ԿարևորՀասարակություն

Գորիսում հիմնանորոգվեց 57 տարի առաջ կառուցված մանկապարտեզը, իսկ Կապանում 37 տարի անց կառուցվեց նորը

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ Գորիսում, համայնք-մասնավոր գործակցությամբ էլ` նորակառույց մանկապարտեզ Կապանում։ Եթե Գորիսի մանկապարտեզը չէր հիմնանորոգվել 57 տարի, ապա Կապանում՝ վերջին 37 տարում նախակրթարան չէր կառուցվել։ Երկու մանկապարտեզն էլ այս ուսումնական տարում դռները բացել են իրենց սաների առաջ։

Մարիետա Մարտիրոսյանը արդեն 32 տարի է, ինչ Գորիսի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենն է։ Հիշում է մանկապարտեզի բոլոր սաներին։ Այստեղ է հաճախել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ «Չարաճճի երեխա էր»՝ անկեղծանում է տիկին Մարտիրոսյանը․

«Շատ չարաճճի էր, բայց բնավարության մի հետաքրքիր գիծ ուներ, երբ բերում էին մանկապարտեզ, մտածում էր՝ թե բոլորին պիտի տանի իրենց տուն։ Դաստիարակներին, դայակներին ասում էր՝ եկեք, գնանք մեր տուն»։

Տասնամյակներ անց մանկապարտեզի նախկին սանը՝ Գորիսի համայնքապետը, Սյունիքի մարզպետի հետ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված նախակրթարանի մուտքն երիզող ժապավենն է կտրում։ 1966 թվականին կառուցված մանկապարտեզը 90-ականներին մի քանի անգամ հրետակոծվել էր ու մինչև հիմա չէր նորոգվել։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է, որի 80 տոկոսը՝ 178 մլն դրամը, կառավարության ներդրումն է։ Նորոգումից հետո մանկապարտեզ կարող է հաճախել 180 երեխա, նախկին 120–ի փոխարեն։

Ինչպես այս, այնպես էլ Գորիսի այլ նախակրթարաններ են հաճախում նաև Արցախից տեղահանաված ընտանիքների երեխաները։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյան․ «Մենք այս տարի 10– ից ավելի նոր խմբեր ենք ստեղծել, նոր աշխատատեղեր, 200-ից ավելի երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն են ստացել»։

Այս մանկապարտեզը միակը չէ, որ նորոգվել է․ պետություն-համայնք, համայնք–մասնավոր համագործակցությամբ Գորիս համայնքում նորոգվում են է ևս 5 նախակրթարան։

Համայնք–մասնավոր գործակցությամբ վերջին 37 տարում առաջին անգամ Կապանում ևս նոր մանկապարտեզ է կառուցվել։ Կապանի քաղաքապետարանը դիմել էր կառավարություն՝ խնդրելով տրամադրել թիվ 1 դպրոցի մասնաշենքերից մեկը՝ նախակրթարան կառուցելու համար։ 360 մլն դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Քովիդի համաճարակն ու 44-օրյա պատերազմը հետաձգեցին կառույցի շինարարությունը․ միայն այս ուսումնական տարում հնարավորության եղավ այն շահագործման հանձնել։

Կապանի թիվ 3 ՆՈՒՀ-ի տնօրեն Մոնիկա Թևանյան․ «ՆՈՒՀ-ը նախատեսված է մինչև 184 երեխայի համար, այս պահին գործում է 7 խումբ՝ համապատասխանաբար 160 երեխայով։ Համալրված է ժամանակակից սարքավորումներով և նախադպրոցական տարիքի երեխաների չափորոշիչներին համապատասխան գույքով»։

Նոր մանկապարտեզ ունենալը քաղաքի համար օրակարգային էր դարձել՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, կարևորելով նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը․ ստեղծվել է 34 նոր աշխատատեղ։ Համայնքի ղեկավարը կրկին դիմել է կառավարությանը՝ նոր խնդրանքով․

«Մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի մեզ հատկացնեն դիմացի դաշտը, որպեսզի կառուցենք սպորտդպրոց։ Եթե նպատակները իրականություն դառնան, ապա մենք արդյունքում քաղաքի այս հատվածում կկազմակերպենք և կապահովենք երեխաների  ուսւոմնադաստիրակչական ողջ պրոցեսը»։

Նոր նախակրթարանի հետ Կապանում այժմ գործում է 16 մանկապարտեզ։

Back to top button