«Մեր քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, այսինքն՝ ես»․ 7-րդ քվեաթերթիկը «Ազգային առաջընթաց»–ինն է
«Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է» կարգախոսով Երևանի 14-րդ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 13-րդ քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակում նաև քաղաքապետարանի նախկին աշխատողներն են, որոնք, ինչպես Մարությանն է ասում, գալիս են կիսատ թողած գործն ավարտելու։ Կուսակցության թիրախում Երևանի աղբահանության, կանաչապատման, տրանսպորտի ու անվտանգ միջավայրի կողքին նաև անպայման մայրաքաղաքում իշխանափոխության հասնելն է։
«Ռադիոլուրը» շարունակում է ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին․ հերթը 7-րդ քվեաթերթիկով հանդես եկող «Ազգային առաջընթաց» կուսակցությանն է։
Ինչպես իրենք են ասում՝ կիսատ թողածը շարունակելու ու ավարտելու համար Երևանի 14-րդ քաղաքապետը դառնալու համար պայքարում է նաև Երևանի 13-րդ ղեկավարը, որը միակն է, որ պաշտոնը լքել է իշխանական անվստահության պատճառով։
Ավագանու ընտրություններից շուրջ 1.5 ամիս առաջ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ արդեն քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը բացեց թերևս նախընտրական ամենամեծ գաղտնիքն ու հայտարարեց, որ որոշել է մասնակցել առաջիկա ընտրություններին։ 2021-ին «Քաղաքացիական պայմանագրից» հեռացած ու արդեն անկուսակցական Մարությանը 2023-ի ընտրություններին գալիս է մասնակցելու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակով։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ձևավորվել է 2018-ի հոկտեմբերին՝ հեղափոխությունից մի քանի ամիս անց։ Կուսակցության նախաձեռնող խմբի անդամների կազմում են մի շարք քաղաքացիական շարժումների մասնակիցներ»։
Հանրությանը անծանոթ, թերևս քաղաքական ակտիվ կենսագրություն չունեցող կուսակցությունը նախընտրական քարոզչությունը առաջնորդի՝ Հայկ Մարությանի անձի շուրջ է կառուցում։
«Մենք ներկայացնում ենք «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, մեր քաղաքապետի թեկնածուն է Հայկ Մարությանը, այսինքն՝ ես»։
Բակային հանդիպումների ընթացքում քաղաքապետի թեկնածուն հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին։
Նախկին քաղաքապետը նոր քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 69 հոգանոց թիմով։ «Ազգային առաջընթացի» ընտրացուցակում պոլիկլինիկայի փոխտնօրենի, դասախոսների ու մարզիչի կողքին նաև շուրջ 4 տասնյակ գործազուրկներ են․ ի դեպ՝ ըստ ԿԸՀ ներկայացրած ցուցակի, այս պահին աշխատանք չունի նաև Հայկ Մարությանը։
«Մեր թիմը նույն թիմն է, որը աշխատել է Երևանի քաղաքապետարանում, նկատի ունեմ գործադիրի թիմը, և այդ թիմով իհարկե ավելացնել են նոր ու լավ մասնագետներ ու այդ թիմով գալիս ենք շարունակենք կիսատ թողած, սկսած գործերը»,– ասում է քաղաքապետի թեկնածուն։
Մարությանի գլխավորած ընտրացուցակում է ավագանու նախկին անդամ Գրիգորի Երիցյանը, որը ավագանու անդամի մանդատը վայր դրեց այն բանից հետո, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնեց։ Ընտրացուցակի երրորդ համարը, որը օրենքով նախատեսված կարգով պետք է կին լինի, Մարությանի օրոք և այժմ էլ գործող ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն է։ «Ազգային առաջընթացի» կազմում ավագանու անդամի տեղի համար պայքարում են նաև բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբաթյանը։ Վերջինս հիմա կուսակցության նախընտրական շտաբի մամուլի պատասխանատուն է։
«Մենք չունենք օլիգարխներ, չունենք լրատվամիջոցներ, չունենք տարբեր պետությունների հովանավորում, բայց ունենք ձեզ, սիրելի երևանցիներ, դուք եք մեր թիմը»։
Երևանցիներին իր թիմակիցը համարող առաջնորդը համոզված է՝ ընտրողները, իր 3 տարվա աշխատանքը աչքի տակ ունենալով, վստահելու են իրենց ու հնարավորություն են տալու շարունակելու աշխատանքը։
«Մենք բակային հանդիպումներ ենք ունենում, ու մարդկանց մեծամասնությունը և՛ վստահում է և շատ ուրախ է, որ այս ընտրությունները ինչ որ մի իմաստ են ձեռք բերել այն իմաստով, որ կա այն թիմը, այն ուժը, որը կարող է հաղթել, և որին իրոք վստահում են»,– կարծում է Հայկ Մարությանը։
Հիմնական նպատակը Երևանում իշխանություն փոխելն է՝ հայտարարում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Վստահ են՝ կարողանալու են ձայների կեսից ավելին ստանալ։
«Եվ միանգամից կկազմենք քաղաքային իշխանություն։ Եթե ոչ, ապա մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք չենք համագործակցելու ՔՊ–ի հետ և նախկին իշխանությունների հետ, մնացած տարբեակները քննարկելի են»։
«Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է» կարգախոսով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը երևանցիներին 42 էջանոց նախընտրական ծրագիր է առաջարկում․ ուշադրության կենտրոնում աղբահանությունը, կոշտ թափոնների կառավարումը, հետո կանաչապատումը, հանրային տրանսպորտը, քաղաքային պլանավորումը, քաղաքային միջավայրի անվտանգությունն են։
«Մնացած բոլոր խնդիրնեը ածանցվում են սրանցից․ ինչպես ենք լուծելու այս խնդիրները, ասեմ՝ հերթականությամբ»,– վստահեցնում է Մարությանը։
«Ազգային առաջընթացը» հին քաղաքապետով նոր քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 7-րդ քվեաթերթիկով։