կայաններն ամբողջությամբ տեղադրվել են
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Հակակարլտային 165 կայան միայն Արմավիրի մարզում, որից 50-ը տեղադրվել է այս տարի: Կայանների գործունեությունն արդյունավետ դարձնելու նպատակով կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից: Կայանքների պահպանման և շահագործման ծախսերը հոգալու են գյուղապետերը, իսկ գազերի լիցքավորման վճարները կկատարեն ոչ միայն այն համայնքապետերը, որոնց համայնքում տեղադրված է հակակարկտային կայանը, այլ նաև հարակից այն համայնքների ղեկավարները, որոնց հողերը նույնպես պաշտպանվում են կարկուտից։
Տարիներ շարունակ կարկուտից պարբերաբար վնաս կրող գյուղացիների բերքը պաշտպանելու նպատակով կառավարությունը իրատեսական քայլեր է ձեռնարկել։ Հակակարկտային կայանների տեղադրումը Արմավիրի մարզում գրեթե ամբողջությամբ հասավ վերջնակետին: Հայտնի է, որ կարկտաբեր ամպերը մեր հանրապետության տարածք են նեխուժում Թուրքիայի կողմից և անհրաժեշտություն էր առաջացել հենց այդ տարածքներում փակել ամպերի ճանապարհը` սահմանի ողջ երկայնքով տեղադրելով հակակարկտային կայաններ:
Դեռ նախորդ տարվանից Արմավիրի մարզի սահմանի երկարությամբ սկսեցին տեղադրել 2-րդ պաշտպանիչ գոտի համարվող հակակարկտային կայաններ: Այս տարի եղածին գումարվել է ևս 50-ը՝ ընդհանուր թիվը հասցնելով 165-ի: Կայանների գործունեությունը նախկինում մասամբ իրականացվել է ինքնաբերաբար եղանակի փոփոխությանը զուգընթաց, առանց ամպի տեսակը որոշելու` անձրևաբե՞ր է, թե՞ կարկտաբեր, մասամբ էլ` ռադիոալիքներ որսացող սարքի միջոցով:
Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից փրկելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը կայանքների գործունեությունը կառավարելու է մեկ կենտրոնից, տեղեկացրեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Մեկ կենտրոնից կառավարումը վերաբերում է նաև մասնավոր սեփականություն համարվող հակակարկտային կայաններին, որպեսզի աշխատանքը դրական արդյունք ունենա: Փոխնախարարը նշեց, որ մասնավոր կայանները դարձյալ կշարունակեն մնալ մասնավոր սեփականություն։
Համայնքներում հակակարկտային կայանների առկայությունն եւ գործունեությունը անարդյունավետ կլինի կայանքները չլիցքավորելու դեպքում, ինչը դժվարություններ է ստեղծում գյուղապետերի համար: Նախորդ տարում կային շատ կայանները, որոնք լիցքավորված չէին կամ էլ նախապես լիցքավորելիս, պայմանավորվածության համաձայն, չեն կարողացել ժամանակին փոխանցել վճարները: Այս գործը դյուրինացնելու նպատակով որոշվել է հակակրկտային կայանների գազերի լիցքավորման վճարները որոշակի տոկոսներով գանձել նաև այն համայնքների գյուղապետերից, որոնց գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերը գտնվում են նույն հակակակրկտային կայանի պաշտպանության գոտում:
Մեկ հակակարկտային կայանի լիցքավորման համար մեկ տարվա կտրվածքով պահանջվում է 120 հազար դրամ: Նախորդ տարվանից դեռ 13 համայնք չի վճարել հակակրկտային կայանների գազի լիցքավորման գումարը: Գազի ծառայությունից օգտվելու համար գյուղապետերը պետք է սպասարկող կառույցի հետ աշխատեն պայմանագրային հիմունքներով: