Վերականգնե՞լ, պահպանե՞լ, թե՞ մոռանալ․ Հին Երևանը նախընտրական նոր ծրագրերում


Հին Երևանը նոր քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերից միայն մի քանիսի ուշադրության կենտրոնում է։ Շատերն անտեսել կամ առաջնահերթությունների մեջ չեն ընդգրկել մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներն ու պատմական կառույցները, իսկ քաղաքական որոշ ուժեր դեռ քարոզարշավից ամիսներ առաջ էին հայտարարում, որ վերականգնելու են, պահպանեն ու նորից կառուցեն։ «Ապրելու երկիր» կուսակցությունն, օրինակ, նախատեսում է Երևանում վերականգնել 2000-ականների սկզբին ապամոնտաժված «Երիտասարդական պալատը»։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ասում է՝ իրենք առաջարկում են երազանքի Երևան, որը հիմնված է պատմության վրա։
«Մեզանից առաջ կյանք է եղել, և եղել են մարդիկ ու մտածողներ, ովքեր կառուցել են այնպիսի ճարտարապետական լուծումներով շինություններ, որոնք իրենց մեջ սիմվոլիզմ ու ուժ են կրել և Երիտասարդության պալատը իր մեջ ներառում է այն հույզերն ու զգացումները, որ երևանցիները ունեցել են»,– ասում է Թանդիլյանը։
Ինչպես Երիտասարդական պալատի, այնպես էլ մի շարք շենք–շինությունների դեպքում տարիներ առաջ քաղաքային իշխանությունների կողմից տրված սեփականության իրավունքը խանգարում է վերականգնել կամ պահպանել պատմական արժեք ունեցող շինությունները՝ նկատում է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանն ու պնդում՝ որոշ դեպքերում պետք է դատական բոլոր ատյաններով անցնել ու վերականգնել Երևանի բնակչի իրավունքը։
«Եթե դու քո քաղաքում ունես մի շենք, որը շատ ավելի մեծ է, քան Առաջին հանրապետությունը, ապա այդ շենքը պետք է ամեն կերպ փրկել, և այս ամենի հիմքում պետք է քաղաքային իշխանությունը լինի»,– ասում է ավագանու անդամի թեկնածուն։
Այն, ինչ տեղի է ունեցել Երևանում նախորդ տասնամյակներին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն անթույլատրելի ու հախուռն կառուցապատում է անվանում։ Երևանին պետք է ոչ միայն գլխավոր հատակագիծ, այլև մաստերպլան, որից կբխեն հետագա տարիների կառուցապատումը, քաղաքի զարգացումն ու պատմական միջավայրի պահպանությունը՝ ընդգծում է Խաժակյանը։
«Մենք ունենք պատմամշակութային շենքեր, ինչպես օրինակ Արամ Մանուկյանի տունը, որը լքված վիճակում է, դրա վերականգնումը ես պատկերացնում եմ նույնանման ինչպիսին, որ կա, քանի որ ֆասադը պահպանված է, հնարավոր է ներսը վերակառուցել այնպես, ինչպես դա եղել է, և իսկապես վերականգնել դրա պատմական արժեքը»,– ասում է Դավիթ Խաժակյանը։
Երևանը ուղերձ է անցյալից, բայց այդ նույն անցյալը ցույց տվող շատ քիչ բան ունենք մայրաքաղաքում՝ ասում է ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ու վստահեցնում՝ մայրաքաղաքում իշխանություն ունենալու դեպքում նախատեսում են վերականգնել պատմական շինությունները, առանձին հատվածներում նաև պեղումներ իրականացնել։
«Մենք չպիտի պոպուլիզմով զբաղվենք, մենք պետք է ասենք բաներ, որոնք օգտակար են, երկարաժամկետ են, ոչ թե այս պահին ասեցինք, լայքեր ու քվե հավաքեցինք, հետո ինչ կլինի կլինի, մեր ծրագրերը երկարաժամկետ են, մենք աշխատելու ենք մեզ փոխարինողներին ավելի քիչ պրոբլեմներ թողներ, պակասեցնել այն պրոբլեմները, որոնք կան Հայաստանում և Երևանում, իսկ Երևանում այդ պրոբլեմները տասնամյակներով են հավաքվել»,– մանրամասնում է Զեյնալյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանն էլ Հին Երևանի պահպանության համար եվրոպական մոդելն է առաջարկում․ բնակիչն ինքը պետք է պահի ու պահպանի պատմական արժեք ունեցող շինությունները։
«Մենք պետք է մեր ժողովրդի մեջ մշակույթը փոխենք, մոտեցումները փոխենք, որ մարդիկ սա իմն է և վերջ էգոիզմից վերանան։ Մենք կունենանք հաղթանակ, երբ մեր բնակիչների մտածելակերպը կփոխենք, երբ ճնշված քաղաքացուց նա կդառնա պայքարող, արարող»։
Կպահպանենք քաղաքի ազգային ճարտարապետական, մշակութային հատուկ գոտիները՝ բացառելով Երևանում որևէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձևախեղումը․ այս խոստումն էլ «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրից է։