
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ այսօր հանդիպել է Արմավիրի մարզի ցրտահարությունից տուժած Բաղրամյանի տարածքի համայնքների ղեկավարների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, որոնք ներկայացվելու են կառավարության առաջիկա քննարկմանը: Փոխվարչապետը նշել է, որ տուժած գյուղացիներին աջակցության կարգով կտրամադրվեն բանջարա- բոստանայինմշակաբույսերի սերմեր, սելավատարներից ինքնահոս եղանակով կտրվի ոռոգման ջուր, լրացուցիչ քանակությամբ պարարտանյութ և դիզվառելիք:
Երկարատև պահպանված ցուրտն արդեն իր սև գործն արել է. երկու օր է, ինչ ցերեկային ժամերին ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է և նկատելի է դառնում ծառերի սևացած ծաղիկները, որոնք ցրտահարվել են, և փշրվում- թափվում են, մի քանի օրից ծառերը կրկին կմերկանան: Հացիկ գյուղի բնակիչ Սուրեն Դավթյանի 23 տարի առաջ հիմնած դեղձի և ծիրանի 1 հա այգին, սեփականատիրոջ խոսքով, 95 տոկոսով վնասվել է, բերք չի ունենալու, սակայն այգիները պահպանելու նպատակով պետք է ժամանակ առ ժամանակ ոռոգել և բուժել:
Մարզի մյուս գյուղերի պտղատու այգիներում դարձյալ նույն տեսարանն է: Ցրտահարված գյուղացիական տնտեսությունների խնդիրներին տեղում ծանոթանալու և գյուղացիներին աջակցելու նպատակով այսօր Բաղրամյանի տարածքի գյուղապետերի հետ հանդիպեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետի խոսքով` ցանկանում է սկզբնաղբյուրից տեղեկանալ գյուղացու հոգսերին և դրանց հնարավորին չափով լուծում տալ: Հատկապես աջակցության կարիք ունեն պտղի այգիների սեփականատերերը, որոնք այս տարի պտուղը կփոխարինեն բոստանով և բանջարեղենով:
Տուժած գյուղացիների կրած վնասները մեղմացնելու նպատակով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս տարի նրանց կառաջարկվի մարզի չօգտագործված վարելահողերը դնել շրջանառության մեջ, գյուղացիներին կտրամադրվեն բանջար- բոստանային մշակաբույսերի սերմեր: Կարևորվեց նաև ոռոգման ջրի հարցը, որը սելավատարներից կմատակարարվի ինքնահոս եղանակով: Իսկ հատկացվող վարելահողերն էլ պետք է ջրդի լինեն և ավելորդ հոգս չդառնան գյուղացու համար:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ գյուղացիներին ըստ պահանջի կհատկացվեն սերմեր, պարարտանյութ և դիզվառելիք: Արմավիրի մարզում 7000տ պարարտանյութի պահանջարկից արդեն ներկրվել է 3500 տոննան: Գյուղապետերը առաջարկեցին ավելացնել պարարտանյութերի քանակը, կարգավորել ոռոգման ջրի խնդիրը, վերանայել վարկերը, ինչպես նաև բարձրացրեցին սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքերի հակակարկտային կայանների տեղադրման խնդիրը: Այս համայնքների օդային տարածքը համարվում է միջազգային ավիափոխադրման միջանցք, ինչի պատճառով գյուղերում տեղադրված հակակարկտային կայնները հանվել են։
Տուժած գյուղացուն յուրաքանչյուր աջակցությունն էլ մատից փուշ հանել է: Մյասնիկյանցի Անդրանիկ Ասլանյանի 10 տարվա 0,5 հա տարածություն ընդգրկող ծիրանի այգին լրիվ վնասվել է։ Նա այսօր ողջունեց կառավարության աջակցությունը. «Եթե կառավարությունը հնարավորություն կունենա գյուղացուն օգնելու` դա շատ լավ կլինի, եթե չէ` գոնե հետաձգի վճարների մարումը»,- ասաց։
Ուժեղ քամին բացի գյուղացիական տնտեսություններից վնասել է նաև շենք-շինությունները, որոնք կվերականգնվեն մարզերի հրատապ խնդիրների լուծում պահանջող 5-րդ ծրագրի շրջանակներում:




