Կաշխատեն թիմով, բայց ոչ ֆուտբոլի. «Միացյալ Հայաստան»-ը քվեաթերթիկում 10-րդն է
Նրանք 32-ն են, տարբեր ոլորտների մասնագետներ են, ունեն աշխատանք և կուսակցական պատկանելություն կամ չունեն։ Նրանց համատեղել է Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցելու գաղափարը։ Բոլորն էլ պատրաստ են իրենց կարողություններն ու գիտելիքները ծառայեցնել մայրաքաղաքին։ Քվեաթերթիկում տասներորդը «Միացյալ Հայաստան» կուսակցությունն է՝ «Սիրտդ տուր Երևանին» կարգախոսով։
Ընտրական ցուցակում 32–ն են, նրանցից 8-ը՝ անկուսակցական։ Չորս էջից կազմված ծրագրում ներառված են «Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական դրույթներն ու պատկերացումները։ Ընտրական ցուցակի առաջին համարը Երվանդ Թարվերդյանն է։ Ինքն իր մասին այսպես է պատմում.
«Ունեմ երեք բարձրագույն կրթություն։ Առաջին մասնագիտությամբ մաթեմատիկ եմ՝ համակարգային մոտեցում ամեն ինչին։ Երկրորդ կրթությամբ տնտեսագետ եմ։ Մակրոտնտեսությունը և միկրոտնտեսությունը պատկերացնում եմ կյանքում։ Երրորդ կրթությունս ՌԴ մաքսային ակադեմիա, մաքսային գործի ղեկավար։ Ընտրացուցակում ինձնից բացի երեք բարձրագույն կրթություն ունեցող չկա։ Ավելին՝ հանրապետությունում բացառիկ դեպք է, երբ անձնավորությունն ունի երեք կրթություն»։
Կուսակցության առաջնորդի բնութագրմամբ՝ իրենց ցուցակում նաև անկուսակցականներ կան, բայց նրանք մարդիկ են, որոնք սկզբունքային դիրքորոշում ունեն՝ որևէ քաղաքական ուժի անդամ չեն դառնալու, սակայն ցանկություն ունեն քրտնաջան աշխատելու ու ծառայելու երկրին․
«Մի բան է լավ մասնագետ լինելը, մի բան է շատ լավ տղա լինելը, մեկ այլ բան է կառավարման ունակություն ունենալը»։
Ընտրացուցակում երկրորդը կրոնագետ Վարդան Խաչատրյանն է։ Նա հույս ունի, որ երևանցին ավելի ակտիվ կլինի։ «Միացյալ Հայաստանի» տեսլականը միասնականությունն է։ Կարգուկանոնի կողմնակից կրոնագետն արձանագրում է․
«Մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք ուղղված են ոչ միայն Երևանի, այլ նաև հայ ժողովրդի դեմ, պետք է կասեցվեն առաջին հերթին Երևանի միասնականության շնորհիվ»։
«Միացյալ Հայաստան»-ում պատրաստ են իրենց սիրտը տալ Երևանին։ Թերևս այս տրամաբանությամբ էլ ընտրել են «Սիրտդ տուր Երևանին» կարգախոսը։ Այստեղ գիտեն՝ ինչ պետք է անեն, խոստանում են անել այն, ինչ մյուսները դեռ չեն արել։ Ավագանու անդամի թեկնածու «Շողակաթ» գրատան տնօրեն Վերոնիկա Հայրապետյանը ընտրացուցակում 12-րդն է․
«Նման անկանխատեսելի առաջարկներ դեռ չեն արվել։ Մենք անելու ենք այնպիսի բաներ, որոնք դեռ որևէ կուսակցություն չի արել։ Անելու ենք բնակարանների կառուցման նախագիծ, որով բոլոր երիտասարդները հնարավորություն կունենան բնակարան ունենալ։ Նրանք ակնկալում են, որ մեր կուսակցությունը հաղթանակ կտանի, ու մենք այդ ծրագրերը կանենք»։
Ընտրացուցակում նաև ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է։ 2018-ի դեկտեմբերին նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։ Ցուցակի14-րդ համարը Ալեքսանդր Բերեզովսկին է՝ հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրը։ Ալեքսանդր Բերեզովսկին եղել է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահը։ Ընտրացուցակում կա նաև հետաքրքիր մասնագիտությամբ թեկնածու։ Նմուշարկող Տարոն Փաշայանն աշխատում է «Լիճքվազ» ընկերությունում՝19-րդն է ընտրական ցուցակում։
Ընտրական ցուցակում տնօրենի օգնականներ կան։ Նրանցից մեկը հենց Թարվերդյանի օգնական Աննա Գաբրիելյանն է։ Մյուսը՝ «Ֆլագ շիփ» ընկերության տնօրենի՝ Հովհաննես Հայրապետյանը։
«Միացյալ Հայաստան»-ի 32 թեկնածուներից տասը կանայք են։ Կուսակցության հայտարարգրում նշված է միայն կուսակցության անվանումը, պետական գրանցման հասցեն։ Անշարժ կամ շարժական գույք, բաժնեմաս կամ փայաբաժին չկա։ Այստեղ թիմի անդամ հասկացություն չկա՝ պրոֆեսինալները պետք է աշխատեն ՝ասում է կուսակցության առաջնորդ, ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Երվանդ Թարվերդյանը։ Կարծում է՝ լրջագույն խնդիր է, որ ֆուտբոլի թիմով գալիս են, ֆուտբոլի թիմով էլ գնում։ Թարվերդյանը ֆուտբոլի չէ, բայց թիմ ունի․
«Իմ թիմը Հայքն է, բոլոր հայերը։ Պետք է լավ մասնագետը՝ անկախ, թե որ քաղաքական ուժին է համակրում։ Պետք է խնդրես, աղաչես, եթե անհրաժեշտ լինի ոտքերը ընկնես, որ նա գա ու ծառայի իր ժողովրդին»։
«Միացյալ Հայաստան»-ում բոլորին հավասար աչքով են նայում։