Ամենաերիտասարդ թեկնածուն երևանցիներից «Առաջ՝ նոր շնչով» կարգախոսով է ձայն խնդրում․ 11–րդ քվեաթերթիկը «Լուսավոր Հայաստան»–ինն է
Քաղաքապետի կարգավիճակը քաղաքական ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր հասանելի լինելու և աշխատելու պարտավորություն։ Այս մոտեցումը Լուսավոր Հայաստան կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանինն է։ 11-րդ քվեաթերթիկի 1-ին համարը խոստանում է 10 առաջնահերթ խնդիր լուծել մայրաքաղաքի համար՝ սկսած համատիրությունների վերացումից մինչև քաղաքի բեռնաթափում։
«Քվեաթերթիկ համար 11»․ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 50 հոգանոց ցուցակով: Այն գլխավորում է գործող ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Նա առաջադրված թեկնածուներից ամենաերիտասարդն է։ Դեռ 2017 թ–ին Խաժակյանն աշխատում էր ՀՀ Ազգային Ժողովում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի օգնականն էր։
Նույն 2017 թվականին Խաժակյանն ընտրվեց Երևանի ավագանու անդամ ու ղեկավարեց «Ելք» խմբակցությունը։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում էլ ընտրվեց, ու այս անգամ արդեն դարձավ «Լույս» խմբակցության ղեկավարը։
Իսկ մինչ այս ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելը, նախ հրապարակեցին կարգախոսների մի քանի տարբերակ։ Վերջնական տարբերակն էր «Առաջ՝ նոր շնչով», որով էլ սկսեցին ու շարունակում են քարոզարշավը․ «Ես պաշտոնապես առաջադրվում եմ, ու ինձ հետ միասին՝ լուսավոր մարդիկ»։
Առաջադրվելուց հետո Դավիթ Խաժակյանը հետևյալ գրառումը կատարեց․
«Որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, ուրախ կլինեմ ստանալու ձեր դրամական աջակցությունը։ Իրականացնելու ենք ստեղծագործ քարոզարշավ, և ֆինանսական միջոցների առկայությունը մեզ կօգնի հասնել ավելի մեծ արդյունքի»։
Ի դեպ՝ դրամահավաքով քարոզարշավ սկսելը Լուսավոր Հայաստան կուսակցությունում արդեն ձևավորված ավանդույթ է։
Խաժակյանը դա այսպես է բացատրում․ «Կուսակցության հիմնադրման պահից գործունեության առանցքը եղել է իրենց շրջապատի մարդիկ։ Իրենք չունեն օլիգարխ-հովանավորներ, ովքեր պատրաստ կլինեին գումարներ հանգանակել և ստիպված չեն լինի ընկերներին անհանգստացնել»:
«Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր հասանելի լինելու և աշխատելու պարտավորություն»,– ասում է Խաժակյանն ու բացատրում, թե ինչու պետք է ընտրել հենց իրենց․ «Ես կապ ունեմ քաղաքի հետ։ Մեր ծրագրերը բխում են կոնկրետ քաղաքային խնդիրներից, վերացական չեն»։
Խաժակյանը խոստացել էր ստեղծագործ ու ակտիվ քարոզարշավ։ Նա ամեն օր սոցցանցում նոր տեսանյութ է հրապարակում․մի օր վերելակի մոտից՝ խոսում է դրանք փոխելու անհրաժեշտությունից, հաջորդ օրը՝ Երևանի ամենաբարձր կետից խոսում է մայրաքաղաքի աղտոտվածությունից, այնուհետև՝ շինհրապարակից, ու այդպես շարունակ։
Խաժակյանը հրապարակեց անգամ իր հեռախոսահամարը, ասելով՝ եթե սխալ քայլ անեմ, զանգեք և ամոթանք տվեք․ չեմ փոխի համարս․ «093 18-72-92»։ Այս հեռախոսահամարը ստացել եմ հորիցս և ավագանի ընտրվելուց հետո շարունակել եմ պատասխանել հազարավոր քաղաքացիների իմ միակ հեռախոսով»։
Խաժակյանը մի տեսանյութ էլ հրապարկեց՝ կոչելով այն «Աթոռակռիվ, թե՞ քաղաքի խնդիրներ»։ Ու այս անգամ նա առաջարկեց թեստ կիրառել քաղաքապետի թեկնածուների նկատմամբ։ Նրա կարծիքով այդ կերպ պարզ կլինի՝ ում ընտրել․
«Դուք կտեսնենք որևէ քաղաքապետի թեկնածուի՝ արդյոք նրանք պատրա՞ստ են մեծամասնություն չստանալով, չընտրվելու դեպքում, կամ ընտրվելու դեպքում, ընդդիմադիր լինելու դեպքում լինել պարզապես ավագանու անդամ։ Այդ ժամ պարզ կլինի, թե ով ինչով է զբաղված»։
Թիվ 11 քվեաթերթիկի 1-ին համարը խոստանում է 10 առաջնահերթ խնդիր լուծել երևանցիների համար՝ սկսած համատիրությունները վերացնելուց մինչև քաղաքի բեռնաթափում։
Իսկ ովքեր են ընդգրկված Լուսավոր Հայաստանի ընտրացուցակում։ Նրանք տարբեր մասնագիտությունների տեր անձինք են ՝ լոգոպեդ, իրավաբան, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլն։
Այժմ՝ հայտարարագերի մասին։
Դավիթ Խաժակյանը հայտարարագրել է 3 բնակարան, երեքում էլ համասեփականատեր է, և մեկ ավտոմեքենա, որը տնօրինում է միանձնյա։
Ցուցակի երկրորդ համարը՝ Արման Հովսեփյանը դիզայներ է՝ մեկ բնակարանի համասեփականտեր է, երկու մեքենան էլ տնօրինում է միանձնյա։
Ընտրական ցուցակում գենդերային հավասարություն է․ թեկնածուների գրեթե կեսն արական, կեսն իգական սեռի ներկայացուցիչներ են։
Սոնա Ղահրամանյանը հաշվապահական թիմի ղեկավար է, անշարժ ու շարժական գույք չունի, փոխարենը ունի վարկեր, ավանդներ։ Հայտարարագրի «Արժույթ և այլ ներդրում» բաժնում լրացրել է՝ կորպորատիվ գաղտնիք։ Սոնա Ղահրամանյանը սակայն հաշվարկել է՝ կանայք խնդիրները տարբեր անկյուններով են տեսնում, ու լուծումները նույնպես․
«Կանայք խնդիրները տարբեր մակարդակներով են տեսնում, ու այդ երկուսի համադրությունը ստեղծում է ավելի լավ արդյունք»։
Դավիթ Խաժակյանը անընդհատ խոսում է անկեղծությունից ու ինքն էլ անկեղծանում՝ իրենց ամենամեծ մրցակիցը ոչ թե պայքարի մեջ մտած ուժերն են, այլ անտարբերությունը․
«Ամեն ինչ կանեմ, որ ես լինեմ նորանկախ Հայաստանի ամենալավ քաղաքապետը»։