ԿարևորՔաղաքական

Ինչի՞ մասին է Արցախի ներքաղաքական աղմուկը․ Արցախը նախագահ կընտրի 3 օրից  

Արցախում նշանակվել է Հանրապետության նախագահի ընտրության օրը ԱԺ–ում։ Արցախն առաջին անգամ է կիրառելու վերջերս փոփոխված Սահմանադրության դրույթը, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։ Քանի որ ուղիղ ընտրություն այս պահին Արցախում կազմակերպել հնարավոր չէ, երկրի ղեկավարին ընտրելու է խորհրդարանը։ Լուծումն այս տարվա գարնանն առաջարկվել, իսկ ամռանն ընդունվել էր՝ առաջիկա հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները հաշվի առնելով։ Ընթացակարգի համաձայն՝ սեպտեմբերի 8-ին խորհրդարանը կհրապարակի թեկնածուի կամ թեկնածուների անունները, իսկ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը: «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ՝ ինչ իրավիճակ է պաշարված նախընտրական Արցախում և ինչ խնդիրներ կարող են լուծել Արցախի նախագահի հրաժարականն ու նոր նախագահի ընտրությունը։

Արցախի խորհրդարանում ներկայացված ուժերը դեռ երկու օր ունեն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 7–ն է։ Այս պահի դրությամբ որևէ թեկնածու առաջադրված չէ․ ներքին քննարկումներ են ընթանում, իսկ թեկնածուների շրջանառվող անունները ոչ պաշտոնական են։

Մինչև այս պահը հավանական թեկնածուներից մեկը համարվող Սամվել Բաբայանը, որը խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդն է, արդեն հստակեցրել է, որ չի առաջադրվելու, իսկ իր ղեկավարած քաղաքական ուժը կմասնակցի խորհրդարանի նիստին, բայց չի քվեարկի որևէ թեկնածուի օգտին։ Ընտրության օրը Բաբայանը նախընտրել է լինել ոչ թե խորհրդարանի շենքում՝ թեկնածուի, այլ՝ ակցիայի մասնակիցների շարքերում՝ պահանջողի կարգավիճակում։        

«Բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն, անմիջապես կրելու են այն պատասխանատվությունը, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են, շատ լուրջ պատասխանատվություն, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն»։

Արցախի ներքաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող Տիգրան Պետրոսյանը, ով զբաղեցնում է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնը, սոցիալական ցանցում իր վերջին  գրառմամբ շրջանառության մեջ է դրել նոր անուն, որը մինչև այժմ չի շրջանառվել։ Անդրադառնալով խնդրին, որ նախապատերազմյան շրջանում ձևավորված խորհրդարանը հետպատերազմյան շրջանում  չի արտացոլում Արցախի ներքաղաքական իրական պատկերը, բայց գործում է ու որոշումներ ընդունում, Պետրոսյանը նույն տրամաբանությամբ հիշեցրել է Արցախի նախագահի վերջին ընտրությունների պատկերը․

«Ընտրությունների արդյունքում կային նաև նախագահի թեկնածուներ, որոնք ժողովրդի կողմից բավականին մեծ վստահություն ստացան, նույնիսկ երկրորդ փուլ անցան։ ԱԺ պատգամավորները միայն մեկ տրամաբանական քայլ ունեն անելու՝ ընտրել ժողովրդի կողմից շատ քվե ստացած մարդուն, մեր պարագայում՝ Մասիս Մայիլյանին։ Մնացած բոլոր սցենարները կբերեն հանրության բևեռացմանը և քաղաքացիական պատերազմի, իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են հենց այդ նույն պատգամավորները»:

Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը հերքել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հիմնավորելով, որ ինքն իրեն չի համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով:

Արցախի նախագահի պաշտոնի համար ամենահավանական թեկնածուի անունը թերևս կապված է պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին նշանակման հետ։ Պետնախարարի պաշտոնում ընդլայնված լիազորություններով նշանակված Սամվել Շահրամանյանի անունը ամենաշատն է շրջանառվում։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է համարվում, նրա պաշտոնավարման տարիներին է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն եղել։ 

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչ նախընտրական և հետընտրական զարգացումներ կարող են լինել Արցախում առաջիկա օրերին։

«Իրականում պետք է հասկանանք, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Արցախում գործող բոլոր քաղաքական խմբերն էլ, չասեմ կուսակցությունները, որովհետև խմբերի մասին է խոսքը, ունեն սեփական մոտեցումները և ճգնաժամի հանգուցալուծման տեսլականը՝ հաջողության հասնելու առումով։ Բայց իրականում նրանք սա պայմանավորում են միայն ու միայն սեփական թեկնածուների՝ Արցախի նախագահի պաշտոնում լինելու հանգամանքով։ Այնուամենայնիվ, այսօր Արցախում ձևավորված իրավիճակը հանգուցալուծելու առումով չկան որևէ կոնկրետ առաջարկներ, կան ընդամենը ընդհանրական պատկերացումներ»։

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն արդեն արձագանքել են Արայիկ Հարությունյանի հրաժարականին և սպասվող ընտրություններին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ պարզապես ուրախ է Հարությունյանի հրաժարականի կապակցությամբ, ապա Սերժ Սարգսյանը գնահատել է նաև Շահրամանյանի հնարավորությունները ենթադրյալ նոր պաշտոնում․

«Այո, անձամբ ճանաչում եմ։ Քանի որ շատ երիտասարդ է, շատ մոտ հարաբերություններ չեն եղել, բայց ես կարծում եմ, ինքը լավ ճանապարհ է անցել։ Համեստ, երիտասարդ, հավասարակշռված ղեկավար է»։  

Այն, որ Արցախը այս պահին առանձնապես նոր լուծումների հնարավորություն չունի, նշում է վերլուծաբանների մեծ մասը։ Բայց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը առանձնացնում է ևս մեկ հնարավոր վտանգ․

«Ես որևէ նախադրյալ չեմ տեսնում դրական զարգացումների համար։ Ավելին՝ կարծում եմ մի շարք խնդիրներ են ի հայտ գալու։ Բոլոր խնդիրներով հանդերձ, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանի կառավարությունն ինչ–որ աշխատանքային ռեժիմի մեջ էր գտնվում Հայաստանի կառավարության հետ, այսինքն՝ ինչ-որ մինիմալ հարցերի շուրջ աշխատանք տարվում էր, ինչ-որ լուծումներ էին գտնվում։ Այս մարդիկ բոլորը խիստ ընդդիմադիր կեցվածք ունեն Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Դա իրենց իրավունքն է, իհարկե, բայց պետք է հասկանալ, որ առանց Հայաստանի աջակցության Արցախում իրավիճակը շատ ավելի բարդ է լինելու։ Խոսքը ոչ միայն հումանիտար աջակցության մասին է, այլ նաև՝ դիվանագիտական։ Եթե լուրջ տարաձայնություններ լինեն Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև, շատ բարդ է լինելու ինչ-որ արդյունքների հասնել»։  

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով՝ հեռանալու հարցում Արայիկ Հարությունյանի համար որոշիչ էին ոչ թե իր նկատմամբ գործադրվող ճնշումները, այլ՝ ճգնաժամը լուծելու հարցում վատի և վատթարագույնի միջև մոտալուտ որոշում կայացնելու հեռանկարը։

«Մենք չունենք ռեալ ընտրություն։ Ունենք պարզապես հնարավորություն ժամանակը ձգելու և հույսներս ինչ-որ հրաշքի վրա դնելու, աշխարհաքաղաքական իրողությունների՝ մեր օգտին փոփոխության վրա դնելու։ Բայց այդ ժամանակը շատ կարճ է։ Ունեցած ռեսուրսները պարզապես սպառվում են ամբողջությամբ, և դա արդեն բերում է աղետի ։ Կարծում եմ, որ Արցախի նախագահի հրաժարականը պայմանավորված է եղել առաջին հերթին հենց այս ընտրությունից խուսափելու ձգտումով։ Պետք է հասկանանք, որ շատ բարդ է, բոլորն էլ գիտակցում ու հասկանում են ստեղծված իրավիճակի բարդությունը, և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կստանձնի որոշում կայացնելու պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այդ որոշման հետևանքների պատասխանատվությունը։ Ստեղծված իրավիճակում շատ բարդ է ծայրահեղությունների միջև ընտրություն կատարելը»։

Արցախը առաջին անգամ է կիրառելու վերջերս փոփոխված Սահմանադրության  այն դրույթը, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։ Արցախի նախագահը կընտրվի խորհրդարանում պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Այս պահին Արցախի ԱԺ–ում ներկայացված 3 խմբակցություններից մեկն արդեն հայտարարել է քվեարկությանը չմասնակցելու որոշման  մասին։ Ենթադրություն կա, որ քաղաքական ուժերը փորձում են ընտրությունը կազմակերպել մեկ փուլով՝ միասնական թեկնածուով՝ հետագայում կոլեգիալ որոշումներ կայացնելու պայմանով։ Այս հարցերի մասին պաշտոնական դիրքորոշում հայտնել Արցախի խորհրդարանականները չեն շտապում։

Back to top button