ԿարևորՀասարակություն

Իրերը կոչվեցին իրենց անուններով․ փորձագետները` Կոնգրեսում Արցախի հարցով լսումների մասին

Ինչպե՞ս պաշտպանել Արցախի ժողովրդին, ի՞նչ կարող է անել ԱՄՆ կառավարությունը․ Ղարաբաղի հարցով Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումներին քննարկվել են այս հարցերը։ Դրանց որպես հրավիրյալ  մասնակցող Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս հարթակում նույնպես կրկնել է՝ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է կանխել։ Չեն կարող բանակցություններ տեղի ունենալ ցեղասպանություն իրականացնողի և զոհի միջև՝ շեշտել է Օկամպոն և պնդել՝ Միացյալ Նահանգներն այս հարցում հստակ անելիք ունի։

Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի սրման դեպքում շատ հավանական է, որ պատժամիջոցներ կիրառվեն Բաքվի դեմ՝ կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ քննարկվել է Արցախում իրականացվող ցեղասպանությունը շտապ կանխելու հրամայականը։ Հանձնաժողովը նամակ է կազմել գործադիր մարմնին ուղարկելու համար։

«Առանց այդ նամակի էլ վերջին շրջանում քննարկվում են ավելի կոշտ միջոցների դիմելու սցենարները։ Պատժամիջոցների թեման քննարկվում էր նույնիսկ գործադիրում, սակայն ամեն բան կախված է իրավիճակից։ Եթե հումանիտար իրավիճակը հասնի այն կետին, որը ԱՄՆ–ի կողմից կդիտարկվի որպես անընդունելի, կարծում եմ տարբեր անհատների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականություն կլինի»։

Քննարկմանը մասնակցող Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս մեկ անգամ հստակեցրել է՝ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի ԼՂ-ում։ Չպետք է սպասել ցեղասպանության լիակատար իրականացմանը, պետք է անհապաղ գործել այն կանխելու համար՝ ասել է Օկամպոն՝ ընդգծելով, որ որպես Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի կողմ՝ ԱՄՆ-ն պետք է պատժի Բաքվին։ «Չեն կարող բանակցություններ տեղի ունենալ ցեղասպանություն իրականացնողի և զոհի միջև»,- շեշտել է Օկամպոն։

Որքանո՞վ է հավանական այս փուլում պատժամիջոցների կիրառումը։ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ այդ հավանականությունը կախված է ամերիկյան ընկալումներից։

«Իրենց կողմից կա չհայտարարված կարմիր գիծ, որը վերջին ամիսների ընթացքում համարվում էր արյունահեղությունը Արցախում։ Իհարկե, համամիտ եմ, որ իրավիճակը այնքան վատ է, որ պետք չէ սպասել վատ սցենարների, որպեսզի կոնկրետ գործողություններ իրականացվեն։ Վստահաբար չի կարելի ասել, որ այդ գործողությունները կլինեն, բայց դրա հավանականությունը կա, և այն բարձրացել է վերջին ամիսների ընթացքում»։

Օկամպոն համոզված է, որ ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը կարող են պաշտոնապես պնդել, որ Ալիևը անվերապահորեն վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատու կհամարվեն ցեղասպանության համար։

Քննարկմանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ Նրանք նույնպես  հստակ որակումներ են տվել Արցախում ստեղծված իրավիճակին։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի կարծում, թե քննարկումը կամ գործադիրին ուղղված նամակը որևէ բան կփոխեն, բայց լսումները չափազանց կարևոր է համարում  իրավիճակը հանրայնացնելու առումով։

«Արցախում ստեղծված իրավիճակը հանրայնացնելու, հատկապես արևմտյան երկրներում, ԱՄՆ որոշակի շրջանակներում հավելյալ տեղեկատվություն փոխանցելու առումով սա, իհարկե, կարևոր էր, քանի որ երեկ նաև CNN–նն էր հանձնաժողովի նիստի մասին հրապարակում արել , որտեղ խոսվում էր Արցախում ցեղասպանության մասին։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակի հանրայնացման, ինչ-որ առումով Ադրբեջանի նկատմամբ միջազգային  ճնշման մեծացման ուղղությամբ սա քայլերից մեկն է և ողջունելի է, սակայն եթե տեղափոխվենք կոնկրետ, պրակտիկ դաշտ ու հասկանանք, թե ինչ ազդեցություն այն կունենա հողի վրա, ապա չեմ կարծում, որ այդ նամակը պետք է ամերիկյան կառավարությանը ստիպի քայլ կատարել»։

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ գործադիր մարմնում տեղյակ չեն իրավիճակին ու պետք է նամակի միջոցով տեղեկանան և  քայլեր ձեռնարկեն։ Բայց կարևոր է, որ Կոնգրեսում իրերը կոչվում են իրենց անուններով։

Back to top button