Արցախում հացի խնդիրը մեղմելու համար ալրաղացներում կկիրառվեն սահմանափակումներ
Արցախում ալյուրի սղության պատճառով առաջացած հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է,նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը ։
Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։Պայքարը միայն պատերազմը չէ ,սա էլ պայքար է ,որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ»,- նշված է հաղորդագրությունում։