ԿարևորՀասարակություն

Տոնական միջոցառումների փոխարեն՝ հացի հերթեր․ արցախցիները պատմում են՝ Ստեփանակերտը երբեք այսքան տխուր չի եղել

Արցախի անկախության կամ Հանրապետության հռչակման տոնը Արցախում ու Ստեփանակերտում  նախ՝ Հանրապետական աղոթքով հետո հուսահատությամբ, կյանքի համար պայքարով, բայց նաև լավատեսությամբ են սկսել։ 32 տարի առաջ Արցախի ժողովուրդն իր կամքը հայտնել է՝ ապրել խաղաղ ու անկախ հայրենիքում, իսկ այսօր ստիպված է նույն այդ հայրենիքում ամեն օր կյանքի ու մահվան կռիվ տալ ու օրվա հաց հայթայթել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում արցախցիները պատմում են՝ Ստեփանակերտը անկախության օրը երբեք այսքան միայնակ, տխուր ու անգույն չի եղել․ տոնական միջոցառումների փոխարեն՝ հացի հերթեր են, շնորհավորանքների փոխարեն էլ՝ աղոթքներ։

Անկախության օրը օրվա հացի փնտրտուքով է սկսվել՝ հուզված բայց նաև օրվա խորհրդով մի փոքր ոգևորված ասում է Արցախի Նորագյուղի բնակչուհին։ Տիկին Արմինեի տանը տոնական օրը անտրամադիր են սկսել, ասում է՝ սիրտ չունենք տոնելու, բայց արցախցուն հատուկ լավատեսությունը դեռ կա։

«Բոլորս էլ ոնց որ միակողմանի կոտրված լինենք, սպասում ենք, տեսնենք օրվա հացը որտեղից են հայթայթում, որ գոնե երեխաները մի բան ուտեն։ Արցախցու ոգին անկոտրում է, միշտ հույսով սպասում են, անկախությունը մեզ համար մնում է անկախություն էլի 32-րդ ամյակի օրը մեզ համար մնում ա հաղթական, բայց դե բոլորս էլ անտրամադիր ենք կապված էս վերջին իրադարձությունների ու զոհերի հետ»,– պատմում է արցախցի Արմինեն։

Ցեղասպանության վտանգի առաջ, առանց սննդի, առանց կենսական անհրաժեշտության ապրանքների ու առանց արտաքին աշխարհ հետ կապի․․․ Արցախում այսպես են նշում հանրապետության հռչակման 32-րդ ամյակը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում արցախցի Մարգարիտան պատմում է՝ առավոտյան տանը իրար շնորհավորել են, չնայած դժվար է առիթը հասկանալը։

«Երեխաներս արդեն մի փոքր գիտակից են, հարցնում են՝ բա մամ ինչի համար ենք իրար շնորհավորում, բացատրեցի, հիշեցին, թե ինչի համար էինք, օրինակ, նախորդ տարիներին գնում տոնական միջոցառումների, շնորհավորեցինք ու յուրաքանչյուրս դուրս եկանք տնից մեկը աշխատանքի, մյուսը՝ մսի, մյուսը՝ հացի հերթի, կարտոֆիլի, քանի որ մեր առօրյայի մեծ մասը հենց հերթերի մեջ ա անցնում»։

Ստեփանակերտը անկախության օրը երբեք այսքան դատարկ ու տխուր չի եղել՝ ասում է զրուցակիցս, ժպիտներ չկան, եթե կան էլ միայն հիշողությունների մասին ժպիտներ են։

«Յուրաքանչյուր պատահած արցախցու եթե հարցնեք, ինչ է ուզում այսօր, կասի՝ ազատ ու անկախ Արցախ, առանց պատերազմի Արցախ ու միայն Արցախն ենք ուզում, ուրիշից հող չենք ուզում, ոչ մեկի տարածքը չենք ուզում, օգնությունը չենք ուզում, պարզապես ուզում են ապրենք մեր Արցախում, հայկական Արցախում»,– ասում է Մարգարիտան։

Առավոտից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում էին հավաքվել արցախցիները։ Եկեղեցում Հանրապետական մաղթանք– աղոթք էր հնչում, որից հետո հանրապետության հռչակման առթիվ նաև հիշատակի երթ է կազմակերպել։ Այս պահին Երևանում ապրող արցախցիները, պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն էլ օրը Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց էին սկսել։ Հենց այնտեղ լրագրողների հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ընդգծեց՝ անկախությունը առաջին հերթին երջանիկ ապրելու փաստն է, որը վավերացվում է ժողովրդի ու նահատակների կողմից։

«Անկախությունը բոլորի կողմից ընդունված և ազգին դեպի հավիտենականություն տանող երևույթ է, և մենք էլ ողջունում ու շնորհավորում ենք ամենքիս, մեր նահատակ եղբայրներին ու ապրողներին, ովքեր վաստակ ունեն, վաստակել են անկախությունը իրենց քրտնաջան ծառայությամբ։ Մենք չհասկացանք որ հաղթանակը և անկախությունը մի մեծ գանձ է, և մեր սրտերը պետք է միշտ այդ գանձի հետ լինեն և պահեն ու պահպանեն միասնականությամբ։ Եվ մենք չպահեցինք, դրա համար էլ այսօր չարը որոշել է, որ անկախությունը պետք չէ արցախահայությանը»,– ասում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախահայությունն արդեն ավելի քան 9 ամիս դիմակայում, դիմադրում ու տոկունության դաս է տալիս աշխարհին՝ ասում է Արցախի արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանը: Արդեն 3-րդ տարին է, որ արցախցին այս օրը այլ տրամադրությամբ է անցկացնում և առաջին տարին է, որ Արցախի անկախության օրը մենք ապրում ենք շրջափակման մեջ՝ ընդգծել է նախարարն ու հույս հայտնել, որ նորից կարողանալու են այս օրը տոնել հենց Արցախում։ Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է նաև Աղդամից Ստեփանակերտ օգնություն ստանալու Ադրբեջանի առաջարկին։

«Մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք, և մեր պաշտոնական հայտարարություններում ևս նշված է, որ որևէ փորձ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է։ Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է»։

Արդեն շուրջ 40 օր Արցախի դարպասների դիմաց՝ Կոռնիձորում կանգնած են Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող շուրջ 2 տասնյակ բեռնատարները, որոնց օրերս միացավ նաև Ֆրանսիայից ուղարկված օգնությունը։ Ադրբեջանը ավելի քան 1 ամիս թույլ չի տալիս հայկական օգնությունն Արցախ հասցնել, փոխարենը սեփական այսպես կոչված «օգնությունն» է առաջարկում Աղդամից։ Մենք մեր անկախությունը մինչև վերջ պահպանելու ենք․ «Ռադիոլուրի» արցախցի զրուցակիցն ասում է՝ ավելի լավ է սովամահ լինենք, բայց թշնամուց օգնություն չենք ընդունի։

«Մենք ավելի լավ է առանց հաց մնանք, քան իրենց մեկնած հացն ընդունենք։ Մենք մեր երեխաներին էլ ենք այդպես դաստիարակել, որ ավելի լավ է մի կերպ առանց հաց դիմանան, քան ուրանան հայրենասիրությունը։ Բացառված է, որ իրենց ալյուրը մուտք գործի Արցախ․ մենք խիզախությամբ ենք տրամադրված, անկախ նրանից ղեկավարությունը ինչ կորոշի, ժողովուրդը օգնություն չի ընդունի»,-ասում է Արմինե Հայրապետյանը։

Այնուամենայնիվ տոնական օրվա արցախյան զրույցը լավատեսությամբ, մաղթանքով, անկախության հույսով ու ժպիտով է եզրափակվում․

«Աստված տա՝ մեր հարցը մի կերպ լուծվի ու դեռ անկախություններ հաղթանակներ դեռ շատ նշենք․ դա լինի Շուշիի անկախությունը, հաղթանակը, Հադրութի հաղթանակը։ Ուզում եմ չկոտրվենք ու միշտ հաղթական ոգով լցված լինենք․․․»,-եզրափակում է արցախցի կինը։

Back to top button