

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության օրակարգի» շուրջ ուղիղ շփումներ չկան։ Վերջին «փաստաթղթավորված» շփումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, երբ Երևանը Բաքվին փոխանցեց իր հերթական առաջարկները։ Այսօր, սակայն, փոխանդարձ մեղադրանքներ են հնչել։ Կառավարության նիստից առաջ Հայաստանի վարչապետը արձանագրել է Բաքվի ագրեսիվ կեցվածքն ու նոր սադրանքների գնալու պատրաստակամությունը։ Մինչդեռ վերլուծաբանները պնդում են, որ անգամ այս իրավիճակում հնարավոր է գտնել լուծումներ և թույլ չտալ, որ իրավիճակը հասնի պատերազմի։
Ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանը Ադրբեջանին փոխանցեց խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկների 5–րդ փաթեթը, բայց 7 օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է արձանագրել՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն լարվել է։ Խոսքը ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարժի մասին է․
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»։
Եվ անգամ այս պայմաններում Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը «խաղաղության օրակարգին», 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա:
Հայաստանի վարչապետի խոսքից մի քանի ժամ հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքեց Փաշինյանին։ Հայտարարության մեջ պաշտոնական Բաքուն Հայաստանը անվանում է «տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիք»։ Չանդրադառնալով սեփական հավակնոտ հայտարարություններին և գործողություններին, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է պայմանավորվածությունները չպահելու և զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից դուրս չբերելու մեջ։ Մինչդեռ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Արցախում զինված ուժեր չունի:
Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումը սահմանին դիվանագիտության կոպիտ սխալների և բանակցային խեղաթյուրված բովանդակության հետևանք է համարում «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
«Խոսքը վերաբերում է Արցախի և բուն Հայաստանի տարածքից ութ անկլավների մասով հայտարարություններին, որը ճչգիտես ում մանդատով, չգիտես ում լիազորությամբ Հայաստանի գործող վարչապետը համաձայնել է, որ լինի այսպես կոչված «խաղաղության» բովանդակության մեջ և բանակցային նարատիվ։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա տալու մեխանիզմ գոյություն չունի և բոլորը հասկացել են, որ հնարավոր չի այդ պայմանագիրը, դա չի լինելու։ Մյուս կողմից, որ չի լինում, այդ թշնամական պետության մեջ առաջացել են խոշոր սպասումներ, և նա ասում է՝ եթե չտաք «խաղաղության պայմանագրով», ես դա կստանամ իմ տանկերով»։
Որպես լուծում վերլուծաբանները նախ՝ առաջարկում են վերադառնալ այն թեզին, որ անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ է ունեցել։ Սակայն, մինչ այդ Հովհաննիսյանը հավանական է համարում միջանկյալ և միջնաժամկետ միջազգային մեխանիզմի ստեղծում, որը կնվազեցնի պատերազմի վտանգը Արցախում և կմեղմի հումանիտար վիճակը։ Դրանից հետո նոր հնարավոր կլինի դիվանագիտական լուծումներ գտնել։ Քաղաքական գործիչն ու վերլուծաբանը դեռ հույս ունի, որ Արցախի փոխվող ղեկավարությունը կկարողանա ինչ–որ լուծումներ գտնել ու իր ձայնը լսելի դարձնել միջնորդների համար։
Նախորդ գումարման Աժ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը կարևոր է համարում հասկանալ, թե ինչ ձևով կարելի է փոխել օրակարգը։ Կոնկրետ Սիրիայի օրինակով է ներկայացնում, թե ինչպես էր ՄԱԿ–ի տարբեր ենթակառույցների միջոցով՝ կառույցի հստակ որոշումով օգնություն մատակարարվում Սիրիայի պաշարված հատվածներ։ Բացի Արցախից և այսպես կոչված «անկլավներից» նախկին իշխանական պատգամավորը շեշտում է նաև մեկ այլ նպատակ, ինչի համար Ադրբեջանը պատրաստ է գնալ ագրեսիայի։
«Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը Արցախը դիտարկելն է նաև Սյունիքի շրջանակներում, Զանգեզուրի շրջանակներում, որովհետև Արցախի՝ ադրբեջանական օրակարգում կարևորությունը պայմանավորվում է նաև նրա՝ Սյունիք դուրս գալու և Սյունիքի միջոցով համապատասխան ճանապարհ ապահովելու գործոնով։ Այս առումով մենք պետք է և պարտավոր ենք դիտարկել Արցախը և Սյունիքը, բնականաբար, նաև Հայաստանը՝ որպես մեկ անվտանգային համակարգի մաս։ «Խաղաղության օրակարագը» պետք է լինի դոմինանտ մնացած բոլոր օրակարգերի նկատմամբ։ Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի զիջել զիջելու համար, զիջել հանուն հետ գնալու։ Կան «կարմիր գծեր», որոնք հատել չի կարելի։ Այդ «կամիր գծերից» այն կողմ այլևս ոչինչ չկա։ Ես լի եմ հավատքով դեպի այն, որ մենք դեռ ունենք հնարավորություն»։
Բայց հնարավորությունները ճիշտ օգտագործելու համար վերլուծաբանները պնդում են, որ անհրաժեշտ է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլև Սփյուռքի ակտիվ և համախմբված աշխատանքը։ Հաջողության համար, ըստ վերլուծաբանների՝ անհրաժեշտ է նաև ճիշտ կողմնորոշվել և ճիշտ լուծումներ գտնել։
Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագրի» շուրջ 70%–ը արդեն պատրաստ է, մինչդեռ միջնորդները բացահայտել են, որ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները դեռ մնում են շատ հեռու և անզիջում։